Հայկական կրթության փառքն ու ողբերգությունը. Մաս 2
«Կրթությունը հասարակական առաջընթացի հիմնարար մեթոդն է»
Ջոն Դյուի
2020թ.-ի հունիսի 25-ին հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով վերանայվել է հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը: Նշված կարգով կանոնակարգվում են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի ու չափորոշիչների ձևավորման ու հաստատման գործընթացները ՀՀ-ում և դրանց ներդրման առանձնահատկությունները հանրակրթության բնագավառում:
Նախագիծն արդեն հասցրել է բորբոքել հանրության զայրույթն ու մասնագիտական շրջանակների տարակուսանքը: Ներկայացվող փաստաթղթում առկա են աղաղակող հակասություններ մի շարք ասպեկտներով: Նախ՝ արհամարհված է հանրակրթության համակարգայնությունը, երկրորդ` խախտված է հանրակրթության արժեքային բաղադրիչը, երրորդ՝ հաշվի առնված չէ համապատասխանությունը, և չորրորդ՝ հակասում է հանրակրթության շահառուների կարիքներին:
Մինչ ներկայացված ասպեկտները դիտարկելը, փորձենք պարզել հանրակրթության նկատմամբ գործող իշխանությունների գաղափարական դիրքորոշումը:
2018թ.-ից սկսած թավշյա կառավարությունն իր աշխատանքային գերակայություններից մեկը համարեց հեղափոխական բարքերի հաստատումը կրթության համակարգում: Կրթությունը հեղափոխելու համար նախարարի պաշտոնում գործուղված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր հայրերից Արայիկ Հարությունյանը հասցրեց աչքի ընկնել ֆրանսիական ուլտրալիբերալիզմի լավագույն դրսևորումներով: Եթե մինչ այս կրթության համակարգի արժեքային դատարկումը կրում էր նախադեպային բնույթ` տրանսգենդերի ընդունելությունից մինչև հայագիտության բուհական հալածանք, ապա հանրակրթության նոր պետական չափորոշչի նախագծի հանրայնացմամբ այն ստացավ համակարգային բնույթ:
Դեռևս 2018թ.-ի մայիս-հունիս ամիսներին «Թումո» կենտրոնում մեկնարկել էին «Նոր սերնդի կրթություն» հարթակի աշխատանքները, որտեղ փոխնախարարի մակարդակով հայտարարվեց կրթության համակարգը փոխելու պատրաստակամության մասին: Կրթության համակարգի գաղափարական վերափոխման նոր առաջնահերթությունների ծիլերը գցվեցին հենց այս հարթակի աշխատանքներում` համախմբելով ոլորտի մասնավորեցման հետևանքով որոշակի մասնաբաժիններ ակնկալող մի շարք անձանց և կազմակերպությունների: Հարթակն աչքի ընկավ նրանով, որ, երբ հայտարարեցի, թե ուսուցիչը զինվորի նման խրամատ պահող պետության ներկայացուցիչ է, ինձ մեղադրեցին խորհրդային մտածողություն ունենալու մեջ, իսկ պաշտոնատար անձանց քննարկմանը` մեզ ուղղակի չթողեցին մտնել հաստատություն: Հենց այս քննարկումների ժամանակ էլ որոշակիացվեց կրթության և հանրակրթության համակարգերը հեղափոխելու իշխանական ճանապարհային քարտեզը:
Կրթության համակարգը` այդպիսին համարվելու համար, պետք է հստակ ձևակերպի երկու մեծություն` կրթության բովանդակությունը և կրթական գործընթացը: Պատասխանելով «ի՞նչ սովորել» հարցին` կրթության բովանդակությունը հանդիսանում է տվյալ պետության կրթական քաղաքականության անձնագիրը: Ելնելով տվյալ փաստից՝ պետությունը հստակ սահմանում է կրթության բովանդակությունը կազմող հանրակրթական ծրագրերի առարկայացանկը և դրանց ձևավորման հիմնական սկզբունքները: Դրանով իսկ պետությունը, որպես իր քաղաքացիների մրցունակ և անվտանգ ապագայի երաշխավոր, սահմանում է իր կողմից իջեցվող հասարակական պատվերը, սահմանում դրա իրականացման ուղիները և տալիս անհրաժեշտ երաշխիքներ:
Կրթության բովանդակությունը նաև պատկերացում է ձևավորում տվյալ պետության կողմից ապագայի կանխորոշման, նախագծման վերաբերյալ, թույլ է տալիս ընդհանուր առմամբ դիմագծել պետության վաղվա օրվա քաղաքացուն: Այդ տեսանկյունից կրթության բովանդակությունն արտահայտող հանրակրթության պետական չափորոշիչը ոչ միայն մարդուն, քաղաքացուն, սովորողին ուղղված փաստաթուղթ է, այլ նաև ազգային անվտանգության հարցերը շոշափող կարևորագույն նորմատիվային ակտ: Հանրակրթության պետական չափորոշչի նոր նախագծով հստակեցված չեն ուսումնական բնագավառներից բխող ուսումնական պլանները և դրանց մաս կազմող պարտադիր ուսումնառության ենթակա առարկաները: Առաջարկվող նոր նախագծում նկարագրված են միայն ընդհանրական ուսումնական բնագավառները` առանց հստակ պետականորեն հիմնավորված տարանջատման՝ ըստ առանձին ուսումնական առարկաների: Հենց այս փաստն էլ հանրակրթությունը վերածում է աջաբսանդալի` սկզբնավորելով ռիսկերի հսկայական շղթա:
Հանրակրթության նախկին պետական չափորոշիչը, որն ընդունվել էր 2010թ.-ին և լրամշակվել 2011թ.-ին, որի 12-րդ և 13-րդ կետերով հստակ սահմանված էին դասավանդման ենթակա ուսումնական առարկաները՝ ըստ յուրաքանչյուր առարկայի և բնագավառի: Այսինքն, նախորդ տարբերակի կատարելագործմամբ ընթանալու փոխարեն, օրինակ` ավագ դպրոցների հոսքային ուսուցման խնդիրների կարգավորումը, նոր նախագծով կառավարությունը ավելի է ծանրացնում իրավիճակը: Կրթության հեղափոխական կառավարիչներն ըստ իրենց պատկերացման` կիրառել են առաջադեմ քայլ և ուսումնական պլանը տարանջատել են երեք բաղադրիչների. Պետական, դպրոցական և անհատական: Սակայն այդպես էլ դատարկ է մնացել պետական բաղադրիչի պարտադիր կատարման հատվածը, իսկ վերջին երկու բաղադրիչի առկայությունը ձևակերպված է՝ որպես «լավություն»` գագաթնակետին հասցնելով կրթական ճգնաժամը: Այնուհանդերձ, սույն փաստաթղթում ոչ միայն հստակ, հիմնավոր և անշրջելի կերպով արտահայտված չեն ազգային անվտանգության ապահովմանն ուղղված պետական ու ազգային շահերի ապահովման մոտեցումները պետական բաղադրիչում, այլև անհասկանալիորեն տարրալուծված է դպրոցական և ընտրովի բաղադրիչների շրջանակը:
Ներկա իշխանությունները, ելնելով իրենց գաղափարական նախասիրություններից, սիրում են անընդհատ միմյանց հակադրել ազգային մշակութային ժառանգությունն ու համամարդկային առաջընթացը: Իշխանական ուլտրալիբերալների նախընտրած զբաղմունքն է՝ ազգային ինքնությունը ներկայացնել հասարակական և պետական առաջընթացին խանգարող գործոն, որպես համաշխարհային ինտեգրացիոն գործընթացների ատամնանիվներում հայտնված քարակտոր: Հենց այս կեղծ և օտարահակ մտայնությունն է ստիպում դպրոցական ուսումնական պլաններում ազգային ինքնություն ապահովող առարկաները և դրանց ժամաքանակները զոհաբերել հանուն գլոբալ իրականության:
Նախկին չափորոշչի III մասի 12-րդ կետի 7-րդ ենթակետով` Հայոց եկեղեցու պատմություն առարկան ամրագրված է՝ որպես «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառի պարտադիր դասավանդման առարկա 5-6-րդ դասարանների համար: Առաջարկվող նախագծով «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառի շրջանակներում Հայոց եկեղեցու պատմություն առարկան տարրալուծված է և արհեստականորեն խառնված հայ ժողովրդի պատմության, մշակույթի և աշխարհագրության մեջ` արժեզրկելով դրանցից յուրաքանչյուրն ինքնին: Վտանգված է նաև Հայ ժողովրդի պատմության առարկայի ամբողջական, ժամանակագրական և գաղափարահայեցակարգային դասավանդումը` 7-12-րդ դասարաններում նախապատվությունը տալով Համաշխարհային պատմություն առարկային: Արդյունքում՝ ստացվում է, որ հայ ժողովրդի պատմության, հոգևոր ինքնության, մշակութային ժառանգության և քաղաքակրթական նշանակության դասավանդումը փաստացի իջեցվում է կենցաղային մակարդակի` սահմանափակվելով 5-6-րդ դասարանների ինտեգրված առարկայով:
Հայաստանի հեղափոխական իշխանությունները հանրակրթության պետական չափորոշիչի իրենց կողմից առաջարկվող նախագծով փորձում են լվանալ ձեռքերը կրթության համակարգի կենսագործումից՝ գործընթացը թողնելով բախտի քմահաճույքին, իսկ պատասխանատվությունը ծանրացնելով ծնողների, ուսուցիչների, երեխաների և տնօրենների ուսերին: Արդյունքում՝ ստացվելու է այն, որ պետական դպրոցներն իրենց իսկ միջոցներով չկարողանալով կազմել սեփական ուսումնական պլաններն ու այլընտրանքային ծրագրերը` վերջնականորեն տապալելու են հանրակրթությունը՝ հատկապես փոքր համայնքներում: Դրա արդյունքում՝ մեր երկրում կրթությունը կապրի աննախադեպ և անշրջելի որակական ու բարոյական անկում: Որպես հետևանք՝ հանրակրթությունը կդադարի լինել անվճար, կստեղծվի հակասահմանադրական իրավիճակ, կոտնահարվեն երեխաների հիմնարար իրավունքները` քանզի ստեղծված քաոսը հաղթահարելու հնարավորություններ կունենան միայն մասնավոր դպրոցները, որոնցում, ի դեպ, ուսումնառությունը կազմում է ամսական 60-100 հազար դրամ:
Իշխանությունները վերջին շրջանում նախաձեռնել են Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու ծրագիրը: Թերևս, դեսպանատուն բացելուց առաջ իշխանությունները լավ կանեին՝ ըստ արժանվույն ուսումնասիրեին կրթական համակարգի կառուցման, աշխարհում լավագույններից մեկը համարվող իսրայելական փորձը: Ազգային ինքնության, սեփական մշակութային, կրոնական, քաղաքակրթական ժառանգության և տեխնոկրատ ու գիտալիքահեն ուսուցման առանձնահատկությունները նրբորեն համատեղող մոտեցումն աշխատանքային լավ դաս կարող է լինել հեղափոխական կառավարիչների համար:
ՏՏ ոլորտի շատ հեղինակավոր ներկայացուցիչներ Իսրայելի տեխնոլոգիական ներուժը գնահատում են համադրելի ամերիկյան Սիլիկոնային հովտի հետ: Այդպիսի տեխնոլոգիական տնտեսության հիմքում, բնականաբար, որակյալ ու արդյունավետ կրթությունն է։ Կրթություն, որը միաժամանակ ներծծված է սեփական ինքնության արժևորմամբ, այսպես, օրինակ` հրեական ընդունելության քննությունը կամ «Բագրութ»-ը ներառում է պարտադիր քննություն սուրբ գրություններից /հրեական աստվածաշունչ, քրիստոնեական աստվածաշունչ կամ ղուրան/։
Հայերս սիրում ենք անհարկի համեմատվել հրեաների, Հայաստանը` Իսրայելի հետ, ուրախալի կլիներ, եթե ներհայաստանյան կրթության պատասխանատուները Հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցից դուրս հանելուց առաջ խորամուխ լինեին իսրայելական փորձի մեջ: Թավշյա իշխանությունները սխալված չեն լինի, եթե ուսումնասիրեն իսրայելական պատմությունից մի հետաքրքիր դրվագ ևս, այն, որ կրթության ոլորտի գերքաղաքականացումը այդ երկրում հանգեցրել է կառավարությունների հրաժարականների` կրթակարգի հարցերում սուր անհամաձայնությունների պատճառով։
Համաշխարհային մրցունակության ինդեքսի համապատասխան՝ Իսրայելն աշխարհի 20 ամենամրցունակ երկրների ցանկում է՝ նվաճելով «Ստարտափների ազգ» տիտղոսը: Ըստ տվյալ ինդեքսի` Իսրայելն առաջնորդում է երկրների ցանկը «Ձեռնարկատիրական մշակույթ բաղադրիչով։ Եվ սա՝ այն դեպքում, երբ 1953թ.-ին Կնեսետն ընդունեց «Պետական կրթության մասին» օրենքը, որով պետական վերահսկողության տարածումը տարաբնույթ ուսումնական հաստատությունների վրա դարձավ անխուսափելի և պարտադիր: Օրենքը կոչ էր անում, որպեսզի հրեական կրթությունն Իսրայելում հենվի «հրեական մշակույթի արժեքներին և գիտական նվաճումներին, սերն առ հայրենիք ու հավատարմությունն Իսրայել պետությանը և Հրեությանը…»։ Այս առումով, պետք է նկատել, որ 1950-ականներին Իսրայելի աշխատավորական կուսակցությունը լիովին արդարացի էր` հանդես գալով բոլորի համար մեկ միասնական կրթական համակարգ մտցնելու պահանջով։ Նման դիրքորոշումն առաջ էր քաշվել Իսրայելի նշանավոր վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնի և նրա համախոհների կողմից` «Մեկ երկիր-մեկ կրթական համակարգ» կարգախոսով։
Նույն Իսրայելում դպրոցական կրթության միասնականացման գործընթացը չզրկեց առանձին դպրոցների իրենց նախկին առանձնահատուկ գծերից։ Այս հանգամանքը լրջագույն հակափաստարկ է հայաստանյան կրթության համակարգի ուլտրալիբերալ ուժերի համար, ովքեր պետական կենտրոնացված կառավարումը համարում են ռիսկ կրթության համակարգի և մարդու ներդաշնակ զարգացման համար: Իսրայելական փորձը փաստում է, որ պետության կողմից իր գործառույթների վճռորոշ իրականացումը կրթության համակարգի միջոցով չի կարող դիտվել որպես կրթության համակարգի ճկունությանը խոչընդոտող միջոց: Եվ ամենակարևորը, կրթության համակարգում որոշ ճյուղերի դիվերսիֆիկացումը և ազատականացումը չեն կարող կատարվել պետական անվտանգային գործառութային բաղադրիչի հաշվին:
Մի կողմից՝ ստացվում է, որ պետությունը կրթական համակարգից հետ է քաշում իր պատվերը՝ որպես պետության անխուսափելի գործառութային դերակատարություն, մյուս կողմից՝ կրթությունը վերածում է վերահսկելի հետաքրքրաշարժ ժամանցի: Առաջարկվող նախագծում մշուշոտ է մնում, թե ո՞վ, ինչպե՞ս և ի՞նչ ուժերով պետք է մշակի որևէ դպրոցի համար այլընտրանքային կրթական ծրագիր, և դեռ հարց է, այդ ծրագիրը կլինի որակյալ և մրցունա՞կ, թե՞ կծառայի պետական բյուջեի ֆինանսական միջոցների տեղայնացմանը:
1-6-րդ դասարաններում հայոց լեզուն և գրականությունը՝ մեկ առարկայով, իսկ 5-6-րդ դասարաններում՝ Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները մեկ այլ առարկայով ինտեգրումը, 7-12-րդ դասարաններում «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառի համար նախապատվությունը համաշխարհային պատմությանը տալը ոչ միայն իսրայելական փորձի հակապատկերն է, այլ նաև սեփական ինքնության ուրացում և Հայաստանի համար վտանգներով հղի արկածախնդրություն: Կրկին համեմատականներ տանելով Իսրայելի հետ` նշենք, որ Սուրբ Գրքի ուսումնասիրումը մտնում է հանրակրթության պարտադիր ուսումնական առարկաների ցանկի մեջ, իսկ եբրայերենն ու գրականությունը տարանջատ են միմյանցից, հրեից պատմությունն էլ ինքնուրույն և առանձին ճյուղ է կազմում իսրայելական դպրոցում:
Վտանգը կայանում է նրանում, որ վաղը` սույն նախագծով ենթադրվող, սեփական ազգային արմատներից կտրված և աշխարհաքաղաքական հովերով տարված մեր երեխաները լրացնելու են արտագաղթողների միգրացիոն հոսքերը՝ որպես էժան, բայց որակյալ վարձու աշխատուժ: Ստացվում է, որ ներկա կառավարությունն իր կողմից առաջարկվող սույն նախագծով հովանավորում է ոչ թե Հայաստանի վաղվա անտանգ օրվա իր երաշխավորումը, այլ ցուցադրում է արտաքին ուժերից ստացված պատվեր` հնարավորինս ուժեղ հիմքեր ստեղծելով Հայաստանից կազմակերպված մտավոր արտագաղթի համար:
Կրկին ետ վերադառնանք իսրայելական փորձին, չունենալով ո՛չ նավթ, ո՛չ գազ, այդ երկրի զարգացման մեխը գլխավորապես նորարար տեխնոլոգիաներն են` այն սպասարկող կրթության համակարգով: Նույնական է վիճակը նաև մեր երկրում, սակայն Իսրայելում հատուկ և մեծ տեղ է հատկացվում բնական և ճշգրիտ գիտությունների ուսուցմանը, որն առանցքային է տեխնոլոգիաների կայացման գործում։ Գաղտնիք չէ նաև, որ հայկական գիտատեխնիկական պոտենցիալը ևս պայմանավորված է եղել ներդպրոցական ուժեղ հիմքերի վրա դրված բնագիտական` մասնավորապես՝ ֆիզմաթ առարկաների դասավանդմամբ:
Առաջարկվող նոր նախագծով ամերիկյան /STEM-Science, Technology, Engineering, Mathematics/ մոտեցումը դարձել է հիմնական հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի բնագավառ` «գրողի ծոց»-ը ուղարկելով «քիմիա», «ֆիզիկա», «կենսաբանություն», «աշխարհագրություն» գիտաճյուղերը ներկայացնող համապատասխան առարկաները: Նախագծում նշված է, որ 7-9-րդ դասարաններում ԲՏՃՄ-ն ներկայացված է առանձին բնագիտական առարկաներով, սակայն որո՞նք են դրանք, այդպես էլ հայտնի չէ: Բնականաբար, ավանդական բնագիտական առարկաների հարությունը կարող է տեղի ունենալ միայն դպրոցական կամ անհատական բաղադրիչի շրջանակներում: Արդյունքում կարող է ստացվել, որ, օրինակ, 8-րդ դասարանում երեխաները կարող են ուսումնասիրել միայն Կենսաբանություն և Աշխարհագրություն, կամ միայն Քիմիա և Ֆիզիկա: Այն դեպքում, երբ նախկին հանրակրթական պետական չափորոշչում հստակ ամրագրված էր, որ. «Բնություն, բնական գիտություններ» բնագավառը 7-9-րդ դասարաններում ներկայացված է Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն և Աշխարհագրություն պարտադիր առարկաներով:
Բնագիտական բլոկին հասցվող հարվածով տուժում է ոչ միայն Հայաստանի գիտատեխնիկատար ապագան, այլև մտածողության բարձր որակներով օժտված ապագա քաղաքացու ձևավորումը: Եվ թող կրթության ոլորտի հեղափոխական պատասխանատուները չպարծենան ներմուծված արևմտյան ձևաչափերով, քանզի մաթեմատիկայի և ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներում ամերիկյան կողմը ավանդաբար զիջել է թե՛ ԽՍՀՄ-ին, թե՛ Չինաստանին և թե՛ անգամ Ճապոնիային: Իսկ այդ արդյունքները, բնականաբար, STEM-ի մատուցած արջի ծառայություններն են: Ի հավելումն նշենք, որ հիմք ընդունելով ԽՍՀՄ գրանցած տեխնոլոգիական առաջընթացը` Ճապոնիան և ԱՄՆ-ը հայտարարել են խորհրդային կրթակարգին անցնելու մասին:
Ամփոփելով՝ պետք է փաստել, որ կրթության համակարգն իր էությամբ պահպանողական է` հիմնված ավանդույթի վրա, և չի կարող տրվել հեղափոխության` քաղաքակրթական հիշողության շերտերի կորստի վտանգով պայմանավորված: Այնուամենայնիվ, մեր երկրում գործող իշխանությունների ակտիվ ջանքերով փորձ է արվում ամեն կերպ «ազատականացնել» կրթությունը` հեղափոխական ամնեզիայի ենթարկելով այն: Դիտարկելով կրթության ոլորտի հեղափոխական պատասխանատուների թվարկված գործողությունները հանրակրթության մասով` կարելի է առանձնացնել նրանց հիմնական առաջնահերթությունները.
1. Պետության մենաշնորհային լիազորությունների մասնավորեցում:
2. Ազգային ինքնության շահերից բխող գիտակցության տարրալուծում:
3. Պետական միասնական կրթական դիրքորոշման տարբերակում:
4. Պետական ենթակառուցվածների սպասարկման օտարում:
Լևոն Նազարյան
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ