Բաժիններ՝

Եկեղեցու դերը ժողովրդի կյանքում

Եկեղեցին մեր կյանքում հոգևոր այն կառույցն է, որ առաջնորդում և կրթում է ամենքիս, ինչպես նաև դաստիարակում հոգևոր-ազգային արժեքներով զինված սերունդ: Եկեղեցին ժողովրդի հոգևոր ուժն է, նրա ապավենը, պաշտպանն ու առաջ մղող այն ուժը, որին շատ դեպքերում հարավոր է ապավինել ու որը պաշտպանում է տիրող բազում անարդարություններից:

Անչափ կարևոր է Եկեղեցի-ժողովուրդ կապի անխախտ պահպանումը, որը պետք է արտահայտվի կենսունակ, հոգևոր կապով: Անշուշտ, Եկեղեցի-ժողովուրդ կապի կարևոր բաղադրիչը մեր հոգևոր կյանքում Եկեղեցու փրկագործական դերի և նշանակության գիտակցումն է:

Իսկ Եկեղեցի-ժողովուրդ կապի գործնական դրսևորումը հոգևորական և հավատացյալ կապն է: Եկեղեցին ամեն օր աստվածային սիրո բացահայտումն է կատարում իր անդամների համար: Հոգևորականի առաքելությունն է այդ սերը տեսնելը, ընդունելը և հավատացյալներին փոխանցելը:

Աստվածային սիրով է իրական հովվի կապը հավատացյալներիս հետ: Հոգևոր հովիվը հավատացյալին ցույց է տալիս աստվածային սիրո մեծությունը: «Հնարավոր չէ լինել հայր և չլացել զավակների անհաջողությունների համար»,- ասել է Հովհան Ոսկեբերանը։ Իսկ դա նշանակում է, որ հոգևոր հովիվն ամբողջությամբ ապրում է համայնքի հոգսերով՝ միշտ քայլելով հոտի առջևից:

Մարդը մշտապես հենարանի կարիք է զգում. աշխարհի բոլոր կրոնները և ուսմունքները փորձում են մարդուն տալ այդ հենարանը, որի վրա մարդը պիտի կառուցի իր հոգևոր կյանքը: Մեզ համար այդ հենարանը աստվածային սերն է, որի սպասավորը և որը մեզ մատուցողը հոգևորականն է:

Ուստի՝ կարևոր է, որ մենք անկեղծ լինենք ինքներս մեզ և Աստծո հետ: Բոլորս ցանկանում ենք փրկվել, իրական քրիստոնյայի կենցաղ վարել, սիրելի լինել Աստծուն: Սակայն Աստված մեզ սիրում է՝ անկախ ամեն ինչից: Մենք այդ սերը ոչնչով ավելացնել կամ պակասեցնել չենք կարող, սակայն մեր մեջ եղած սերը զորացնելու և այդպիով Աստծուն սիրելի լինելու հնարավորությունը տրված է մեզ:

Եվ քանի որ սիրտն ու հոգին մարդու ամենաթանկ պարգևներն են, պետք է կարողանալ լցնել, դաստիարակել սեփական սիրտն ու հոգին աստվածային սիրով: Չէ՞ որ հենց աստվածային սերն է պայմանը, որ Քրիստոս վերածնվում է մեր սրտերում՝ պարգևելով մեզ կյանք ու փրկություն:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս