Դատախազ Մարտիրոսյանը ո՞ր երաշխիքների մասին էր խոսում, երբ նշեց, որ Դավիթ Գրիգորյանի երաշխիքներն ապահովված են եղել. դատավոր Գրիգորյան

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Դավիթ Գիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքի քննության ընթացքում դատավոր Դավիթ Գրիգորյանն անդրադարձավ բողոքում ներկայացրած փաստին, թե դատախազությունը տեղյակ չի եղել, որ գործը մակագրվել է առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանին, և նա վարույթ է ընդունել գործը, ուստի այդպիսով   իրենք ինքնաբացարկ ներկայացնելու իրավունքից  զրկված են եղել:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը նաև անդրադարձավ գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանի ավելի վաղ արված հայտարարությանը, թե՝ «Դավիթ Գրիգորյանի երաշխիքներն ապահովված են եղել»:

«Պարոն Մարտիրոսյանը նշեց, որ  «Դավիթ Գրիգորյանի երաշխիքներն ապահովված են եղել», չնշեց՝ կոնկրետ ինչ երաշխիքներ, բայց ես կուզենայի այսպես հռետորական հարց տալ՝ ո՞ր երաշխիքների մասին է խոսքը: Երևի թե  նկատի ուներ պարոն Մարտիրոսյանը, որ իմ աշխատասենյակում իմ անձնական համակարգիչն առգրավելիս ինձ թույլ չեն տվել, որ ես մասնակցեմ և համապատասխան հայտարարություն կատարեմ քննչական գործողության արձանագրության մեջ: Թե՞ որ իմ պաշտպանին՝ պարոն Գեորգի Մելիքյանին, թույլ չեն տվել, որ խուզարկության քննչական գործողությանը մասնակցի, որի մասին, ի դեպ, նշում կա հենց արձանագրության մեջ, որ քննիչը թույլ չի տալիս, որ մասնակցի:

Թե՞ այն գործողությանը, որ ընդհանրապես կապ չուներ 314 հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներին: Խոսքս վերաբերում է այդ գործի շրջանակներում մեկ այլ քրեական գործին կցված այդ գործով դատական քննության ներկայացված կրիչների առգրավմանը, որն ընդհանրապես կապ չուներ հարուցված քրեական գործի հետ, 314 հոդվածի հետ»,- ասաց Դավիթ Գրիգորյանը:

Դատավորը միացավ  իր պաշտպաններին ու նշեց, որ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումն  օրինական է, հիմնավոր պատճառաբանված, իսկ դատախազության  բերած բողոքը հիմնավորված և պատճառաբանված չէ:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, քրեական գործը դատական քննության նախապատրաստելու փուլում որոշում էր կայացրել դադարեցնել դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

Հիշեցնենք նաև, որ դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնական կեղծիք կամ, ինչպես նշված է ՀՔԾ հայտարարության մեջ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել նաև դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին:

Տեսանյութեր

Լրահոս