Բաժիններ՝

Դվինի բուրգի, Տաթևի սյան, Քարահունջի և Հայկյան բուն տոմարի գաղտնիքները. Վազգեն Գևորգյանի բացահայտումը

Հարցազրույց հին քաղաքակրթությունների անկախ փորձագետ Վազգեն Գևորգյանի հետ

– Պարո՛ն Գևորգյան, քանի որ երաժշտական կրթություն ունեք, հետաքրքիր է՝ ինչպե՞ս անցում կատարեցիք դեպի աստղագիտություն, տոմարագիտություն:

Երաժշտությունը նույնպես ամենալավ գիտություններից է, որովհետև այնտեղ հարմոնիան միշտ պահպանված է: Երբ դրա մասին մտածում ես՝ որպես գիտական կարգ, ապա այն ժամանակ երաժշտությունը դառնում է գիտություն, իսկ եթե էսթետիկ առումով ես նայում, այն արդեն արվեստ է դառնում: Իսկ անցումն ինքնըստինքյան է ստացվել: 2008 թվականին Տաթևի սյանն առընթեր հանդիպեցինք Հայկ համաստեղության երեք աստղերի, որն իմ առջև խնդիր դրեց, որպեսզի հասկանամ այդ իրողության իսկությունը, և հաջորդ տարիների հետազոտական աշխատանքներն այդ հիմքով շարունակվեցին:

– Տաթևի վանքի սյան և Դվինի բուրգի հետ կապված հետաքրքիր բացահայտումներ ունեք. մի փոքր կմանրամասնե՞ք:

– Սյունն ունի դիտակետ, որտեղից կարելի է տեսնել Օրիոնի գոտու 3 աստղերը: Ավելի ուշ Դվինի բուրգը հայտնաբերվեց, սակայն մինչ օրս այն չի բացահայտվել, քանի որ դեռևս պեղված չէ: Տեղի գյուղի բնակիչներն ինչ-որ ժամանակ գագաթային մասը փորել են: Մենք մտել, վերևի մասը տեսել ենք, ինչ վերաբերում է պատուհանին, ապա չափագրում կատարվեց, պարզվեց՝ այն ուղղված էր դեպի արևելք՝ ինչպիսին մեր կենտրոնագմբեթ խաչաձև եկեղեցիների խորանների ուղղորդումն է: Դվինի բուրգը պատահաբար եմ տեսել: Ընտանիքով գնացել էինք, երեխան մաթեմատիկայի  դաս էր սովորում, խնդիրը օգնեցինք՝ լուծեց, հարցրեցի, թե ի՞նչ շինություններ կան իր կողքին, և հանկարծ փոքրիկ տղան պատասխանեց, թե այստեղ Տրդատի պալատն է գտնվում: Տեղը ցույց տվեց, ու գնացինք:

Իհարկե, այնտեղ Տրդատի պալատ չտեսանք, հետագայում հասկացանք, որ Տիկնունի ամրոցն է։ Այսինքն, ժամանակին այնտեղ է եղել, պատերը հազիվ կտեսնեք բլրակի վրա, և հանկարծ նկատեցինք այդ բուրգը: Երբ վերևից նկարեցինք, նոր տեսանք: Այդ ժամանակ վրան ծառեր կային տնկած, որոնք չորացել էին: Նույնիսկ բուրգի վրա հայերը ջրագիծ էին քաշել: Երբ հետո նկարները նայեցինք՝ հասկացանք, որ բրգաձև շինություն է և հստակ երևում է շինության աստիճանական պրոյեկցիան: Հետո գյուղացիների հետ խոսեցինք, իմացանք, որ ծառերը չեն աճել, քանի որ ջուրը գնացել և կորչել է, տակը քարային հիմք է, հողը քիչ է եղել, ծառն էլ չի աճել: Գյուղացիները, երևի նաև գանձագողեր, մտածել են՝ տեսնենք, թե ներքևում ինչ կա, քանդել էին: Մենք հասկացանք, որ այն բրգաձև շինություն է:

Ի դեպ, այնտեղ միայն մեկ բուրգ չէ, առնվազն երկուսի տեղը ես հստակ գիտեմ, գուցե էլի լինեն: Այդ խնդրով պետք է զբաղվեն մասնագետները:

– Հնագետների կողմից հետաքրքրվածություն չի՞ եղել:

Ոչ միայն հետաքրքրվածություն չի եղել, այլև հակազդեցություն է եղել, որովհետև սկզբում ասում էին, թե արհեստական բլրակ է, հետո էլ, թե՝ մոնղոլի դամբարան է: Մի հնագետի հարցրի՝ գոնե մոնղոլի դամբարանի ուղղորդումը գիտե՞ք, այն դեպի հարավ է, իսկ հայկական շինությունը միշտ նայում է արևելք: Նա դա էլ չգիտեր և ոչինչ չպատասխանեց: Հնագետների կողմից հետաքրքրվածություն  չկա. դա շատ զարմանալի և նույնիսկ ամոթ է:

– Բրգաձև շինություններ, Հայաստան… ի՞նչ կապ կա:

– Բուրգերը եղել են նախաքրիստոնեական Հայաստանում: Քանի որ այստեղ քաղաքակրթությունը երբեք կանգ չի առել, մեզ մոտ տարբեր ժամանակաշրջաններում մի մշակութային շերտի վրա եկել է մյուսը: Եթե հիմա դիտարկենք մեր կենտրոնագմբեթ խաչաձև եկեղեցիները՝ կհասկանանք, բրգաշինությունից դուրս եկած, ճարտարապետական առումով բուրգ է: Մենք կարողացանք հստակեցնել, որ  բոլոր կենտրոնագմբեթ խաչաձև եկեղեցիներն ունեն աստղային ուղղոդումներ, լուսամուտները գերճշգրիտ միտված են տարեկան աստղերի շարժին: Հիմնավորումը՝ Հայկյան հին տոմարի սկզբնառումը, արևի՝ ժամը 6-ին դուրս գալու կետն ունեն ազիմուտալ ցուցանիշ, կողմնորոշում: Սրանք ցնցող բաներ են, որովհետև աշխարհում առայժմ չկա մի այնպիսի հետազոտություն, որ այսպիսի բան պարզեր: Դրա համար արտասահմանցի մասնագետները շատ հետաքրքրված են այս ամենով: Սա գերճշգրիտ գիտություն է:

67.5 աստիճանի վրա արևն օգոստոսի 6-ին, ժամը 6-ին դուրս է գալիս, և դրանով սկսվում է հաշվարկվել մեր ժամանակը: Հենց այդպես էլ մեզ մոտ բացահայտվեց Հայկյան բուն տոմարի գաղտնիքը: Եթե տոմարագիտության ամբողջ պատմությունը կարդում ենք, մասնագետները նշում են, որ տոմարագիտությունը ժամանակին հայ քրմերի  ձեռքում է եղել, և նրանք պահել ու նույնիսկ թագավորներին չեն տվել: Երկար ժամանակ մենք դա չէինք հասկանում, բայց երբ տեսնում ես Տաթևի սյունը, կենտրոնագմբեթ խաչաձև եկեղեցիների աստղային ուղղորդումները՝ Հաղածինը, Որոտնավանքը, նորովի բացահայտում ես մեր աստղագիտությունը:

Գիշերը 02:00-ին նկարահանում էինք կատարում, ներս մտա Որոտնավանք, որը ևս մեկ անգամ ցնցեց. առաջ չգնալով՝ հանկարծ գլուխս բարձրացրեցի, և խորանի ձախ պատուհանից երևաց Կապելլա աստղը: Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ Սյունիքի տարածաշրջանը զրոյական կետն է՝ աշխարհի մակարդակով:

Լուրջ աշխատանք պետք է կատարվի, աստղագետները պետք է նստեն, հաշվարկեն մնացած աստղերի անցումը, և այլն:

– Ո՛չ տոմարագետ եք, ո՛չ աստղագետ, բայց այդքան ուսումնասիրություն եք կատարում: Բյուրականի աստղադիտարանի հետ համագործակցություն կա՞:

Աստղադիտարանում 2014 թվականին  զեկույցով եմ հանդես եկել, խոսել այս մասին: 20 տարի է՝ սովորում եմ: Որ ասում եք՝ աստղագետ չեք, մարդը, որ 20 տարի սովորի, չի՞ դառնա: Ամբողջ կյանքում մարդը պետք  է կրթվի: Ես երաժիշտ եմ, պատկերացնո՞ւմ եք, սովորելուց հետո ընդհանրապես երաժշտությամբ չզբաղվեի, գործիք չվերցնեի ձեռքս, ինձնից ի՞նչ երաժիշտ: Ամբողջ կյանքիդ ընթացքում պետք է սովորես, ուսումնասիրես, զարգանաս:

20 տարի առաջ ես աստղագիտությունից  շատ հեռու էի, բայց չէ՞ որ մարդ ունի գիտակցություն, սովորելու, ընկալելու կարողություն: Ես երկնքով եմ սովորել. Տաթևի սյունը ցույց տվեց Օրիոնի գոտին, հետագայում նայեցինք՝ Սիրուսը որ կետից որ ցուցիչը ցույց տվեց: Եթե մասնագետ լինեի, գուցե ավելի շուտ բացահայտումները կլինեին, չնայած չեմ կարծում, որովհետև մասնագետներն այս հիմքով չեն դաստիարակվում: Տոմարագետ չկա, նրանք վաղուց վերացել են: Հայկական տոմարի վերջին մասնագետը եղել է Հովհաննես Իմաստասերը, որը կարողացել է 1084 թվականին անշարժեցնել նավասարդյան տոմարը: Ոմանք չգիտեն, որ տոմարները 1000 տարի շարժական էին: Դրանից հետո ենթադրության դպրոցն է հայտնվել, ոչ ոք  չի հասկացել՝ որ կետից ինչ են հաշվել: Դրա համար Հովհաննես Իմաստասերի մասնագիտությունը Ղևոնդ Ալիշանը բարձրագույն արվեստ է կոչում: Կենտրոնագմբեթ խաչաձև եկեղեցիներն ունեն գիր, և մեր նախնիները քարերի ցուցիչների միջոցով կարողացան հաղորդել այն, ինչ գրված  էր երկնքում: Սա ոչ միայն մեր, այլև ամբողջ աշխարհի համար է:

Երաժիշտ լինելու հանգամանքը նպաստե՞լ է, որ բացահայտում անեք աքլորականչի հետ կապված:

Երաժշտական իմ ունակությունը  թույլ տվեց, որպեսզի հասկանամ, թե աքլորն ինչ հաճախականության տակ է ծուղրուղու կանչում: 10 աքլոր չափագրեցի, հետո գնացի գեներատորով չափագրումը արեցի՝ 441 հց էր: Դաշնամուրինը, երեխայի լացի ձայնը 441 հց է, աքլորինը, դեղձանիկինը, սոխակինը՝ նույնպես: Ի դեպ, Տաթևի վանքի զանգն էլ է 441 հց:

– Հաճախ եք գիտական սեմինարներ կազմակերպում, ասում եք՝ ժամանակն է վերագտնել հայոց «կորուսյալ գիտակցությունը»: Ե՞րբ ենք մենք կորցրել այդ գիտակցությունը:

– Այն ժամանակ, երբ կորցրել ենք այդ գիտակցությունը: Մ.թ.ա 160 տարի առաջ Արտաշես Բարեպաշտի ասույթի մեջ արդեն երևում է, որ տոմարն արդեն կորցրել ենք: Հետագայում, որ նայում ենք՝ այլ տոմարներով առաջնորդվել ենք, 982 թվականին փորձել ենք ևս մեկ տոմար մեկնարկել, որը  նույնպես չի աշխատել, մինչև եկել ենք անշարժ տոմարագիտությանը: Ստացվում է, որ 1000 տարի առաջ արդեն երևի թե կորցրել ենք, ծայրը չի գտնվում: Բայց այստեղ մի հետաքրքիր բան կա, ոչ թե կորցրել ենք, այլ իմաստասերները տոմարը չեն տվել թագավորներին. ինչո՞ւ: Շատ հետաքրքիր հարց է, ու պատասխան կա. նրանք այս գիտությունը մեզ պետք է հասցնեին, գիտեին, որ այդ ժամանակաշրջանում չի կարելի բացահայտել գիտությունը, որովհետև լրիվ կկործանվեր:

– Գիտական տուրիզմը զարգացնելու համար ի՞նչ է պետք անել:

– Հայկյան օրացույցի ճշգրիտ հաշվարկի վերաբերյալ ֆիլմ ենք նկարահանել, որն անգլերեն ենք թարգմանելու և աշխարհի խոշոր տուրիստական կազմակերպություններին ենք տալու: ՀՀ-ն կընկալվի այնպես, ինչպես վաղուց պետք է ընկալվեր: Տուրիստական ներհոսք կլինի: Օրինակ, Քարահունջում օգոստոսի 11-ին հազարավոր մարդիկ են լինելու՝ տարբեր երկրներից: Վերջապես հայ ժողովուրդն էլ կհասկանա, որ պետք է Նավասարդը տոնել:

– Քարահունջի կամ Զորաց քարերի վերաբերյալ հակասական կարծիքներ կան, ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

– Այդ հակասական կարծիքները, ինձ թվում է՝ արդեն ավարտվեցին: Այն ժամանակ էլ էին ծիծաղելի. ամոթալի բան է: Ի՞նչ գործ գործ ուներ պատմաբանը, որ գնար ու ցերեկով աստղագիտության մասին բան  ասեր: Աստղը գիշերն է երևում, պետք է ունենաք դիտակ և ազիմուտ: Մեր ազգի համար ծիծաղելի է ու ուղղակի լկտիություն:

Իսկ գումար ինչպե՞ս եք հայթայթում ուսումնասիրությունների համար:

– Ոչ մի գումար չկա, մեզ ոչ մի տեղից չեն օգնել: Իմ ընկերներն են օգնում, ոչ թե հարուստ կամ պետական այր: Եթե նստեինք ու սպասեինք, որ մեկը ֆինանսավորեր, հաստատ մեր գործերը չէինք անի: Որոտնավանքում մասնագիտական խմբով գնալու և 20 օր աշխատելու համար իքս գումար է պետք, դա քանի որ չունենք՝ չենք կարողանում գնալ: Ես անընդհատ այդ մասին խոսել եմ, բայց լավ չեն հասկացել. հայ ժողովուրդն այդ գումարն իր մշակույթին է տալիս:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս