Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը սկսում է վերակազմակերպման գործընթա՞ց, թե՞  հաստիքներ են կրճատվել

Հուլիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնանկությունների մասին որոշումներ է ստորագրել. Վարչապետի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տասը աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:

168.am-ի հարցին, թե որն է եղել միանգամից 10 պաշտոնանկությունների պատճառը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից չմեկնաբանեցին, պաշտոնանկության հիմքերին ծանոթացանք Կառավարության կայքէջում:

Ըստ այդմ՝ վարչապետի որոշումների  համար՝ մի քանի բացառություններով, հիմք է հանդիսացել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ «հաստիքների և (կամ) սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնի կրճատումը»:

Նկատենք՝ 23-րդ հոդվածն առնչվում է ՝ համապատասխան մարմնի վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության  ժամանակ իրականացվող կադրային փոփոխություններին, մասնավորապես՝  23-րդ հոդվածի 6-րդ մասում գրված է. «Համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ քաղաքացիական  ծառայողը վերանշանակվում է մինչև վերակազմակերպումը և (կամ) կառուցվածքային փոփոխությունը զբաղեցրած պաշտոնին հավասարազոր պաշտոնի կամ ավելի ցածր պաշտոնի` իր համաձայնությամբ, բացառությամբ առաջխաղացման դեպքի: Առաջխաղացման դեպքում քաղաքացիական  ծառայողի հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր, և հայտարարվում է մրցույթ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար:

Չի բացառվում, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում կառուցվածքային կամ վերակազմակերպման փոփոխություններ են նախատեսվում։ Դրա մասին առայժմ որևէ տեղեկություն չկա։ Չունենք տեղեկություն նաև պաշտոնյաներին մինչև մարմնի վերակազմակերպումը զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակման մասին։ Ըստ գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրության, որը հաստատել է հանրապետության վարչապետը,  գրասենյակը կազմված է  ղեկավարից, տեղակալներից և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանմունքներից։

Պաշտոնանկությունների մասին կայացրած որոշումներից պարզ է դառնում նաև, որ պաշտոնանկ են արվել տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։ Հարց է ծագում՝ հնարավո՞ր է, որ պաշտոնանկությունները  պայմանավորված  լինեին նրանց ոչ բավարար աշխատանքով։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը, հուսանք, կստանանք, հատկապես հաշվի առնելով, որ մեր երկրում թափանցիկ և հաշվետու գործելաոճ է ընտրվել։

Տեսանյութեր

Լրահոս