Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի վարչական շրջանի դատարանը դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ արդարացման վճիռ կայացրեց: 168.am-ի հետ զրույցում Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը հայտնեց, սակայն, որ դատական ակտին դեռևս չեն ծանոթացել:
Ավելի վաղ փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել. «այսօր երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ապօրինի իրականացվող քրեական հետապնդումը, և ի շնորհիվ դատավոր Դավիթ Բալայանի արդարացման ակտի՝ վերջինս արդարացվեց։
Ցավակցում ենք ՀՔԾ և դատախազությանը»։
Իսկ մեզ հետ զրույցում փաստաբանը, այդուամենայնիվ, որոշ պարզաբանումներ ներկայացրեց:
«Հետապնդումը դադարեցվել է, որովհետև օրերը՝ դատարանի կողմից դեպի դատաքննություն մտնելու, լրացել էր մոտ երեք օր առաջ: Եվ, ըստ էության, նոր լրատվականից եմ տեղեկացել, որ արդարացման դատական ակտ է կայացրել, այսինքն՝ քրեական հետապնդումը դադարեցրել է: Ես ընդամենը նշել եմ, որ դա միակ հիմքն էր, որ կարող էր լինել, որ մենք դիտարկում էինք, և դա դատարանը թույլ կտա: Դա քրեական գործի ակտերի մասին որոշմամբ արդեն իսկ ապօրինի ճանաչված լինելու հանգամանքն է:
Դատարանը 15-օրյա ժամկետ ուներ: Ինքը, ըստ էության, այդ 15-օրյա ժամկետի շրջանակում կա՛մ պետք է որոշեր նախապատրաստական փուլ մտնելու մասին, կա՛մ էլ քրեական հետապնդումը դադարեցնելու հարց կարգավորեր»,- ասաց Գեորգի Մելիքյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով մեղադրանքը դատարան մուտք էր արվել մայիսի 20-ին և մակագրվել էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին:
Գործը դատարան մտնելուն զուգահեռ՝ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Փաստաբան Գեորգի Մելիքյանի կարծիքով՝ դատավորի արդարացման դատավճիռը իրական է, հակառակ պարագայում երեք օր առաջ պետք է արդեն դատական նիստի օր նշանակված լիներ:
Տեղեկությունը ճշտելու համար 168.am-ը կապ հաստատեց դատավոր Դավիթ Բալայանի աշխատակազմի հետ, որտեղից մեզ փոխանցեցին, որ որոշումը կայացվել է հունիսի 5-ին, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին՝ նշելով, որ որոշումն արդեն մուտք է արվել ԴԱՏԱԼԵՔՍ տեղեկատվական համակարգ, և հորդորեցին սպասել որոշման պաշտոնական հրապարակմանը:
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական կեղծիքներ կատարելու կամ, ինչպես նշված է ՀՔԾ հայտարարության մեջ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին:
Նշենք նաև, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործում շատերը քաղաքական ենթատեքստ են տեսնում: Պատճառն այն է, որ 2019 թվականի մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ ազատ էր արձակվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դրանից օրեր անց՝ հուլիսի 17-ին, ՀՔԾ-ն խուզարկություն էր իրականացրել Գրիգորյանի աշխատասենյակում, առգրավել Ռ. Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ, իսկ արդեն հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը դիմել էր ԲԴԽ՝ Դ. Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու միջնորդությամբ, որը ԲԴԽ-ն բավարարել էր: