«Տղաս դիմել է Ռուսաստանի ԱԳՆ, պատասխանել են՝ պրոբլեմը Հայաստանում է, ձեր երկիրն է ճանապարհի բացողը և փակողը». ցուցարար

Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսօր հերթական բողոքի ակցիան իրականացրեցին, այս անգամ՝ Ազգային ժողովի դարպասների մոտ: Նրանք շարունակում են իշխանությունից պահանջել՝ բանակցել ռուսական կողմի հետ, որպեսզի սահմանները բացեն, և իրենք կարողանան մեկնել Ռուսաստան, քանի որ այնտեղ են իրենց ընտանիքի անդամները, աշխատանքը, երեխաների դպրոցը, և այլն:

Քաղաքացիներից միջին տարիքի մի կին՝ տիկին Ջուլիետան, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանում էլ տեղ չի մնացել, որ դիմեն, տղան էլ, որ հիմա Ռուսաստանում է բնակվում, իր հերթին դիմել է Ռուսաստանի տարբեր կառույցների, սակայն այնտեղից պատասխանել են, որ խնդիրը հայկական կողմում է:

«Մենք դիմել ենք Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը, ասեմ ավելին, այնտեղից իմ տղան դիմել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը և ԱԳՆ-ին, պատասխանել են, որ՝ պրոբլեմը ձեր Հայաստանում է, ձեր երկիրն է ճանապարհի բացողը և փակողը: Մեզ թվում է, եթե իրենք ուզեն՝ կբանակցեն ու այս հարցը կլուծեն»,- ասաց քաղաքացին:

Նրանից հետաքրքրվեցինք, թե այս ընթացքում կարողացե՞լ է Հայաստանում աշխատել, մինչև կվերադառնա Ռուսաստան, ինչին քաղաքացին պատասխանեց, որ տարիքային սահամանափակումներ կան աշխատանքի ընդունվելու համար, և, որ տղան է Ռուսաստանից գումար ուղարկում, որպեսի կոմունալ վճարումները կատարի և գոյատևի:

«Ինձ ոչ մեկը չի վերցնում աշխատանքի, որովհետև տարիքային սահմանափակում կա Հայաստանում: Ուզում են՝ բարետես, ջահել՝ 90-60-90, նման աշխատողներ, իսկ Մոսկվայում նման բան չկար, ես այնտեղ 20 տարի աշխատում եմ, նման բան չկա, այնտեղ հարգում են մեծահասակներին: Ես՝ այս տարիքիս կին, աշխատում եմ մի քիչ այնպես անեմ, որ մի 5 տարի ջահել երևամ, որ գոնե գործի ընդունեն, դա էլ չի օգնում, 5 տարի էլ խաբում եմ տարիքիցս, դա էլ չի ազդում, էլի բարետես են ուզում, դրա համար հիմա մնացել եմ առանց աշխատանք: Այնտեղ ես աշխատում եմ, վարձով եմ մնում, լավ ապրում եմ, այստեղ չեմ կարողանում գոյատևել, չեմ կարողանում հարմարվել: Երեք թոռնիկ ունեմ այստեղ, չեմ կարողանում ռիսկով հավաքեմ տանեմ սրճարան, սիրտս ճաքում է, որովհետև նայում եմ պայուսակիս միջի պարունակությանը ու խեղճանում եմ, չեմ կարողանում, հնարավորություն չունեմ, բայց այնտեղ նորմալ ապրում եմ»,- ասաց ակցիայի մասնակիցը:

Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ այս քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում տարբեր գերատեսչությունների կառույցների դիմաց՝ պահանջելով, որպեսզի հստակ պատասխան տան իրենց՝ արդյոք ռուսական կողմի հետ բանակցո՞ւմ են սահմանները բացելու շուրջ, եթե այո, ապա ո՞ր փուլում են բանակցությունները:

Նրանց հետ այս ընթացքում հանդիպել են ԱԺ 3 խմբակցությունների ներկայացուցիչները, սակայն հստակ բան չեն խոստացել: Հանդիպել էր նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, սակայն նա ասել էր, որ բանակցություններն ընթանում են, սակայն որոշում կայացնողն ընդունող երկիրն է, տվյալ պարագայում՝ Ռուսաստանը:

Վերջին անգամ էլ, երբ քաղաքացիները շուրջ 7 ժամ բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի դիմաց, կառավարության որևէ ներկայացուցիչ նրանց չմոտեցավ, ուստի քաղաքացիները տեղեկանալով, որ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել, քայլերթով շարժվեցին դեպի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ մի քանի ժամ սպասելուց հետո, տեսնելով, որ պատգամավորները չեն իջնում իրենց հետ հանդիպելու, իրենք բարձրացան գրասենյակ:

Նշենք, որ պատգամավորները հանդիպեցին ակցիայի մասնակիցների հետ, սակայն թույլ չտվեցին, որպեսզի լրագրողներն այն լուսաբանեն: Ավելի ուշ քաղաքացիները դուրս գալով հանդիպումից՝ տեղեկացրին, որ գոհ չեն քննարկումից, ինչի ապացույցն էլ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիան է:

Տեսանյութեր

Լրահոս