Բաժիններ՝

«Պարոն Մարուքյանի հարցերին տրվելու է պատասխան». ՀԾԿՀ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ուսումնասիրություններ կատարելու համար։

«Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցներ (ըստ էության՝ հսկիչներ և այլք) ազատվում են աշխատանքից, այնինչ, ըստ տեղեկատվության աղբյուրի, վերջերս է նույն ընկերության աշխատակիցների աշխատավարձերը կրճատվել 20%-ով։

Պարզ չէ, թե ինչն է նման մասշտաբային կադրային և վարձատրության կրճատումների պատճառը, սակայն ակնհայտ է, որ ներկայիս սոցիալական ծանր պայմաններում այդքան քաղաքացու՝ առանց աշխատանք թողնելու ամենաբացասական հետևանքներն առաջնահերթ կրելու են այդ անձանց ընտանիքները, այնուհետև՝ պետությունը։

Հանձնաժողովի նախագահին խնդրել եմ իրականացնել ուսումնասիրություն՝ պարզելու համար ընկերությունում կադրային և աշխատավարձային վերոնշյալ կրճատումների պատճառներն ու գործընթացի օրինականությունը»,- գրել էր Էդմոն Մարուքյանը։

ՀԾԿՀ-ից 168.am-ին փոխանցեցին, որ Է. Մարուքյանի դիմումն արդեն ստացել են։

«Պարոն Մարուքյանի գրությունը ստացել ենք և սահմանված ժամկետում կպատասխանենք»,- նշեց ՀԾԿՀ-ի խոսնակ Լիանա Ազիզյանը։

Հարցին՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում եղե՞լ են կրճատումներ, տեղեկություն ունե՞ն, Լիանա Ազիզյանը պատասխանեց. «Այդ գրության շրջանակում բովանդակությամբ նշվելու է և պարոն Մարուքյանի հարցերին տրվելու է պատասխան։ Կարծում եմ՝ խնդիր չէ, որ դուք ևս դիմեք, և այդ նամակը ձեզ տրամադրենք։ Սպասենք, թող պատասխանը, ուսումնասիրության արդյունքը վարչությունը ներկայացնի, այդ բոլոր հարցերի պատասխանը գրությամբ կլինի»։

Նշենք, որ 168.am-ը դիմեց նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ ճշտելու, թե ինչո՞ւ են աշխատակիցները կրճատվում, և ինչո՞ւ են աշխատավարձերը 20 տոկոսով նվազել։ Սակայն ընկերության մամուլի խոսնակը նշեց, որ հարցերն ուղղենք գրավոր։

Ընկերությունից պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս