Ուսման վարձի մինչև 25 տոկոս զեղչ ենք ակնկալում. ԵՊՀ ՈւԽ ստորագրահավաքին արդեն միացել է 4000 ուսանող
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ կազմակերպվել է առցանց ստորագրահավաք, որը ներկայացվելու է ՀՀ կառավարություն՝ պահանջելով մասնակի փոխհատուցել ուսանողների ուսման վարձավճարը՝ պայմանավորված նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակով:
Տնտեսական կյանքի անկման պայմաններում ԵՊՀ առաջին կուրսեցիների համար վարձավճարները բարձրացել են 70.000-ից մինչև 160.000 դրամով:
ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ստորագրահավաքին արդեն միացել է շուրջ 4000 ուսանող:
«Նախաձեռնությունը ոչ միայն 1-ին կուրսեցիներին, այլև բոլորին է վերաբերում՝ անկախ նրանից, թե որ համալսարանում են սովորում: Այս պահի դրությամբ ստորագրահավաքին 4000 ուսանող է միացել, մեծ մասը ԵՊՀ-ից է: Անկախ ուսուցման համակարգից՝ առկա թե հեռակա, մասնագիտությունից, բուհից, կուրսից, ով ունի ուսանողի կարգավիճակ՝ կարող է միանալ մեր նախաձեռնությանը, որովհետև մեր պահանջը բոլորին է ուղղված լինելու, քանի որ հավասարապես տուժել են»,- նշեց Դավիթ Ափոյանը:
ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահի փոխանցմամբ՝ Կառավարության կամ բուհի ղեկավարության հետ այս թեմայով որևէ հանդիպում, քննարկում չի եղել, հիմա փորձում են ստորագրահավաքը զարգացնել:
«Մենք մեր պահանջում չենք նշել, թե քանի տոկոս է պետք զեղչել, բայց մինչև 25 տոկոս ենք ակնկալում: Կարող է լինել 20, բայց ոչ՝ 5 կամ 2 տոկոս»,- ընդգծեց Դավիթ Ափոյանը՝ հավելելով, որ ստորագրահավաքը մինչև սեպտեմբերի 14-ն է տևելու, որից հետո կամփոփեն ու կորոշեն հետագա անելիքները: