
Էջմիածնի ոստիկանները հաղորդումից օրեր անց բացահայտեցին դանակահարությունը
Սեպտեմբերի 6-ին, կեսգիշերին մոտ մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկից ոստիկանության Վաղարաշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 27-ամյա մի երիտասարդ է բուժօգնության դիմել:
Օպերատիվ խումբը մեկնել էր բժշկական կենտրոն: Ոստիկանները ուսումնասիրել էին կրիմինալ դեպքերի մատյանը, արձանագրել` որտեղից, ինչ ախտորոշմամբ է երիտասարդը հիվանդանոց դիմել: Արմավիրի մարզից էին հիվանդանոց տեղափոխել: Սակայն վնասվածքը որտեղ և ինչ հանգամանքերում էր ստացել, դեռ հարկավոր էր պարզել:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Իրավապահների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ հաղորդումից մի քանի օր անց տեղեկություններ ստացվեցին, որ տուժողին Արևաշատ գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է նույն գյուղի 26-ամյա մի բնակիչ:
Բացատրական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 10-ին կասկածյալը ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է: