Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված սպային տուն են տեղափոխել. նա դեռ անգիտակից է

Գրեթե մեկ տարի է անցել Եղեգնաձորում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից, որի արդյունքում ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում: Այսօր 168.am-ի հետ զրույցում փոխգնդապետի եղբայր Կարեն Մխիթարյանն ասաց, որ սպային տուն են տարել, մինչ այս էլ մոտ մեկ ամիս սպան հիվանդասենյակում է եղել:

«Մենք տեղափոխել ենք տուն արդեն, բայց ինքը նույն վիճակում է, էլի անգիտակից: Վերակենդանացման սարքեր միացված չեն, սարքավորումների միջոցով միայն դեղ ու սնունդ է ընդունում: Ինքնուրույն շնչում է»,- ասաց Կարեն Մխիթարյանը:

Այս գործով դատական գործընթացները սկսվել են ընդամենը մեկ ամիս առաջ: Այսօր Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը քննելու է Արա Մխիթարյանի գործով մեղադրյալներից մեկի՝ Հարություն Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի հարցը: Սա այս գործով երրորդ դատական նիստն է: Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում՝ եղբոր՝ Զավեն Գրիգորյանի և գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ, ձեռքերով, ոտքերով և գործով դեռևս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ են հասցրել Արա Մխիթարյանի գլխին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Մեղադրանք է առաջադրված նաև Հարություն Գրիգորյանի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, սակայն նրա և գործով դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Երկու եղբայրներն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Հիշեցնենք՝ թե՛ Արա Մխիթարյանի, թե՛ Գրիգորյան եղբայրների փաստաբանները դեմ էին, որ գործը երկու մասով ուղարկվեր դատարան:

Նրանք անտրամաբանական և հակասական են համարում, որ մի որոշմամբ Զավեն Գրիգորյանն ընդգրկված է Հարություն Գրիգորյանի մեղադրանքի մեջ՝ որպես Արա Մխիթարյանին խմբով մարմնական վնաս պատճառող, իսկ մյուս որոշմամբ նշվում է, որ ապացույցները բավարար չեն:

Հիշեցնենք նաև, որ ամբաստանյալ Հարություն Գրիգորյանը Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնականն է: Դեպքի հետ կապվում էր նաև  նախկին մարզպետի անունը: Դեպքին ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ նա ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Տրդատ Սարգսյանը վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։ Հուլիսին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Տրդատ Սարգսյանը նշանակվել է կուսակցության աշխատակազմի ղեկավար:

Տեսանյութեր

Լրահոս