Բաժիններ՝

«Այնքան շատ են արտասահմանյան գրողներ ընդգրկել, որ առարկան իսկապես դառնում է ոչ թե «Հայ գրականություն», այլ ուղղակի «Գրականություն»». Ժենյա Քալանթարյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը:

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանի հետ զրուցել ենք բարեփոխումների անհրաժեշտության, ժամանակագրության, հայ ժամանակակից և արտասահմանյան գրողների ստեղծագործությունները ներառելու և այլ հարցերի շուրջ:

Մինչև հիմնովին փոխելը անհրաժեշտ էր բացատրել, թե ի՞նչն է անընդունելի մինչև հիմա եղած չափորոշիչների, դասագրքերի մեջ

– Չափորոշիչներն իսկապես մտահոգության առիթ տվեցին, բայց ասեմ նաև, որ արձագանքները շատ բուռն էին ու զգացմունքային, մինչդեռ պահանջվում էր, որպեսզի ավելի տրամաբանված, հետևողական և բովանդակային լինեին: Մենք փոքր ազգ ենք, և ինչ-ինչ բաներ ընկալվեցին իբրև վտանգ՝ ազգային ինքնության և այլնի դեմ, դրա համար արձագանքը շատ բուռն եղավ: Իհարկե, դրա հիմքերը կային, բայց այդ զգացմունքային արձագանքը, թերևս, բնական էր, բայց երևի մի քիչ ավելի բուռն էր:

Ինչ վերաբերում է առանձին խնդիրներին՝ նախ մինչև հիմնովին փոխելն անհրաժեշտ էր բացատրել, թե ի՞նչն է անընդունելի մինչև հիմա եղած չափորոշիչների, դասագրքերի մեջ, ի՞նչն է անընդունելի, որ պետք է փոխել: Փոխել՝ չի նշանակում՝ հիմքից ամեն ինչ քանդել:

Կարելի է բարելավել, լրացնել, ինչ-որ փոփոխություններ անել, որովհետև հինն ամբողջովին ջնջել և նոր կետից սկսել՝ ոչ ոքի չի հաջողվել. կա ավանդների շարունակականության տրամաբանություն: Ոչ ոք չի ասում, թե անքննադատ են նախորդ չափորոշիչները, դասագրքերը, ծրագրերը: Միշտ էլ ժամանակը նոր խնդիրներ է առաջադրում գիտության, գրականության առջև, և ըստ այդ ժամանակի՝ փոփոխություններն ուղղակի անհրաժեշտ են դառնում:

Ավագ դպրոցում գրականությունն անպայման պետք է ունենա ժամանակագրություն

– Մեթոդը փոխվել է: Նախորդ չափորոշիչներում սկզբունքը ժամանակագրական էր՝ գրականությունը մատուցել ժամանակագրականորեն, որովհետև գրողն ու գրականությունը ժամանակի և միջավայրի արդյունք են:

Ինչքան էլ մենք վերև թռչենք, ներքև իջնենք, եթե իր ժամանակին ուղղակի անդրադարձ էլ չի կատարում գրողը, անգամ չի երևում հրապարակախոսական բնույթի կամ այլ կերպ արտահայտված անդրադարձը, միևնույն է, դա կա ենթատեքստում, կա ամբողջությունից արված հետևության, ոճի և բառապաշարի մեջ:

Հետևաբար՝ հրաժարվել ժամանակագրությունից՝ հատկապես ավագ դպրոցում, դա տանելու է սխալ ճանապարհով, որովհետև, երբ միջին դպրոցում առաջ է քաշվում սեռաժանրային մեթոդը, այստեղ ճիշտ է և՛ «Գրականություն» անվանել առարկան, և՛ ծանոթացնել գրականության այն խնդիրներին, հիմնականում տեսական, ինչքան որ արտահայտված են չափորոշիչների մեջ, որպեսզի այդ դասարաններում աշակերտները որոշակի տեսական գիտելիքներ ձեռք բերեն և հետագայում շարունակեն ուսումը:

Սակայն ավագ դպրոցում նորից շարունակել նույն խնդիրը՝ ո՞րն է դրաման, ո՞րն է վեպը, պատմվածքը, արդեն դառնում է անիմաստ կրկնություն: Ստացվում է, որ 7-12-րդ դասարանը ներառյալ՝ անընդհատ պետք է կատարվի սեռաժանրային քննարկում:

Ավագ դպրոցում գրականությունն անպայման պետք է ունենա ժամանակագրություն, որովհետև պատկերացրեք՝ միստիկ բանաստեղծ Նարեկացուն բերում ենք 21-րդ դար, իսկ դրանից առաջ անցնում են Չարենց, Սևակ և այլն: Ժամանակակից ընթերցողն այդ միստիցիզմը պետք է ըմբռնի, գնահատի տվյալ ժամանակաշրջանի մթնոլորտում:

Պռոշյանի վեպերը, Շիրվանզադեի «Քաոսը»… դրանք տվյալ պատմական ժամանակաշրջանի արտահայտություններն են, ու երբ հետ ու առաջ ենք տանում՝ կորչում է ամբողջ այդ տրամաբանությունը, գրականությունը դառնում է վերացական, ոչնչի հետ չպայմանավորված մի երևույթ:

Ճիշտ է, կան դասական մեծ արժեքներ, որոնք բոլոր ժամանակների համար շատ բարձր նշանակություն ունեն. Հոմերոս, Շեքսպիր, Գյոթե, Պուշկին և այլն, բայց մեր գրականությունը՝ ուզենք թե չուզենք, որոշակիորեն ունի գաղափարական շեշտվածություն: Մենք երկար ժամանակ պետականություն չենք ունեցել, և պետական գաղափարախոսության բեռը մի տեսակ երկար ժամանակ գրականությունը վերցրել է իր վրա: Այս իմաստով Դ.Վարուժանն ասում էր. «Մենք մեր սիրտը բաժանել ենք ժողովրդի մեջ նշխար առ նշխար, հիմա պետք է կարողանանք դրանք մաս-մաս նորից հավաքել»:

Ասում էր՝ ինչ երգել ենք, եղել է օգտակար, բայց ոչ գեղեցիկ: Ինչ որ գեղեցիկ է եղել՝ չի եղել օգտակար, և նա խոստանում էր օգտակարը շաղախել գեղեցիկի հետ:Այդպիսին է եղել մեր ժողովրդի ճակատագիրը, և մեր գրականությունն այդ բեռը վերցրել է իր վրա:

Բառը չէ, որ գրողին կամ ընթերցողին դարձնում է հայրենասեր, այլ այն միտքը, որ արտացոլվում է ստեղծագործության մեջ

– Այնքան շատ են արտասահմանյան գրողներ ընդգրկել, որ առարկան իսկապես դառնում է ոչ թե «Հայ գրականություն», այլ ուղղակի «Գրականություն»: Բայց մեր խնդիրը նաև ազգային գրականությունն է, որովհետև այն մեր ժողովրդի համար ունի ազգային անվտանգության և ռազմավարական նշանակություն:

Ես չեմ ասում, որ գրականությունը ճառ լինի. բոլորովին պետք չէ, որ խոսվի հայրենասիրության մասին. գաղափարն արտացոլվում է ամբողջ ստեղծագործությունում, ոչ թե բառերով շեշտվում է՝ ես հայրենասեր եմ կամ դու: Բառը չէ, որ գրողին կամ ընթերցողին դարձնում է հայրենասեր, այլ այն միտքը, որ արտացոլվում է ստեղծագործության մեջ:

Այն քանակի գրողները, որոնք ներառվել են «Գրականության» մեջ, հնարավոր չէ անցնել՝ առանց հայ գրականությունը տարրալուծելու համաշխարհային գրականության մեջ: 10-րդ դասարանի ծրագրում Պարոնյան, Զոհրապ, Շիրվանզադե է առաջարկվում, դրան զուգահեռ՝ Ուայլդ, Օ՜ Հենրի, Ֆիցջերալդ, Մուրակամի: Դե, իհարկե, սա արդեն հայ գրականություն չէ: Ի դեպ, բացակայում է ռուս գրականությունը, որը Եվրոպայում նույնպես իրենց նշած հեղինակների կողմից շատ բարձր է գնահատվում:

Շիրվանզադեին հանենք, այսօրվա մեր արձակագրի՞ն տեղը դնենք

– Ժամանակակից գրականության դեպքում էլ խնդիրը վերաբերում է ոչ թե անձերին, այլ սկզբունքներին: Իհարկե, նոր գրողները պետք է ճանաչելի լինեն դպրոցականի համար, որովհետև գրականությունը քարացած չէ, այն անընդհատ հարստանում է նոր անուններով, բայց այդ ընտրությունը չպետք է լինի սուբյեկտիվ և այնպես չպետք է լինի, որ այսօրվա երիտասարդ գրողը, որ 1-2 գործ ունի, կայուն արժեքներ չի ստեղծել՝ տեղ գտնի շատ հանրահայտ դասականի կողքին՝ Թումանյանի, Իսահակյանի… դա գեղեցիկ չէ:

Բայց այդ գրողներին պետք է ծանոթ լինի աշակերտը, և իմ կարծիքով՝ 7-9-րդ դասարաններում կարելի է ներառել: Երբ ժամանակագրորեն ավագ դպրոցում ես անցնում այդ գրողներին, նրանք ինչ-որ չափով արդեն պետք է ծանոթ լինեն. կարելի է հրավիրել հանդիպումների, գրական խմբակներ կազմակերպել, արտադասարանական ընթերցումներ կազմակերպել: Ոչ ոք դեմ չէ, որ նոր գրողների ստեղծագործությունները ծանոթ լինեն աշակերտին, բայց՝ չափով. ընդ որում՝ այդ ընտրությունը չպետք է լինի սուբյեկտիվ:

8-րդ դասարանում անցնում են Թումանյանի «Փարվանան», իսկ 11-րդ դասարանում՝ «Եղջերուի մահը», «Գելը» և այլն: Այս գործերը շատ ավելի հարմար են 7-8-րդ դասարանի աշակետի համար, իսկ «Փարվանան», իմ սուբյեկտիվ ընկալմամբ՝ Թումանյանի ամենահրաշալի ստեղծագործությունն է, այնտեղ կա սիրո հավերժության և հավերժական սիրո փնտրտուքի թեման, և դա տանել 8-րդ դասարան, «Եղջերուի մահը»՝ 11-րդ դասարան՝ որքանո՞վ է ճիշտ: Պետք է հաշվի առնեն, թե 12-13 տարեկան երեխային որն է հետաքրքիր:

Երջանկահիշատակ Է.Աղայանն ասում էր՝ մենք որ սովորում էինք, ամբողջ խորհրդային գրականությունը գոյություն չուներ, Չարենցի անունն էինք լսել, հետո ամբողջ գրականությունը ավելացվեց. խեղճ ուսանողներ, ինչպես այդքանը կարդան: Հիմա դրան ավելացել է անկախության շրջանի գրականությունը: Ուսանողը կամ աշակերտը պետք է ժամանակ ունենա, որ կարդա դրանք: Կարծում եմ՝ դա այս ժամաքանակի պայմաններում բարդ է: Հիմա ի՞նչ անենք, Շիրվանզադեին հանենք, այսօրվա մեր արձակագրի՞ն տեղը դնենք: Ռուս և արտասահմանյան գրականությունը, համաձայն եմ, կարող է առանձին առարկայով լինել:

Շատ լավ բաներ էլ կան. ինքնուրույնությունը, սոցիալական անհատ ձևավորելը և այլն: Բայց սակավ ժամաքանակի պայմաններում ուսուցիչն ինչպե՞ս է հասցնելու: Նկատի ունեցեք, որ հիմա ներառական դպրոց հասկացությունը կա, ավելին՝ մինչև ներկա-բացակա անի, դաս հարցնի՝ ժամանակը կանցնի: Մենակ խոսելով չէ: Կարելի է բարեփոխում անել, բայց՝ ոչ արմատապես:

Ես, ճիշտն ասած, նեղված եմ, չէի ուզի խոսել։ Դպրոցական դասագրքերի համահեղինակ եմ եղել երկար տարիներ, հիմա կարող է տպավորություն ստեղծվել, որ պաշտպանում եմ մեր գրքերը, և այլն, սակայն ես այլևս դասագրքեր գրելուն չեմ խառնվելու, ոչ մի անձնական շահագրգռվածություն չունեմ, դրա համար հաճելի չէր այս թեմաների մասին խոսել: Հեռուստատեսությունից խոսվում է կոռումպացված հեղինակների մասին. ուղղակի ամոթ է, մենք գրքերը ստեղծել ենք ցուրտ ու մութ տարիներին. ոչ լույս կար, ոչ ջերմություն, ոչ էլ հնարավոր էր առանց ձեռնոցի գրիչ վերցնել․․․ ու հիմա խոսել այդ հեղինակների կոռումպացվածության մասին՝ ուղղակի չգիտեմ, թե ինչ ասեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս