«Մարդ, որն ապրել է Բաքվում, կարող եմ ասել, որ այդ ցույցերը շատ նման են 90-ական թվականներին Բաքվում կազմակերպած հակահայկական ցույցերին». ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել հայ-ադրբեջանական սահմանին, որպեսզի հանրության ուշադրությունը շեղի և հիմնական հարվածը հասցնի արցախյան ճակատում։

«Բոլորս էլ տեսանք, որ այս անգամ էլ Ադրբեջանի մոտ ոչինչ չստացվեց, ինչպես 2016 թվականի ապրիլին, այնպես էլ այժմ թշնամին մեծ ապտակ ստացավ հայկական բանակի կողմից։ Այդուհանդերձ, ադրբեջանական վտանգը չի անցել, այդ բողոքի ցույցերը, որոնք Ադրբեջանի ղեկավարությունը կազմակերպեց Բաքվում, ուղղորդված էին։ Որպես մարդ, որն ապրել է Բաքվում, կարող եմ ասել, որ այդ ցույցերը շատ նման են 90-ական թվականներին Բաքվում ժողովրդական ճակատի կողմից կազմակերպած հակահայկական ցույցերին։ Չպետք է մոռանանք, թե այդ ամենն ադրբեջանական իշխանության համար ինչով է ավարտվել։ Ավարտվել է նրանով, որ Խորհրդային  Ադրբեջանի կոմունիստական իշխանությունները կորցրել են իրենց կառավարությունը, նույնն այսօր սպառնում է նաև Ալիևին, նա նման գործողություններով կրակում է սեփական ոտքին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորի Այվազյանը։

Ըստ նրա՝ օրեր առաջ Բաքվի իշխանությունների կազմակերպած ցույցերը վերջում դուրս եկան վերահսկողությունից և ուղղվեցին իշխանությունների դեմ, քանի որ այդ երկրում կան բազմաթիվ ներքին խնդիրներ։

Ադրբեջանագետը նաև նկատեց, որ Բաքվի կարծիքով՝ Հայաստանի և Արցախի վրա ագրեսիա գործադրելու համար երկու հանրապետություններում ստեղծվել է հարմար պահ՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, հետևաբար՝ որոշել է իրագործել նպատակը, ինչը, իհարկե, չի հաջողվելու։

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ, Գրիգորի Այվազյանը նշեց, որ այդ արձագանքը մեծամասամբ այնպիսին է, որը խրախուսում է ագրեսորին՝ շարունակելու իր գործողությունները և լկտիաբար հայտարարելու, թե կպայթեցնի Մեծամորի ատոմակայանը։

«Փաստացիորեն խայտառակ արձագանք տվեց ՀԱՊԿ-ը, որի կանոնադրության 4-րդ կետը հստակ նշում է, որ կառույցի դաշինք հանդիսացող ցանկացած պետության ագրեսիան հանդիսանում է դաշինքի նկատմամբ ագրեսիա։ Մենք տեսնում ենք լիակատար անգործունակություն, որ անգամ խորհրդի նիստ չկարողացան հրավիրել։ Իսկ հարևան Իրանն էլ հայտարարեց, թե ճանաչում է  երկու երկրների տարածքային ամբողջականությունը, ինչն անտեղի էր և կողմնակալ։ Ինչ վերաբերում է Ուկրաինիայի հայտարարությանը՝ առհասարակ խայտառակություն էր։ Թող Կիևում որևէ մեկը չմոռանա, որ Հայաստանը շատ հեշտությամբ կարող է ճանաչել Ղրիմի անցումը Ռուսաստանին և Դոնբասի անկախությունը։   Այս մեսիջը նրանց հասցնելը մեր արտաքին գերատեսչության ուղղակի պարտականությունն է, հուսամ, սա պատշաճ ձևով կանեն»,- շեշտեց ադրբեջանագետը։

Նա նաև առանձին շեշտեց Թուրքիայի դերակատարումը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողություններում, որը խրախուսում է Ադրբեջանին։

«Այս ամենը սկսվեց այն բանից հետո, երբ թուրքերը պարզապես պղծեցին աշխարհի գերագույն քրիստոնեական սրբավայրերից մեկը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը, այն դարձնելով մզկիթ։ Սրանով Թուրքիան թքեց ուղղափառ և կաթոլիկ աշխարհի դեմքին։ Խոսքս ուզում եմ եզրափակել մի հայտնի խոսքով՝ ավելի մարտունակ է այն բանակը, որի ղեկավարն առյուծն է, իսկ ծառայողները՝ ոչխարներ։ Իսկ այն բանակը, որի ծառայողներն առյուծներ են, իսկ ղեկավարը՝ ոչխար, ապա այդ բանակը մարտունակ չէ։ Ադրբեջանի պարագայում մենք ունենք լիակատար հարմոնիա, երբ բանակի ղեկավարը ոչխար է, իսկ եթե ոչխարներն ուզում են կոտորվել, ապա բարի գալուստ դժոխք»,- եզրափակեց խոսքը Գրիգորի Այվազյանը։

Տեսանյութեր

Լրահոս