«Առաջարկում եք, որ կորոնավիրուսի թվերը քիչ ներկայացնե՞նք». Զոհրաբ Մնացականյանը՝ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացուն
Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացրած ՀՀ քաղաքացիները, որոնք պահանջում են իրենց թույլ տալ մեկնել Ռուսաստանի Դաշնություն, ստորագրահավաք իրականացրեցին, որին 120 քաղաքացի միացավ: Ակցիայի մասնակիցներն ասացին, որ իրականում մեկնել ցանկացող քաղաքացիների թիվը 2000-ից ավելի է, պարզապես նրանց մի մասը մարզերում են բնակվում, և ամեն անգամ չեն կարող գալ Կառավարության շենքի մոտ:
Նրանց խոսքով, եթե պատկան մարմիններն իրենց հարցին լուծում չտան, այլ քայլերի են դիմելու:
«Օր կնշանակեք, դեռ ավելի ենք շատանալու ու բոլորս գնալու ենք կառավարական ամառանոցների մոտ, թե նստացույց կանենք, թե այլ ինչ ակցիա՝ կորոշենք, ուղղակի նման արհամարհական վերաբերմունք չի կարելի, այսքան մարդ հավաքվել են, ոչ մի մարդ չիջավ, որ ասեր գոնե՝ գնացեք տուն, այն երեխան մեղք է, մոր գրկում քնել է»,- ասաց քաղաքացին:
Նրանք փորձեցին քաղաքացիների ստորագրություններն ու կոնտակտային տվյալները հանձնել Կառավարության նամակների վարչություն, սակայն այնտեղից քաղաքացիներին պատասխանել էին, որ նամակներն այդկերպ չեն կարող ընդունել, պետք է փոստով ուղարկեն:
Ակցիայի մասնակիցները լրագրողների հետ զրույցում ասացին, որ չեն ցանկանում այդ տարբերակով նամակ փոխանցել, քանի որ մտավախություն ունեն, որ այն չի հասնի հասցեատիրոջը:
Նրանք կառավարության շենքի մոտից քայլեցին դեպի ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, որտեղ քաղաքացիների հետ հանդիպման իջավ նախարարը, նա վերցրեց քաղաքացիների ցուցակագրած տվյալները: Զոհրաբ Մնացականյանը ակցիայի մասնակիցներին հայտնեց, որ խնդիրը հայկական կողմի հետ կապված չէ, և, որ դա այդ երկրի կանոններն են:
«Ես դատարկ խոստում ձեզ չեմ տալու, ոչ մի դատարկ խոստում չի՛ լինելու, համավարակը կանցնի՝ ամեն ինչ կլինի: Դուք հիմա ուզում եք, որ ես լուծեմ ուրիշ երկրի կանոնների փոփոխությունը: Պարոն վարչապետը և Ազգային ժողովում բոլորը գիտեն այս խնդիրը. Խնդիրը ծանոթ է, հասկանալի է, բայց անմիջապես լուծումը առկա չէ, որովհետև լուծումը վերաբերում է այլ երկրի որոշումներին: Ուզում եք սուտ խոստում տա՞մ, ուրիշ երկրի փոխարեն՝ իր կանոնների վերաբերյալ խոստում տա՞մ»,- պատասխանեց Մնացականյանը:
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նախարարին առաջարկեց, եթե կորոնավիրուսով վարակակիրների թվերը դրսից չեն վերահսկվում, քիչ ներկայացվի, քանի որ գուցե դա է պատճառը, որ ՀՀ քաղաքացիների համար սահմանները փակ են:
«Դուք մեզ առաջարկում եք, որ թվերը քիչ ներկայացնե՞նք: Մենք մեր թվերն առանց օտար կազմակերպությունների ներկայացնում ենք: Հա, մենք քի՞չ ներկայացնենք, օքեյ, ժողովուրդ ջան, հիմա եկեք մնացածներին հարցնենք, լրագրողներն էլ այստեղ են, դուք համաձա՞յն եք, որ մենք քիչ ներկայացնենք թվերը, ճի՞շտ է դա, չի լինի տենց բան, չի լինի տենց բան, չի լինի տենց բան: Մենք միայն ու միայն ներկայացնելու ենք իրականությունը»,- ասաց Մնացականյանը: