«Նիկոլը թող գնա Կրեմլի կարիդորում քնի, ոչ թե մի օր Սիսիան գնա՝ խորոված ուտելու, մի օր՝ Տավուշ». ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացի

Ազգային ժողովի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացնող՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին միացել էր միջին տարիքի մի տղամարդ, որը ցանկանում է մեկնել Ռուսաստան, որպեսզի մասնակցի իր աղջկա նշանադրության արարողությանը, սակայն սահմանների փակ լինելու պատճառով չի կարողանում:

«Ընտանիքս գտնվում է Մոսկվայում, ես ուզում եմ գնամ, որովհետև աղջկաս նշանդրեք պետք է անեմ, ու այսօր ճանապարհները փակ է: Եթե տնտեսական վնասներն ես հաշվում Ռուսաստանի հետ կապված՝ տարեկան վնասները կազմել է 1 միլիարդ 800 միլիո դոլար, որն այս տարի չի եկել Հայաստան, 250.000 հոգի չի գնացել խոպան, իսկ այդ 250.000 հոգու հացը, ջուրը, կոմունալ ծախսերը ձմեռը ո՞վ է տալու, թող պատասխան տան, ուզում է՝ Նիկոլը պատասխան տա, ուզում է՝ այս ճտանոցից (ցույց է տալիս ԱԺ-ի շենքը.- Ն․Խ․) դուրս գան պատասխան տան, ով ուզում է լինի, թող պատասխան տա»,- ասաց նա:

Տղամարդու խոսքով՝ 6 ամիս է՝ սպասում էր, որ արտակարգ դրությունն ավարտվի, որ մեկնի Ռուսաստան, սակայն այսօր կրկին փաստի առաջ է կանգնել.

«Ինչքա՞ն սպասեմ, մինչև ե՞րբ, ժամկետ ասեք, թող Նիկոլը գնա Կրեմլի կարիդորում քնի, ոչ թե մի օր Սիսիան գնա՝ խորոված ուտելու, մի օր Տավուշ գնա՝ խորոված ուտելու, էլ ո՞նց ասեմ: Չեմ ուզում վիրավորական հայհոյանքներ տամ, բայց թող շատ զգույշ լինի: Ես երբեք հեռուստատեսությամբ չեմ խոսել, բայց սա այն պահն է, որ մենք շատ բան կարող է կորցնենք, շատ բան: Տանում է նրան, որ ժողովուրդը բաժանվի 2 մասի՝ ռուսամետներ և արևմտամետներ: Թող գնան՝ պասոլի մոտ են գնում, Պուտինի մոտ են գնում, թող գնա Կրեմլի կարիդորներում քնի, նորից եմ ասում, բայց այս հարցին թող լուծում տա Նիկոլը: Հայաստանի գլոբալ քաղաքականությանը մեծ վնաս է հասցնում, ինքը չի հասկանում, թե ինչ է անում: Գոնե մի բան ասի, այն միտինգների վախտ ասում էր՝ լավ է լինելու, անցած տարի էլ ասում էր՝ այ սենց երկիր եմ սարքելու, դե ասա, ո՞ւր է դա: Այ սենց երկիրն ո՞ւր է, կամ այդ լավ լինելը ո՞րն էր, մի քայլ գոնե ասա, որ լավ ես արել, 2 տարվա մեջ 10.000 դրամ բարձրացրել է թոշակ կամ աշխատավարձ, դա Սերժն էլ էր անում: Ես ոչ՝ սերժական եմ, ոչ քոչարյանական, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ՝ ուղղվածությամբ սոցիալիստ, դա էլ ասեմ, թող լսի: Սոցիալական ապահովության մասին չի մտածում, երեխեքի մասին… կներեք արտահայտությանս համար՝ բարդակ վիճակ է, բարդակ, չի՛ կարելի այսպես»:

Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ այս քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում տարբեր գերատեսչությունների կառույցների դիմաց՝ պահանջելով, որպեսզի հստակ պատասխան տան իրենց՝ արդյոք ռուսական կողմի հետ բանակցո՞ւմ են սահմանները բացելու շուրջ, եթե այո, ապա ո՞ր փուլում են բանակցությունները:

Նրանց հետ այս ընթացքում հանդիպել են ԱԺ 3 խմբակցությունների ներկայացուցիչները, սակայն հստակ բան չեն խոստացել: Հանդիպել էր նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, սակայն նա ասել էր, որ բանակցություններն ընթանում են, սակայն որոշում կայացնողն ընդունող երկիրն է, տվյալ պարագայում՝ Ռուսաստանը:

Վերջին անգամ էլ, երբ քաղաքացիները շուրջ 7 ժամ բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի դիմաց, կառավարության որևէ ներկայացուցիչ նրանց չմոտեցավ, ուստի քաղաքացիները տեղեկանալով, որ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել, քայլերթով շարժվեցին դեպի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ մի քանի ժամ սպասելուց հետո, տեսնելով, որ պատգամավորները չեն իջնում իրենց հետ հանդիպելու, իրենք բարձրացան գրասենյակ:

Նշենք, որ պատգամավորները հանդիպեցին ակցիայի մասնակիցների հետ, սակայն թույլ չտվեցին, որպեսզի լրագրողներն այն լուսաբանեն: Ավելի ուշ քաղաքացիները դուրս գալով հանդիպումից՝ տեղեկացրին, որ գոհ չեն քննարկումից, ինչի ապացույցն էլ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիան է:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս