
Բասկետբոլի առաջնությանը կմասնակցի «Vahakni City» անվանումով նոր թիմ

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունում նոր համալրում կա թիմերի կազմում:
Բակսետբոլի Ա լիգայի 2020/21 մրցաշրջանին կմասնակցի «Vahakni City» անվանումը կրող թիմը, որը հիմնադրվել է «Hovnanian International» ընկերության կողմից:
«Մենք հուզված ենք և հպարտ՝ միանալու Ա լիգային և լինելու Հայաստանում բասկետբոլային մշակույթի ձևավորման մասնիկը: Մենք նախատեսում ենք հավաքել շատ մրցունակ թիմ»,-իր խոսքում ասել է «Vahakni City» թիմի գլխավոր քարտուղար Բրյուս Մացկինը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով անավարտ է մնացել Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության 2019/20 մրցաշրջանը: Ֆեդերացիան դեռևս վերջնական որոշում չի կայացրել՝ արդյոք երկիրը կունենա նախորդ մրցաշրջանի չեմպիոն: