Երեխեքին դպրոց ենք ճանապարհել, հազիվ հագուստ, դիմակ ենք գնել. Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցները՝ 68.000 դրամով ապրելու և վերջնահաշվարկին սպասելու մասին
Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցները մի քանի օր առաջ զայրացել ու որոշել են գնալ-փակել գործարանի մուտքը: Որոշ ժամանակ անց «բարի հաղորդագրություն» են ստացել՝ 10 օրից լավ լուր կլինի վերջնահաշվարկի վերաբերյալ:
«Հապճեպ է ստացվել, ջղայնացած գնացինք ու փակեցինք: Հիմա սպասում ենք, որ օրերը լրանան՝ տեսնենք՝ ինչ են ասում: Եթե այս անգամ էլ խաբեն՝ լավ չի լինի, էլի կփակենք գործարանի մուտքը»,- 168.am-ի հետ զրույցում ասացին նախկին աշխատակիցները՝ ընդգծելով, որ հիմա միայն ապրում են աշխատավարձի 2/3-ով՝ 68.000 դրամով:
«Երեխեքին էլ դպրոց ենք ճանապարհել, հազիվ այդ մինիմալ աշխատավարձով հագուստ, դիմակ և այլ անհրաժեշտ իրեր ենք գնել»,- հավելեցին նրանք:
Հիշեցնենք, որ մետալուրգիական արտադրամասի 200 աշխատակից մոտ չորս ամիս աշխատավարձ չէր ստացել, և հարցը որոշ չափով լուծվել էր նախորդ ամիսների ընթացքում։ Սույն թվականի հունվարի 11-ին Ալավերդու պղնձաձուլարանից կրճատված 101 աշխատակից վերականգնվել է աշխատանքի, և անվտանգության աշխատակիցների հետ միասին աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել էր 183, ստանում են աշխատավարձի 2/3-ը:
«Էյ Սի Փի» ընկերության հաշվեհամարների վրա դատարանն արգելանք կիրառել էր դեռևս այն ժամանակ, երբ այն գործում էր «Վալլեքս» խմբի կազմում:
Ընկերության կենսաթոշակի անցած կամ աշխատանքային պայմանագրերը լուծված մի քանի աշխատակից դիմել է դատարան՝ վիճարկելով տարիներ առաջ իրենց արձակուրդային վճարների հաշվարկների և ստացած գումարների որոշակի ուշացումների հարցը: Դատարանը, մինչև դատական գործընթացների ավարտը, արգելանք է կիրառել ընկերության հաշիվների վրա: