«Գազպրոմն» ու Հայաստանը։ Իրականությունը՝ ընդդեմ մանիպուլյացիաների. Մաս-2
Վերջերս 168․am կայքը հրապարակեց «Գազպրոմն ու Հայաստանը։ Միֆերից դեպի իրականություն» վերտառությամբ ուսումնասիրությունը, որը լայն ընկալում ստացավ հասարակության շրջանում, քանի որ հստակորեն պարզաբանում մտցրեց մի շարք հետաքրքրական հարցերի շուրջ։ Դրանից զատ, ուսումնասիրությունը նաև փաստական ապացույց էր բազմաթիվ նախկին ընդդիմադիր և ներկա իշխանական գործիչների համար, որոնք հաճախ օգտվելով այն առիթից, որ հայ-ռուսական գազային համաձայնությունները հաճախ լինելով ստրատեգիական բովանդակության, լայնորեն չեն լուսաբանվել, օգտագործում են իրավիճակն իրենց օգտին մանիպուլյացնելու համար։
Ուսումնասիրության այս մասը, որ կներկայացնեքն ձեր ուշադրությանը, առավելապես վերաբերում է վերջին տարիներին՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքից հետո ծավալված իրադարձություններին։
Այսպես, ինչպես արդեն նշել էինք նախորդ հրապարակման մեջ, թեև Հայաստանը Իրանից գազ չի գնում ոչ մրցունակ գնի պատճառով, այնուամենայնիվ այդ գազատարը մեր էներգետիկ անվտանգության կարևոր տարրերից մեկն է:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության մասին պայմանագրում նախատեսված է, որ «ՀայՌուսգազարդ»-ն ունի «Իրան-Հայաստան» 400 կՎ ԷՀԳ-ին միանալու նախապատվություն այն շահագործման հանձնելուց հետո՝ արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի առաքման համար։
Հաշվի առնելով, որ գումարի դիմաց գազ գնելն Իրանից աննպատակահարմար էր բարձր գնի պատճառով, իրանական կողմի հետ հայկական կողմը եկել էր համաձայնության, որ իրանական գազի դիմաց հայկական կողմը կմատակարարի էլեկտրաէներգիա 1 խորանարդ մետրի դիմաց` 3 կվտ: Սակայն այդ պահին ՀՀ-ում գործող ջերմային կայանների անարդյունավետության պատճառով այդ գործարքը Հայաստանի համար կլիներ ոչ շահավետ: Այդ պատճառով «Գազպրոմ» ՀԲԸ հետ ՀՀ իշխանությունները եկան համաձայնության, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը կարդիականացվի և կդարձվի ավելի արդյունավետ: Սակայն այդ էներգաբլոկի արդիականացման արդյունքում իր արտադրած էլեկտրաէներգիան կլիներ անհամեմատ ավելի շատ, քան անհրաժեշտ է Հայաստանի ներքին շուկայի համար, ուստի խնդիր դրվեց կառուցել Հայաստան-Իրան երկրորդ և երրորդ բարձրավոլտ գծերը, որոնք հնարավորություն կտային արտահանել Հրազդանի ՋԷԿ-ի արդիականացված 5-րդ էներգաբլոկի արտադրած էլեկտրաէներգիան: Այս համակարգային լուծումն է գտել իր արտացոլումը նշված պայմանագրում:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության մասին պայմանագրում հաջորդ կետը, որը թյուրմեկնաբանման տեղիք է տալիս, վերաբերում է հիշատակված եկամտաբերության ներքին նորմայի (ԵՆՆ) ցուցանիշին, որը, ըստ պայմանագրի՝ սահմանված է 9%, ինչը հաճախ չիմացության արդյունքում կամ դիտավորյալ շփոթում են շահութաբերության մակարդակի հետ, որոնք միանգամայն տարբեր հասկացություններ են, քանի որ Շահութաբերության մակարդակը դա ընկերության ընթացիկ գործունեության ֆինանսական գնահատումն է:
ԵՆՆ-ն, ի տարբերություն շահութաբերության ցուցանիշին, հաշվի է առնում ժամանակի գործոնը, մասնավորապես՝ ժամանակի ընթացքում ֆինանսական հոսքերի արժեզրկման գործոնը, և այդ իմաստով հիմնականում օգտագործվում է երկարաժամկետ ներդրումային ծրագրեր իրականացնելիս, ներդրումների գնահատման համար:
ԵՆՆ-ի պարզեցված բացատրությունը հետևյալն է․ Ենթադրենք՝ ներդրողը x գումար է ներդրել: Բնականաբար, նա ակնկալում է, որ որոշակի տարիների ընթացքում նա հետ կստանա իր ներդրած գումարը, ինչպես նաև կապահովվի որոշակի շահույթ: ՈՒնենալով տարիների ընթացքում ներդրման վերադարձի և ստացված շահույթի թվային շարքը, կարելի է գնահատել ԵՆՆ-ն: Կոպիտ կարելի է ասել, որ այն թույլ կտա միջինացված գնահատել, թե այդ թվային շարքը ինչպիսի տոկոսով բանկային ավանդին է համարժեք, եթե ներդրողը ոչ թե ներդներ գումարը բիզնեսի մեջ, այլ դներ ավանդ բանկում:
ԵՆՆ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում տարբեր երկրներում տարբեր է կիրառվում: Դրա վրա մեծապես ազդում է նաև կապիտալի գինը: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Վրաստանում ԵՆՆ-ն կազմում է 12%, իսկ Մոլդովայում` 14.6%:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության մասին պայմանագրում նախատեսված է, որ «Հայկական Կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը Գազպրոմ-ի և ՀայՌուսգազարդ-ի իրավունքները և շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետկանչման կամ կրճատումների»։
Նման դրույթները բնորոշ են բոլոր օտարերկրյա նեդրումների համար: Օրինակ` «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ Օրենքը բոլոր, անգամ փոքրածավալ, օտարերկրյա ներդրումների համար նախատեսում է, որ օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը: Իսկ ՀայՌուսգազարդի դեպքում խոսքը գնում է ՀՀ տարածքում, թերևս, առավել խոշոր ներդրման մասին, ուստի նման դրույթը վստահություն է ներշնչում ներդրողին, որպեսզի շարունակի իրականացնել ներդրումները:
9% ԵՆՆ ապահովելու համար ՀՀ սպառողի տեսանկյունից ավելի ձեռնտու էր նախատեսել, որ ներդրումները և 9% ԵՆՆ կվերադարձվեն հնարավորինս երկար ժամկետում, որպեսզի նվազեցվի բեռը սակագնի վրա: Ավելի պատկերավոր բացատրելու համար նշենք, որ պայմանական 1000 միավոր ներդրումը 15 տարում 9% ԵՆՆ-ով վերադարձնելու համար անհրաժեշտ է տարեկան մարժայի տեսքով վերադարձնել 124 միավոր: Իսկ այդ նույն ներդրումը նույն 9% ԵՆՆ-ի պարագայում 30 տարվա ընթացքում վերադարձնելու դեպքում անհրաժեշտ է տարեկան մարժայի տեսքով վերադարձնել 97 միավոր, իսկ 20-40 տարում՝ 8-15% ԵՆՆ-ն բնորոշ է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի համար:
Ամփոփելով ուսումնասիրությունը, պետք է նշենք, որ ըստ էության այս ուսումնասիրության մեջ անդրադարձանք այն բոլոր հարցերին, որոնք այս կամ այն ձևաչափով պարբերաբար հայտնվել են ուշադրության կենտրոնում և հաճախ ոչ այնքան ճիշտ են մեկնաբանվել։ Եթե այդ թյուրըմբռնումները եղել են ոչ կանխամտածված, թերևս, այդ անձանց, ովքեր մեր ամենօրյա ընթերցողների թվում առաջին շարքերում են, պետք է խորհուրդ տանք կարդալ այս ուսումնասիրությունները հետագայում չսայթաքելու համար, իսկ եթե դա արել են կանխամտածված, ապա պետք է գիտակցեն, որ այսուհետ հասարակությունկ ունի այն ինֆորմացիան, որպեսզի կարողանա փաստերի համադրման միջոցով գնահատել մանիպուլյացիան, որը, ցավոք, այսօր հսկայական ծավալների է հասնում։
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ