Շատերն իրենց ծուլության պատճառով վարակվում են ծանր ու անբուժելի հիվանդություններով․․․
… Մենք՝ մարդիկս, հակված ենք մեղանչելու մեր մտքերում: Այդ իսկ պատճառով Նա, ով մեկ առ մեկ ստեղծեց մեր սրտերը, իմանալով, որ մեղքերի մեծամասնությունը գործվում է դիտավորության նպատակաուղղվածությամբ, որպես առաջին պատվիրան տվեց սրտի խորքերի մաքրությունը: Կամեցավ, որ առավել ուշադրություն և հսկողություն գործադրենք մեր այն մասի վրա, ուր առավել դյուրությամբ ենք մեղանչում…
1.Հսկի՛ր քո վրա: Կենդանի յուրաքանչյուր էակ ինքն իր մեջ ունի սեփական գոյությունը պաշտպանելու բնազդը, որը ստացել է իրեն ստեղծող Աստծուց: Եթե ուշադրություն դարձնես, կտեսնես, որ կենդանիների մեծամասնությունը ինքնաբեր հակազդեցություն է ցուցաբերում այն բաների հանդեպ, որոնք վնասակար են իրեն և, ընդհակառակը, բնական ձգտումով մղվում է վայելելու այն, ինչն իրեն օգտակար է: Աստված, մեր Վարժապետը, մեզ տվել է այս մեծ օրինակը, որպեսզի այն, ինչը կենդանիների պարագային պատահում է բնականաբար, մեզանում իրականանա խոսքի օգնությամբ, և այն ինչը կենդանիներին պատահում է բնազդաբար, մեր կողմից գործադրվի ուշադրության և մտքերի վրա անդադար հսկողության միջոցով. ինչպես նաև, որպեսզի Աստծո պարգևներն ուշադիր պահպանենք մեզնում, խուսափելով մեղքից, այնպես ինչպես կենդանիներն են խուսափում վնասակար կերակուրներից, և փնտրելով արդարությունը, այնպես ինչպես կենդանիները փնտրում են այն խոտերը, որոնցով սնվում են: Հսկի՛ր քո վրա, ուրեմն, որպեսզի ընդունակ լինես զանազանելու այն, ինչը քեզ վնասակար է, այն բանից, ինչը քեզ օգտակար է…
2. Հսկի՛ր ինքդ քո վրա, ուրեմն՝ հսկի՛ր, այսինքն, ոչ թե այն բանի վրա, որ քոնն է, կամ այն բաների վրա, որոնք շուրջբոլորդ են, այլ միմիայն քո վրա: Ի՞նչ է պահանջում պատվիրանը. չմեծարել հարստությունը, փառքն ու իշխանությունը. մեծագույն իրողություն չհամարել այս կյանքի կարիքների գոհացումը այն աստիճան, որ անհոգության մատնվեն մտահոգություններն այն կյանքի, որն ըստ կարևորության առաջինն է, այլ՝ հսկի՛ր քո վրա, այսինքն՝ հսկի՛ր հոգուդ վրա: Զարդարիր այն և նրա հանդեպ հոգատարություն ունեցիր, այնպես որ պատրաստակամորեն հեռացնես գլուխ բարձրացնող չարամտության որևէ հետք և բիծ, մաքրես հոգիդ ամոթալի որևէ հանցանքից, այն պճնելու և պայծառափայլ դարձնելու համար առաքինության գեղեցկություններով:
Քննի՛ր ինքդ քեզ, իմանալու համար, թե ով ես: ճանաչի՛ր բնությունդ: Մահկանացու է մարմինդ, անմահ է հոգիդ: Կրկնակի է մեր կյանքը. մարմինը, որն իսկույն անցնում է, և հոգուն բնորոշ կյանքը, որը վախճան չունի: Պրպտի՛ր անձդ ամենայն ուշադրությամբ, մեկին և մյուսին տալու համար այն, ինչը յուրաքանչյուրին հասնում է. Մարմնին՝ սնունդ և հագուստ, հոգուն՝ քրիստոնեական կյանքի ուսուցումները, խոհեմ վարմունք, առաքինությունների գործադրումը, կրքերի ուղիղ կողմնորոշումը…
3. Այս պատվիրանն օգտակար է տկարների և չկարծածից ավելի նպաստավոր է զորեղների համար: Բժիշկները հիվանդներին պատվիրում են հսկել սեփական անձանց վրա և զանց չառնել ոչ մի բան, որ կարող է նպաստել խնամքին: Նմանապես նաև Խոսքը, բժիշկը մեր հոգիների, այս փոքրիկ օգնությամբ բժշկում է մեղքերով հիվանդացած հոգին: Հսկի՛ր, ուրեմն, քո վրա, որպեսզի այս փրկարար խնամքներից ստանալ կարողանաս մոլորումիդ համապատասխան դարմանը:
Շատերն իրենց ծուլության պատճառով վարակվում են ծանր ու անբուժելի հիվանդություններով, բայց ոչ էլ գիտակից են իրենց հիվանդագին վիճակին: Այս պատվիրանի օգտակարությունը մեծ է նաև զորեղների համար, որպես առաջնորդ նրանց վարքի, քանի որ բժշկում է հիվանդներին և դեպի կատարելություն է առաջնորդում առողջներին…
4. Եթե հսկես քո վրա, շուրջբոլորդ կգտնես այս բարիքները, ինչպես նաև ուրիշներ՝ դեռ ավելի մեծ… Ի վերջո, սեփական անձիդ ուշադիր քննումը բավական կլինի՝ քեզ ձեռքիցդ բռնած առաջնորդելու դեպի Աստծո ճանաչողությունը: Եթե հսկես քո վրա, կարիքը չես ունենա տիեզերքի ամբողջականության մեջ Արարչի հետքերը փնտրելու, այլ ինքդ քեզնում, կարծես մի փոքրիկ աշխարհում, կճանաչես մեծամեծ իմաստությունը Նրա, Ով ստեղծել է քեզ: Աստված անտեսանելի է, քո հոգին նույնպես տեսանելի չէ մարմնի աչքերով. չունի գույն, ձև, ո՛չ էլ ֆիզիկական ուրիշ որևէ հատկություն, այլ միմիայն իր գործունեությամբ է ճանաչվում: Հետևաբար, Աստծո ճանաչողությունը նույնպես աչքերով մի՛ փնտրիր, այլ մտքերիդ պարգևիր հավատքդ և Նրա վերաբերյալ հոգևոր ծանոթություն ունեցիր: Հիացի՛ր, թե արվեստագետն ինչպե՛ս կարողացավ մարմնիդ միավորել հոգին, մի այնպիսի ուժով, որն հասնում է մինչև բոլոր ծայրամասերը, ինչպես կարողացավ ամենատարբեր անդամները կատարյալ ներդաշնակությամբ ու համերաշխությամբ միավորել: Մտածի՛ր, թե մարմինն ինչպիսի ուժ է ստանում հոգուց. ինչպիսի՛ զգայունակություն է մարմնին հաղորդում հոգին. ինչպե՛ս է մարմինը կյանք ստանում հոգուց, մինչ հոգին մարմնից ա՛յլ բան չի ստանում, եթե ոչ միայն՝ ցավեր. գիտության ինչպիսի՛ գանձերի է տիրում հոգին. ինչպես նոր գիտելիքների ձեռքբերումը չի մթագնում հներին, այլ պահպանում է դրանց ճշգրիտ ու անխառն հիշատակը, հոգու խորքում քանդակված՝ ինչպես պղնձե սյունի վրա. ինչպե՛ս հոգին, երբ հրապուրվելով հետևում է մարմնի կրքերին, կորցնում է իր գեղեցկությունը, ինչպե՛ս չարիքի ամոթից մաքրվելով՝ առաքինության շնորհիվ վերադառնում է Արարչի հետ նմանությանը…
Հսկի՛ր քո վրա, ուրեմն, հսկել կարողանալու համար Աստծո ճանաչողության մեջ, որին վայել է փառք և զորություն հավիտյանս: Ամեն:
Սուրբ Բարսեղ ԿԵՍԱՐԱՑԻ