Կառավարության պահուստային ֆոնդը սպառվել է. դպրոցների համար փող չկա, բայց ոստիկանության համար 150 նոր մեքենա ենք գնում
Ֆինանսական միջոցների սղությամբ պայմանավորված՝ պետական բյուջեի լարվածությունը գնալով ավելի ու ավելի է զգացնել տալիս։ Տարեվերջից մի քանի ամիս առաջ կառավարության պահուստային ֆոնդում այլևս չկան ազատ միջոցներ՝ անգամ չնախատեսված հրատապ ծախսերը ֆինանսավորելու համար։
Պահուստային ֆոնդը գրեթե ամբողջությամբ ծանրաբեռնված է, օրերս կայացած կառավարության նիստում, երբ քննարկվում էր հանրակրթական հաստատություններին պաշտպանիչ միջոցներով ապահովելու նպատակով գումար հատկացնելու հարցը, խոստովանեց ֆինանսների նախարարը։ «Ուղղակի ուզում էի տեղեկացնել, որ այս ձևով ընդունելու դեպքում ձևակերպման և իրականացման խնդիր կառաջանա, քանի որ պահուստային ֆոնդը ներկա պահին գործնականում ամբողջությամբ ծանրաբեռնված է»,- հայտարարեց Ատոմ Ջանջուղազյանը։
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ երկրի գլխավոր ֆինանսիստն առաջարկեց որոշում ընդունելուց առաջ նախ լուծել ֆինանսական միջոցների խնդիրը։
Ֆինանսական միջոցների խնդիրը, բնականաբար, կարող է լուծվել բյուջեի շրջանակներում։ Ֆինանսական միջոցների այլ աղբյուր կառավարությունը չունի։ Իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ կլինի վերանայել այլ ծրագրերը։ Բյուջեի մուտքերի գերակատարման վրա անիմաստ է հույսը դնել։ Անգամ ճշգրտումներից ու լուրջ կրճատումներից հետո՝ բյուջեն եկամուտների ապահովման խնդիր ունի։ Դեռ պետք է մտածել, թե ինչի հաշվին պիտի կատարվեն չստացված միլիարդավոր դրամ եկամուտների շրջանակներում նախատեսված մյուս ծախսերը։
Հանրակրթական հաստատություններին պաշտպանիչ միջոցներով ապահովելու համար գումարներ, անշուշտ, կգտնվեն։ Այլ կերպ չի կարող լինել, եթե ուզում ենք սկսել նոր ուսումնական տարին։ Կարևոր չէ, որ 1 ամսվա ծախսը հասնելու է մի քանի հարյուր միլիոն դրամի։ Գումարի հատկացումը հրատապ է և պետք է կատարվի՝ անկախ նրանից, կլինի պահուստային ֆոնդի՞, թե՞ այլ ծախսերի հաշվին։
Խնդիրն ամենևին էլ դա չէ։ Զարմանալին այն է, որ այդ պայմաններում կառավարությունը շարունակում է իրեն ճոխություններ թույլ տալիս։
Խոսքն այդքան չարչրկված պարգևավճարների մասին չէ, որը ստանալու համար իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները կենաց ու մահու կռիվ են տալիս, չնայած երկիրը կանգնած է ֆինանսական լուրջ դժվարությունների առաջ։ Խոսքն այն ծախսերի մասին է, որոնք այս պահին ոչ միայն հրատապ, այլև ոչնչով արդարացված չեն։
Մինչ տնտեսական ճգնաժամը մեր երկրում շարունակում է խորանալ, իսկ ֆինանսական միջոցների սղությունն աչք է ծակում, իշխանությունները կարող են իրենց թույլ տալ ավելի քան 4 մլն դոլար վճարել՝ ոստիկանության նոր ձևավորվող պարեկային ծառայության համար 150 նոր տրանսպորտային միջոց գնելու նպատակով։ Կարծես խնդիրն այսօր այդքան հրատապ է։ Եթե ճգնաժամից առաջ դեռ ինչ-որ կերպ կարելի էր հասկանալ նման ճոխ ծախսեր կատարելու իշխանությունների շահագրգռվածությունը, ապա հիմա դա ոչնչով արդարացված չէ։ Կան շատ ավելի հրատապ ու անհրաժեշտ ծախսեր, քան ոստիկանության համար 150 նոր տրանսպորտային միջոցների գնումն է։
Տնտեսությունը ճգնաժամի մեջ է, բյուջեն պարտքեր է կուտակում, և յուրաքանչյուր լումայի արդյունավետ իրացումն անհրաժեշտություն է։ Ոչինչ չէր խանգարի, եթե ոստիկանության նոր պարեկային ծառայությունը գործեր ոչ թե հաջորդ, այլ մեկ տարի ուշացումով, կամ ինչ-որ ժամանակ բավարարվեին առկա տրանսպորտային միջոցներով։ Հատկապես որ, ավտոմեքենաների պակաս ոստիկանությունում չկա, ու չպետք է ձևականությունների հետևից ընկնել։ Ի վերջո՝ կարևորը ոչ թե ձևն է, այլ բովանդակությունը։ Նոր տրանսպորտային միջոցներն ու հանդերձանքը չէ, որ պետք է փոխեն ոստիկանության աշխատանքի որակը։
Այս ճգնաժամային իրավիճակում 4 մլն դոլարը փոքր գումար չէ մեր բյուջեի համար և կարող էր ուղղվել տնտեսական որևէ ծրագրի իրականացմանը կամ այլ, ավելի հրատապ խնդիրների լուծմանը։ Իսկ պարեկային ոստիկանության ստեղծումը կարող էր սպասել։ Այսքան տարի եթե չկար, կարող էր ևս մեկ տարի չլինել։ Դրանից մեծ ողբերգություն չէր լինի։
Տնտեսական ճգնաժամի պայմաններում անմտություն է նման ճոխություններ թույլ տալը։ Դա որևէ հավելյալ արդյունքը չի ստեղծում մեր տնտեսության համար։ Ճգնաժամի ժամանակ պետք է խուսափել այդպիսի ծախսեր կատարելուց։
Պետության գանձարանը դատարկվում է, ու պետք է մտածել ոչ թե պարտքերի, այլ տնտեսության աշխուժացման, նոր ծրագրերի իրականացման և ներքին տնտեսության մեջ գոյացող հարկերի ավելացման հաշվին ֆինանսական միջոցների սղության խնդիրները լուծելու մասին։ Այլապես պարտքերը հետո ավելի են ծանրացնելու տնտեսության ու պետության բեռը։
Մեր տնտեսությունը հիմա գտնվում է անմխիթար վիճակում, ու այդ վիճակից դուրս գալու համար ֆինանսական միջոցներ են պետք։ Վարկերը սուբսիդավորելը շատ քիչ է տնտեսությունն այս վիճակից հանելու համար։ Դրանով ավելի շատ լավություն ենք անում բանկերին, քան թե տնտեսությանն ու մյուս շահառուներին։
Զարմանալի չէ, որ կառավարությունը հաճախ գումարները ծախսում է, բայց արդյունք չկա։ Գրեթե բոլոր ոլորտներում ունենք խորը անկում։ Պակասել են ֆինանսական ներարկումները, որոնք, առանց այդ էլ, քիչ էին։
Այն, որ կառավարության պահուստային ֆոնդն արդեն այժմվանից դատարկ է, ամենևին էլ լավ բանի մասին չի խոսում։ Տարեվերջին դեռ բավական ժամանակ կա, ու առայժմ հայտնի չէ, թե առաջիկայում մեզ ինչ նոր անակնկալներ կարող են սպասվել՝ ինչպես արտակարգ իրավիճակների, այնպես էլ շարունակվող համաճարակի ու տնտեսական ճգնաժամի պայմաններում։
Հրատապ ծախսեր միշտ էլ կարող են առաջանալ, ու պետք է պատրաստ լինել դրան։ Առավել ևս, որ հայտնի չէ, թե համավարակն ինչքան կարող է շարունակվել։
Չնայած վերջին շրջանում այն նահանջել է, այնուհանդերձ վարակվողները քանակը դեռ քիչ չէ։ Չհաշված, որ ուսումնական տարին նոր է մեկնարկում, ու դա կարող է նոր խնդիրներ ստեղծել։
Համավարակի հերթական ալիքի բռնկման վտանգները մեծ են նաև սեզոնայնության հետ կապված։
Այնպես որ, մեզ դեռ շատ փորձություններ կարող են սպասվել՝ իրենց տնտեսական ու ֆինանսական հետևանքներով։ Դրանց պետք է պատրաստվել և ոչ թե եղած սակավ ռեսուրսներն էլ քամուն տալ, ինչ է թե՝ որոշ մարդիկ այդպես են ուզում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ