ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան ուրան է հարստացնում Յոնբենում
Տեղեկություններ կան ԿԺԴՀ-ի Յոնբենի օբյեկտում հարստացված ուրանի արտադրության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:
Նա նշել է, որ ԿԺԴՀ-ի միջուկային գործունեությունը շարունակում է լուրջ մտահոգություն առաջացնել, երկրի միջուկային ծրագիրը խախտում է ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւերը:
Գրոսին ԿԺԴՀ-ին վերստին ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կոչ է արել բոլոր հարցերը լուծելու համար, «հատկապես նրանք, որոնք առաջացել են երկրում գործակալության տեսուչների բացակայության ժամանակ»:
Հյուսիսային Կորեան, ամփոփելով 2018 թվականի սեպտեմբերին Փհենյանի միջկորեական երրորդ գագաթնաժողովի արդյունքները, խոստացել էր փակել իր հրթիռային զինափորձարանը Տոնչհանիում եւ ամբողջովին ապամոնտաժել Յոնբենի միջուկային օբյեկտները:
ՄԱԳԱՏԷ-ն հետագայում հայտարարել է, որ գործունեությունը Յոնբենի միջուկային կենտրոնում շարունակվում է, բայց գործակալությունը չի կարող հաստատել դրա բնույթը եւ նպատակը՝ առանց միջուկային օբյեկտի նկատմամբ մուտքի թույլտվություն ունենալու:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են հարավկորեացի փորձագետները, Հյուսիսային Կորեան բանավոր հայտարարել էր ԱՄՆ-ին, որ կփակի Տոնչհանիի եւ Յոնբենի զինափորձարանները, բայց պաշտոնական պայմանավորվածություններ չեն հետեւել, եւ ԿԺԴՀ-ն ամեն կերպ ցույց կտա, որ ԱՄՆ-ը թերագնահատել է Հանոյի ձախողված բանակցություններում առաջարկված Յոնբենը փակելու նշանակությունը:
Իր հերթին ԿԺԴՀ-ի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանը 2019 թվականի մարտին հայտարարել է, որ Վաշինգտոնը եւ Փհենյանը պայմանավորվածությունների չեն հասել Յոնբենի միջուկային համալիրը փակելու շուրջ, եւ այդ թեմայով բանավեճերը կշարունակվեն: