«Մենք իրենց տեսակը չենք, իսկ իրենց տեսակը ոչ ազգայինն է». ինչո՞ւ սփյուռքի հարցերի հանձնակատարի գրասենյակից միանգամից 10 աշխատակից ազատվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 28-ին ստորագրած որոշումները, որով  միանգամից աշխատանքից ազատվեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տասը աշխատակիցներ, շատերին զարմացրեց։ Հստակ չէր, թե որն էր աշխատակիցներին միանգամից աշխատանքից ազատելու պատճառը, թեև  վարչապետի որոշումների կցկտուր բովանդակությունից  և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածներին կատարված հղումներից կարելի էր ենթադրել, որ պատճառը գուցե կառույցի վերակազմավորումն է: Հանձնակատարի գրասենյակից 168.am-ի հարցին, թե որն է աշխատակիցների ազատման պատճառը, չէին մեկնաբանել։

Այսօր 168.am-ը կապ հաստատեց վարչապետի որոշմամբ ազատված, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի  Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և այլ հոգևոր կառույցների հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Սիրվարդ Համբարյանի հետ, որը Սփյուռքի նախարարության գործարկման առաջին օրերին աշխատել է նախարարության կազմում ու 168.am-ին ներկայացրեց ուշագրավ փաստեր:

Բնականաբար, նախ  Սիրվարդ Համբարյանից հետաքրքրվեցինք, թե մինչև աշխատանքից ազատվելու մասին որոշում կայացնելը եղե՞լ են դժգոհություններ իրենից կամ աշխատանքից ազատված մյուս աշխատակիցներից, ինչն էլ կարող էր դառնալ ազատման պատճառ:

«Չէր կարող այդպիսի բան լինել, չէին կարող ասել, որովհետև եթե եղել են դեպքից դեպք հանձնարարականներ, ես՝ իմ ու մյուսների անունից ասեմ, ում վարչապետի որոշմամբ ազատել են, բոլորն իրենց կատարողականներով (մեր Մալբրի համակարգը աշխատանքային գործող ծրագրի կատարողական ունի, որով մենք գնահատվում ենք) ամենաբարձր գնահատվող աշխատողներն ենք եղել՝ նույնիսկ այս ընթացքում: Մեր աշխատանքները, եթե եղել են, գնահատվել են, անգամ իրենց կողմից, ըստ արժանվույն:

Իրենք հանձնարարականներ չեն տվել այնպիսիք, որոնց մենք չկարողանայինք կատարել և դրա հիման վրա ինչ-որ դժգոհություն լիներ: Դրա փոխարեն՝ Ձեզ ուրիշ բան ասեմ: Երբ մենք նախորդ 10 տարիների իներցիայով փորձել ենք մեր համակարգման աշխատանքները սփյուռքի հետ շարունակել, երբ որևէ նախաձեռնություն ենք հանդես բերել, առաջարկություն ենք արել՝ այս կամ այն խնդրին  ինչպես անդրադառնալ (դե բնական է՝ մեզ հետ մինչև հիմա կապ ունեն սփյուռքի այն կառույցների ներկայացուցիչները, որոնց հետ մշտական աշխատել ենք), այդ ժամանակ մեզ հասկացնել են տվել՝ նախաձեռնությամբ հանդես չգալ, ընդ որում, ոչ թե իրենք են կանգնել մեզ ասել»,- ասաց Սիրվարդ Համբարյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ սկզբնական շրջանում ոգևորված փորձել են ճիշտ ներկայացնել՝ ինչ գործառույթներ կան իրենց առջև, ինչ խնդիրներ կան Սփյուռքի հետ կապված, բայց ղեկավարներն իրենց  ասել են՝ «պետք չի նախաձեռնություն հանդես բերել, սպասեք, մենք ինչ կասենք, դա կանեք»:  Բայց , ինչպես վստահեցրեց  Սիրվարդ Համբարյանը՝ իրենք, միևնույն է, ձեռքները ծալած չեն նստել:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ հանձնակատարի գրասենյակում ամեն ինչ բարձիթողի վիճակում, անկազմակերպ է եղել։   Ղեկավար Զարեհ Սինանյանի հետ էլ շփումները՝ հազվադեպ, այն էլ՝ հենց աշխատակիցների պահանջով  միայն։

«Իրենք մեզ հետ չեն էլ շփվել, հատկապես գլխավոր հանձնակատարը մեզ չի ճանաչել, մեծ մասին չի ճանաչել: Փողոցում հանդիպելիս, երբ մենք իրեն բարևում ենք, ինքը ամերիկյան ժպիտով պատասխանում էր մեզ, հավանաբար մտածում էր, որ էկրանին ենք  տեսել, կամ գիտեն՝ ով է ինքը, ինքը շա՜տ մեծ մարդ է, համբավ ունեցող, և դա շոյում էր իրեն, թվում էր՝ ինչ-որ բնակիչներից մեկն է Երևանի, որ իրեն բարևում է:

Մեկ անգամ, նոր էր եկել, հենց առաջին օրն էր կարծեմ, հանդիպում ունեցավ: Ընդ որում, բոլորի հետ չէր ուզում հանդիպել, հետո մենք իմացանք, բացահայտվեց, որ ուզում է  մի մասի հետ հանդիպել, բնականաբար, մենք էլ պահանջեցինք՝ «բա մեզ հետ ինչի՞ չի հանդիպում», 5 րոպեանոց ամեն մեկի հետ հարցազրույց ունեցավ, ավելի շուտ ինքն ասում էր, մենք ներկայացնում էինք՝ ով ենք, և ինքը չոր, սառը հայացքով հավանաբար արդեն մտադրվում էր, անուն-ազգանուն էր գրում: Նույնպիսի հանդիպում ունեցավ՝ մի փոքր ավելի ընդարձակ, գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը, և դրանից հետո մենք կոնկրետ հանձնարարականներ դեպքից դեպք ենք ստացել, ընդ որում՝  միջնորդավորված: Դա նշանակում էր, որ գալիս էր մեկ այլ վարչության երիտասարդ՝ դա լիներ բաժնի պետ, առաջին կարգի կամ գլխավոր մասնագետ, ասում էին՝ «գիտեք, սենց բան ենք հավաքում», «տվյալների բազան պետք է թարմացնենք» կամ «այստեղից մի նամակ է եկել, և այլն», ու հարցնում էինք, թե ինչի մեզ չեն ուղարկել, որ ունենք Մալբրի համակարգ, որը պիտի գա՝ ֆունկցիոնալ վարչություններին, ֆունկցիոնալ բաժիններին, մենք էլ իմանանք, թե համապատասխանաբար ում ենք հանձնարարում: Մենք չունեցանք այդ հանձնարարելու հնարավորությունը, որովհետև բոլորին կրճատեցինք, թողել էին, կարելի է ասել, մեծ մասամբ վարչություններին, մենակ բաժնի պետեր և վարչության պետեր: Դա չի եղել և մեզ հետ ներքին կարգով աշխատել են մեր մյուս վարչությունների աշխատողները, ովքեր ցանկացել են, բնականաբար, աչքի ընկնել»,- ասաց Սիրվարդ Համբարյանը:

Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և այլ հոգևոր կառույցների հետ կապերի բաժնի պետի պաշտանակատարի խոսքով՝ դեպքից դեպք  հանձնարարականներ են  ստացել:

«Անկեղծորեն ասեմ, մենք ուրախանում էինք, երբ մի գործ էր գալիս՝ նույնիսկ ոչ իրենցից: Կամ եթե գալիս էր կառավարությունից որևէ բան՝ ինչ-որ նախագծի վերաբերյալ, բնականաբար, դա չէր կարող տեղ չհասնել: Իհարկե, իրենք շատ հեռու են հասկանալուց՝ ինչ է նշանակում՝ կառավարական մարմնում կամ պետական մարմնում գրագրությունը կամ հանձնարարականների կատարումը կամ ժամկետների հարցը: Կողքից, իհարկե, որքան էլ հուշեն՝ միևնույն է, նրանք մինչև հիմա էլ չեն հասկանում դա: Դա առաջվա Հրանուշ Հակոբյանի նախարարությունը չէր, երբ կարող էր 3 օրից հետո, երբ դեռ 2 օր ունեինք, արդեն մեզ այնպիսի հանդիմանություններ տալ, թե ինչու չենք պատասխանել»,- պատմեց մեր զրուցակիցը:

Ըստ Ս. Համբարյանի՝ իրենց համար անակնկալ չէր աշխատանքից ազատելու մասին որոշումները, թեև «երբեք չեն եկել բացեիբաց կամ առճակատման նման ասել՝ «Դուք պիտի կրճատվեք, պատրաստվեք դրան», բայց 2 տարին արդեն հուշում էր դա»։

«Մեկ տարի է անցել, որ գրասենյակը կազմավորվել է, և Սինանյանը առոք-փառոք եկել, բարձել է այստեղ և չգիտես, թե ինչ հարցեր է լուծում, որովհետև ես Ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ համակարգված աշխատանք, այնպիսին, ինչպիսին ունեցել ենք, բնականաբար՝ չկար:  Իմ դիտարկումներով՝ երևում էր, որ նա նախապատվություն տալիս էր ամերիկյան այս կազմակերպությանը, այն անհատին, կամ այս գործն էր ուզում աներ, այնտեղ գնում,  խառնվում էր Արտաքին գործերի նախարարությանը, ու Դուք էլ եք հավանաբար հետևել, թե ինչ մամուլի ասուլիսներ էր տալիս կամ չէր տալիս  ընդհանրապես:

Անտեսված վարչություններ են եղել և անտեսված աշխատակիցներ, ընդ որում, իրենց համար ստեղծել են աշխատանքային նախընտրած խումբը՝ հիմնականում երիտասարդներ, իրենց հետ աշխատել են: Հիմա մեզ տարել-բերել են, ինչի՞ համար ենք մենք գնացել: Դուք լավ եք պատկերացնում, որ շատերը, ովքեր արժանապատվություն ունեն, չէին կարող այդ ամբողջը տանել հեշտությամբ, չասեմ՝ հանդուրժել: Հանդուրժում էինք ինչի՞ համար, որովհետև Դուք գիտեք՝ ինչքան կրճատումներ են եղել, հատկապես այս վերջին տարին, երբ մեր աշխատակիցներից 20-ն ազատվեցին: Դրանից հետո մտածում  էինք՝ միգուցե ինչ-որ բան փոխվի, դեռ հույս ունեինք, որ կհաստատվի նոր կառուցվածք, գուցե արդեն կսկսենք աշխատել, բայց, բնականաբար, նման ղեկավարների ժամանակ կամ նրանց նպատակների, որ արդեն ուրվագծված են, ոչ մի ակնկալիք էլ չէր կարող լինել: Բայց աշխատանք կորցնելը կամ նոր աշխատանք գտնելն այնքան հեշտ գործ չէ, այդ պատճառով գնում էինք ներկա ստանալու համար»,- ասաց Սիրվարդ Համբարյանը:

Հարցին, թե ինչ են պատրաստվում անել հետագայում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ իր հետ աշխատանքից ազատված աշխատակիցները՝ 3 ամսով Քաղծառայության օրենքի համաձայն՝ ռեզերվ  են գնացել ու ստացել աշխատավարձ, բայց ինքը՝ որպես պայմանագրային աշխատող, պաշտոնակատար, ստանալու է վերջնահաշվարկ՝ առանց քաղծառայության ռեզերվ գնալու: Այսինքն՝ դառնում է գործազուրկ:

«Ի՞նչ պիտի անեմ, չգիտեմ: Փորձեմ արդարության համար պայքարել, բայց  ոչ թե  իրավունքների վերականգնման հույսով,  այդ աշխատանքը աշխատանք չէր:

Մենք, որ աշխատել ենք 10 տարի գիշեր-ցերեկ, մենք, որ տարեկան փոքր պետական բյուջեով իրականացրել ենք նվազագույնը 30 համահայկական ծրագիր, մենք չէինք կարող հենց այնպես նստել ու նայել, թե ինչպես է փլուզվում, ներքին կարգով արտահայտում էինք մեր վրդովմունքը, փորձում էինք իրենց հասկացնել: Բայց հետո արդեն համոզվեցինք, որ իրենց ծրագրերն այլ են: Ես պարզապես ուզում եմ  իրենց ցույց տալ իրենց կատարած նույնիսկ իրավական թափթփված աշխատանքը»,- հավելեց Համբարյանը:

Երբ Սիրվարդ Համբարյանին փոխանցեցինք  մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե իրենց աշխատանքից ազատելու պատճառը «Սփյուռքից փողեր ուտելն է», նա նախ մի լավ ծիծաղեց, ապա ասաց, թե այդ լուրը զավեշտ է.

«Ի՞նչ փողեք ենք կերել: Իրենցից հարցրեք: Զանգեք ղեկավարին: Միգուցե կերել ենք, մենք չենք ուզում ասել, բնականաբար, չենք ասի դա, լավ կերել ենք… (ծիծաղում է.- Ա.Հ.), իրենցից հարցրեք, Սփյուռքից ի՞նչ փող պիտի ուտեինք: Ես իմ ընտանիքի հաշվին եմ աշխատել, աղջիկս, ես աշխատել եմ իմ առողջության հաշվին:

Առաջին տարին, երբ նախարարության «Արի տուն» ծրագրին 35 միլիոն դրամ էինք գրել, և 317 երիտասարդ էր եկել, մենք այդ 35 միլիոն դրամից 15 միլիոն դրամը հետ ուղարկեցինք պետական բյուջե: Նախարար Հրանուշ Հակոբյանը երբեք այն գումարները, որոնք խնայել ենք,  չի վերցրել ու նույնիսկ պարգևավճարի ձևով չի տվել իր աշխատողներին»:

Սիրվարդ Համբարյանի փոխանցմամբ՝ Հրանուշ Հակոբյանի՝ Սփյուռքի նախարարությունը ղեկավարելու տարիներին աշխատակիցները, Քաղծառայության օրենքի համաձայն՝ իրենց կատարողականներով տարեկան երկու անգամ պարգևավճար են ստացել:

«Պարգևավճարներ ենք ստացել նաև Սփյուռքի նոր նախարար ունենալուց հետո, նա 2-3 անգամ մեզ պարգևավճար է տվել: Մարդը (Մխիթար հայրապետյանը.- Ա.Հ.) եկավ, տեսավ, ասաց՝ «զարմանում էի, չէի պատկերացնում, որ այսքան աշխատանք պիտի արվի», այն դեպքում, երբ կրճատվեցին շատ ծրագրեր, կամ փոխանցվեցին այլ նախարարություն»,- հավելեց նա:

Այդուհանդերձ, ո՞րն է այդ  10 հոգուն աշխատանքից ազատելու հիմնական պատճառը, Սիրվարդ Համբարյանն այսպես  պատասխանեց.

«Մենք իրենց տեսակը չենք, իսկ իրենց տեսակը ոչ ազգայինն է, ասում եմ համարձակ, իսկ ես չեմ կարող հանդուրժել այսուհետև, ես ուրախ եմ, որ այդ պատանդությունից, գերեվարությունից ես ազատվեցի: Ես նրանց հետ չէի  էլ կարող աշխատել, որովհետև ես չէի թողնի, որ իմ ժողովրդի, ազգի, սփյուռքահայի, երիտասարդի, ազգային ինքնության փոխարեն, նրա դաստիարակության ձևավորման, հայրենիքի նկատմամբ սիրո, պարտականության փոխարեն՝ բերեն արժեքներ դրսից, դրսի արժեքներ քարոզեն այստեղ»։

Տեսանյութեր

Լրահոս