Հնարավո՞ր է՝ ՍԴ ներկայիս կազմի կողմից Հրայր Թովմասյանը կրկին ընտրվի ՍԴ նախագահ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ համաձայն չէ այն տեսակետին, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանի մեկ տարի առաջվա և այսօրվա մոտեցումներում էական փոփոխություններ չկան:

«Ես այս տեսակետի հետ համաձայն չեմ, շատ լուրջ քննարկվել է նաև պարոն Վաղարշյանի ելույթը, ԱԺ-ում նրա հարցազրույցը, մոտեցումները, և մենք բավականին դրական բաներ ենք տեսել, որն ազդել է որոշում կայացնելու վրա: Եթե դնեք, համեմատեք նախկին ելույթը և այսօրվա ելույթի անկեղծությունը… դե, քվեարկությամբ մենք մեր գնահատականը տվել ենք: Կարծում եմ՝ ելույթն ամենալավ համեմատականն է, եթե մարդկանց հետաքրքրում է, կարող են համեմատել նրա ելույթը, ընդհանուր քննարկումը և կտեսնեն տարբերությունը, անկեղծությունը, ազնվությունը, որը վստահություն ներշնչեց: Իսկ մասնագիտական առումով նույնիսկ անցյալում որևէ բան չի եղել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

Ըստ նրա, իշխանություններն արդեն ասել են, որ չեն ձևավորելու Սահմանադրական դատարան, որը լինելու է խամաճիկային կամ որը պատկանելու է իշխանությանը: Այլ իշխանությունը ձևավորելու է Սահմանադրական դատարան, որը լինելու է նոր, սկզբունքային, և այս առումով, ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ պատգամավորները քննարկումներից հետո իրենց որոշումները կայացրել են:

«Վստահ եմ՝ ինչ թեկնածուի էլ բերեինք՝ մշտապես լինում են տարբեր շահեր, թե պատգամավորներ, թե հրապարակախոսներ մշտապես ունենում են իրենց պատկերացումները, իրենց թեկնածուներին: Հիշո՞ւմ եք, տարբեր քննարկումներ էին լինում, տարբեր անուններ էին հնչում, նույնիսկ այդ անունների հետ կապված լուրերը հերքել ենք: Կրկնում եմ՝ շատ դժվար է նման ձևով գնահատականներ տալն այն պարագայում, երբ անձնական շահագրգռվածություն ունեն»,- նշեց Ա. Սիմոնյանը:

Հարցին՝ այժմ ՍԴ-ի ճգնաժամը լուծվե՞ց, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, բավականին անելիքներ՝ ոչ միայն ՍԴ-ում, այլև՝ ընդհանուր դատական համակարգում՝ սա փաստ է: Ցավոք, երբ դրա մասին խոսում ենք, նույն այդ գործընկերները, որոնք այսօր մեզ քննադատում են, պնդում էին, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա»:

Հարցին՝ իր սենյակում ի՞նչ էին քննարկում Արթուր Վաղարշյանի և Էդգար Շաթիրյանի հետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ խոսել են զուտ իրավագիտությունից: «Բոլորս էլ իրավագիտության ֆակուլտետից ենք եղել, խոսել ենք ֆակուլտետից, դասախոսներին էինք հիշում»,- շեշտեց նա:

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ ՍԴ ներկայիս կազմի կողմից Հրայր Թովմասյանը կրկին ընտրվի ՍԴ նախագահ, Ալեն Սիմոնյանը կարճ նկատեց՝ նման բան գրեթե բացառում է։

Հարցին՝ ինչո՞ւ եք բացառում, եթե չեք քննարկել, նա պատասխանեց․«Ուղղակի տրամաբանական չէ։ Մենք այս հարցը նրանց հետ չենք քննարկել»։

 Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս