Հայտնի են դարձել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի փորձարկման արդյունքները
«Սպուտնիկ V» պատվաստանյութը կայուն հորմոնալ եւ բջջային իմունային արձագանք է ձեւավորել կլինիկական հետազոտությունների մասնակիցների 100 տոկոսի մոտ: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 4-ին ավելի վաղ The Lancet միջազգային գիտական առաջատար հանդեսը հրապարակել է COVID-19-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկու փուլերի արդյունքները, հայտարարել են ՌՈւՆՀ-ում:
«Կլինիկական հետազոտությունների մասնակիցների 100 տոկոսի մոտ պատվաստանյութը ձեւավորել է կայուն ե՛ւ հորմոնալ, ե՛ւ բջջային իմունային արձագանք»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Դրա հետ մեկտեղ վիրուսաչեզոքացուցիչ հակամարմինների մակարդակը կամավորների մոտ, որոնք «Սպուտնիկ V»-ի պատվաստում են ստացել, 1,4-1,5 անգամ գերազանցել է այն անձանց հակամարմինների մակարդակից, որոնք հիվանդացել են COVID-19-ով: Համեմատության համար նշենք, որ AstraZeneca բրիտանական դեղագործական ընկերության՝ պատվաստում ստացած կամավորների եւ կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացածների մոտ եղել է հակամարմինների մոտավորապես հավասար մակարդակը»,-ասվում է մամուլի տեղեկագրում:
Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների առաջին-երկրորդ փուլերի արդյունքում լուրջ անցանկալի երեւույթներ (СНЯ, Grade 3) չեն հայտնաբերվել չափանիշներից ոչ մեկի գծով այն դեպքում, երբ լուրջ անցանկալի երեւույթների մակարդակը մյուս թեկնածու պատվաստանյութերի մոտ տատանվում է 1 տոկոսից մինչեւ 25 տոկոս»:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը օգոստոսին գրանցել է աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ-V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ է ստացել: Նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին:
Օգոստոսի 25-ին ՌԴ առողջապահության նախարարությունը Գամալեյայի կենտրոնին թույլատրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտություններ անցկացնել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: