Իշխանությունը կոմպլեքս ունի՞ ՌԴ հետ հարաբերություններում. Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ
/մաս 4-րդ/
Շարունակելով ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ դիտարկումները ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի անվտանգության ապահովման ռազմավարական ձևակերպումներին: Մասնավորապես`
1. «Արտաքին առավել նպաստավոր միջավայրի ձևավորում» բաժնում արտաքին քաղաքական առաջնահերթությունների իրականացման սկզբունքները լիարժեք չեն արտահայտում արդյունավետ արտաքին քաղաքականության մեթոդաբանությունը (կետ 4.2): Հատկապես բացակայում է շահերի համադրման և որևէ տիպի հակասությունների վրա արտաքին քաղաքականության վարման սկզբունքի բացակայությունը: Այն միշտ անկյունաքարային սկզբունք է եղել ՀՀ արտաքին քաղաքականության համար և բազմիցս ապացուցել է իր արդարացիությունը:
2. Տարօրինակ է այն հանգամանքը, որ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության ձևակերպումներում հատուկ ընդգծվում է միմյանց շահերը փոխադարձաբար հաշվի առնելու և իրավահավասարության սկզբունքի կարևորությունը (կետ 4.7), ինչը չի արվում այլ պետությունների հետ համագործակցության մասին ձևակերպումներում: Ի՞նչ է սա նշանակում, իշխանությունը հատուկ նախապաշարմունք ունի ՌԴ-ի հետ հարաբերություններում, թե՞ ՌԴ կողմից ինչ-ինչ հարցերում արդեն հասցրել է ասիմետրիկ իրավահավասարության ազդանշաններ ստանալ:
3. Հաշվի առնելով ՀՀ արտաքին քաղաքական օրակարգերն ու առաջնահերթությունները, խիստ էական կլիներ Ֆրանսիայի, Իրանի և Վրաստանի հետ համագործակցության առանքային խնդիրները ձևակերպել և բացել առանձին կետերով ( կետ 4.9; 4.10): Փոխարենը՝ ռազմավարության տեքստում տեղ են գտել անհարկի կրկնվող և անէական նշանակությամբ տարբեր ձևակերպումներ: Իսկ 4.13 կետում ճիշտ կլինի դուրս հանել «նաև» շաղկապը:
4. «Ռազմական սպառնալիքների զսպում և չեզոքացում» բաժնում չի երևում ՀՀ ՊՆ վերջերս որդեգրած` ըստ անհրաժեշտության նախահարձակ լինելու, և նոր ագրեսիաների պարագայում հարձակողական գործողությունների կիրառման հավանականության մասին որևէ միտք: Այն, ի դեպ, ժամանակակից աշխարհում տեղի ունեցող ագրեսիվ ռազմաքաղաքական փոփոխությունների ֆոնի վրա` լրիվությամբ ընկալվում է որպես զսպման հանգամանքներից մեկը:
5. Ինչպես ողջ փաստաթղթում, այնպես էլ «Արցախի անվտանգության ապահովում» բաժնում չի կիրառվում «Արցախի Հանրապետություն» տերմինը` փոխարենը նշելով «Արցախ» անվանումը: Նույնիսկ 4.29 կետում չի նշվում, որ 1994թ. հրադադարը ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից: Բացի այդ, ռազմավարության տեքստում մի քանի անգամ կրկնվում է «Արցախի» կարգավիճակ և «Արցախի անվտանգություն» բառակապակցությունները, որոնք որևէ կետում սահմանված չեն, թե Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ է հասկանում այդ ձևակերպումների տակ: Սա լայն անորոշություն է, որտեղ կոնկրետացված չէ հակամարտության բուն նպատակը, ինչն օրինակ հստակ սահմաված էր նախորդ` 2007թ. Ռազմավարության տեքստում. «Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն»:
6. Ազգային անվտանգության ռամավարությունը միշտ էլ կարելի է վերանայել և լրացումներ իրականացնել: Ուստի տեղին կլինի, հատկապես Տավուշի սահմանամեձ որոշ դիրքերում Ադրբեջանի կողմից իրականացված նախահարձակ գործողությունների մատնանշմամբ ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգության ռազմավարական հարց համարել նաև սահմանագծի ողջ երկայնքով վստահության մեխանիզմների ներդրման և հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների անհրաժեշտությունը: Այն որպես լրացում կարելի է ձևակերպել 4.24 կետի շարունակության մեջ:
Շարունակելի…»։
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄՊԼԵՔՍ ՈՒՆ՞Ի ՌԴ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ /մաս…
Gepostet von Արտակ Զաքարյան Artak Zakaryan am Freitag, 11. September 2020