«Նման բան արել են ահաբեկիչները, շիզոֆրենիկները». Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանի խոսքով՝ անհրաժեշտ է որոշ շտկումներ մտցնել հայկական երկու պետությունների անվտանգության տեսլականի մեջ։
«Տեսնում ենք, թե մեր հակառակորդն ինչպիսի սպառնալիքներ հնչեցրեց, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ։ Սա, իհարկե, սարսափելի բան է, որևէ պետություն, պետական կառույցների ներկայացուցիչ երբևիցե չի սպառնացել քաղաքացիական նման օբյեկտներին, ատոմակայանին խոցելու գաղափարներով։ Նման բան արել են ահաբեկիչները, շիզոֆրենիկները, սակայն ոչ պետությունը։ Սա նշանակում է, որ մենք դա լուրջ պետք է ընդունենք, բայց ոչ թե ատոմակայան խոցելը, այլ ահաբեկչական գործողությունները, մեր ջրային պաշարների թունավորումը և այլ բաները։ Սրան թշնամին կարող է գնալ, հատկապես, որ ունեն հարուստ փորձ, Արցախը դրա վառ օրինակն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։
Ըստ նրա, խորհրդային տարիներին՝ 1969-70-ական թվականներից սկսած, երբ Հեյդար Ալիևը եկավ իշխանության, Ադրբեջանը թունավորում էր Ստեփանակերտի ջրամատակարարարման ցանցը, ինչը հանգեցրեց նրան, որ քաղցկեղի հզոր ալիք առաջացավ Արցախում, մի տարածաշրջան՝ նախկին ԼՂԻՄ-ը, որտեղ ամենաառողջ բնակչությունն էր ամբողջ աշխարհում և տարածաշրջանում։ Դրա համար էլ երկարակյացների առումով Արցախը զբաղեցնում էր առաջին հորիզոնականը։
«Մինչև հիմա Ադրբեջանն ասում է, որ իբրև հայերը Մեծամորի ատոմակայանի թափոնները թաղում են Քարվաճառում, իհարկե, դա այդպես չէ։ Բայց այս ամենը ի՞նչ է նշանակում, որ իրենք արդեն ունեն ռադիոակտիվ նյութեր, որ վաղը եթե այդ տարածաշրջանը գրավեն, իսկ Քարվաճառում սկիզբ են առնում Արփա և Որոտան գետերը, որոնք սնում են Սևանա լիճը, որը մեր ջրային պաշարների 80 տոկոսն է, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վտանգի կլինի, ի՞նչ վտանգի տակ ենք»,- շեշտեց Դ. Բաբայանը։
Նա նաև ընդգծեց, որ այս ամենից զատ, շատ կարևոր է, որպեսզի ուժեղացվի ներքին շարքերը։ Ավելի մեծ վտանգ է ներքին թշնամին, քանի որ տեսնում են, թե ինչպիսի զարգացումներ կան, այդ թվում՝ նաև նույն համացանցում։
«Արցախում կա նախկին պատգամավոր, որը պատգամավոր եղած ժամանակ Ադրբեջանի ազգային հերոսի գերզմանաքարն էր կանգնեցնում, սա է ամենամեծ վտանգը։ Վտանգ է, երբ կան մարդիկ, որոնք ասում են՝ պետք է ներել թուրքերին, ինչի՞ համար ներենք՝ Ցեղասպանությա՞ն, այն բանի համար, որ իրենք չե՞ն ճանաչում։ Սա չի նշանակում, որ ատելություն պետք է լինի, և մենք թուրք երեխա սպանենք․ ո՛չ, բայց ինչի՞ համար ներենք, այն աղջիկը, որը Ադրբեջանի հետ կապված հակաարցախյան ալիք էր բարձրացրել՝ սա է ամենավտանգավորը։ Երբ մարդիկ կան, որոնք ասում են, թե արցախցիները թուրք են՝ սա է ամենամեծ վտանգը։ Մենք տեսնում ենք՝ հակառակորդն ինչ է անում, և տեղում ինչպիսի մարդիկ կան, իսկ այդ մարդիկ անհատներ չեն լոկ, նման մարդիկ քիչ, բայց, դժբախտաբար, կան։ Նման մտածողներ առհասարակ չպետք է լինեն»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնացել է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին: