Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը տեղափոխվել է հիվանդասենյակ
Եղեգնաձորում նախորդ տարի սեպտեմբերի 17-ին դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:
168.am-ը մշտական կապի մեջ է փոխգնդապետի հարազատների հետ, և դեռ երեկ էր Կարեն Մխիթարյանից հետաքրքրվել եղբոր առողջական վիճակով, խնդրել փոփոխության դեպքում անպայման տեղյակ պահել:
«Բժիշկները կանչեցին, ասացին, որ եղբորս պետք է հիվանդասենյակ տեղափոխեն, բայց նրա վիճակը դեռ շարունակում է նույնը մնալ՝ կոմայի մեջ է, բայց ինքնուրույն շնչում է: Հիմա մայրս է մոտը մնում»,- ասաց փոխգնդապետի եղբայրը:
Հարցին, թե այս ընթացքում պաշտոնատար անձինք կապ հաստատո՞ւմ են ձեզ հետ կամ տեսակցության եկե՞լ են փոխգնդապետին, Կարեն Մխիթարյանը պատասխանեց. «Միայն նախագահ Արմեն Սարգսյանը: Վերջերս եկել էր հոսպիտալ, մտել, տեսել է եղբորս, հետո էլ մոտեցել է ծնողներիս»:
Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը մինչև օրս անգիտակից վիճակում է: Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), ինչպես նաև նույն օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ): Զավեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել միայն 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Հարություն Գրիգորյանն այժմ կալանքի տակ է, իսկ Զավեն Գրիգորյանը մարտի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակվեց: Երկու եղբայրներն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Դեպքի հետ կապվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը: Դեպքին ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ նա ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Տրդատ Սարգսյանը նշանակվել է կուսակցության աշխատակազմի ղեկավար: