Ամատունի Վիրաբյանին կարծիք հայտնելու համա՞ր են հեռացրել
Ազգային արխիվի արդեն նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը չի բացառում, որ իրեն աշխատանքից ազատելու մասին հրամանը կարող է կապված լինել ՀՀ հանրակրթական դպրոցի Հայոց պատմություն առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի և չափորոշիչների մասին իր կարծիքի հետ:
«Չեմ կարող պնդել, բայց սկզբունքորեն ես դեմ եմ: Խնդրում եմ՝ իմ մասին կարդացեք Հայր Ասողիկի կողմից գրվածը, որը լավագույն կերպով ինձ բնութագրում է՝ որպես Ազգային արխիվի տնօրեն: Ես սկզբունքորեն դեմ եմ այն նոր հայեցակարգին, որով նախատեսվում է մեր դպրոցներում դասավանդել պատմություն, գրականություն, լեզու և հումանիտար այլ առարկաներ: Սկզբունքորեն դեմ եմ, կարծում եմ, որ աշխարհի հետ համաքայլ կարող ենք գնալ, բայց դա չպետք է կատարվի մեր ազգային արժեքներից հրաժարվելու հիմքերով: Չի՛ կարելի «ֆիդայի», «կամավոր» բառերը հանել պատմության դասագրքից: Ազգային-ազատագրական շարժման երգերը, երաժշտությունը, որ մենք այսօր լսում ենք, ինչպե՞ս կարելի է մոռանալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային արխիվի նախկին տնօրենը:
Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանն անդրադառնալով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով Ա.Վիրաբյանի՝ աշխատանքից ազատվելու մասին որոշմանը՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սրտի ցավով և հոգեկան խորին վրդովմունքով տեղեկացա Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Տիար Ամատունի Վիրաբյանի պաշտոնազրկման մասին:
Անարդար և նվաստական որոշում, իսկ հիմքը՝ խախուտ:
2003 թ. ճանաչել եմ և աշխատել Ա. Վիրաբյանի հետ: Նա մի անձ է, ով ձոնված է արխիվային գործին և փայլուն գիտակ Հայոց նոր և նորագույն շրջանների պատմության: Անձ, ով արգո գիտնական է, դասախոս և մեծ վաստակի տեր: Անձ, ով իր տնօրենության օրոք նաև ջանասիրաբար կառուցեց ու բարեզարդեց մեր Հայրենիի կարևորագույն հաստատություններից Ազգային արխիվն իր մասնաճյուղերով: Վերջապես, անձ, ով ապրում և իր մեջ կրում է Հայրենիքը, Ազգը, Եկեղեցին, վառվում Հայոց անցյալի ու ներկայի խնդիրներով ու հոգսերով, ցոլացնում պատմության դասն ու պատգամը վասն գալիքի:
Եվ, ահա, այսպես անարդար և տմարդի կերպով հեռացվում է. ավա՜ղ, հեռացվում է ողջ աշխատակազմի և նրանց արդար ու շիտակ բողոք-դիմումի հանդեպ մեղկ արհամարհանքով…
Դատապարտելի է նման մտայնությունն ու այս մոտեցումը:
Կսիրեմ հուսալ, որ պետական պատկան այրերը չեն վտանգի Հայաստանի ազգային արխիվը՝ այդ նվիրական հաստատությունը վստահելով անհայտ ծագման պաշտոնյայի:
Կսիրեմ հուսալ, որ Ազգային արխիվի ողջ անձնակազմը բարոյական ուժն ու քաջությունը կունենա պայքարելու և ընդունելու այնպիսի առաջնորդի, ով կշարունակի Տիար Ամատունի Վիրաբյանի հայրենանվեր ու ազգաշահ ծառայությունը»: