«Մենք այս պահին չունենք գործող Սահմանադրական դատարան». Ռուբեն Մելիքյան

Հուլիսի 3-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ «Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար»:

Հիշեցնենք՝ խոսքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին է:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ թարգմանությունները վաղուց արդեն հրապարակված ու հասանելի են՝ ինչպես հանրության, այնպես էլ՝ ԱԺ-ի համար, ու անհասկանալի էր, թե այդ միջնորդության իրական նպատակը ո՞րն էր:

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է իրավապաշտպան, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ:

– Ես որքանով տեղեկացա այդ մասին եղած հրապարակումներից, գործադիր իշխանության կողմից այդ փաստաթղթերն արդեն թարգմանված և առցանց տեղադրված են, և այս տեսանկյունից փոքր-ինչ անհասկանալի է, թե ինչո՞ւ են հենց հատկապես ՍԴ-ից պահանջում դրանց հայերեն թարգմանությունները: Այնուհանդերձ այստեղ կարևորը, կարծում եմ, ամենևին դա չէ, այլ այն, որ Սահմանադրական դատարանն այս պահին ֆունկցիոնալ չէ, չի կարող գործել: Մենք այս պահին չունենք գործող Սահմանադրական դատարան, որովհետև իշխանությունները ֆիզիկապես արգելում են ՍԴ 9 դատավորներից 3-ին մուտք գործել դատարան և իրենց գործառույթներն իրականացնել, 2 դատավոր գտնվում են արձակուրդում, և կարելի է ասել, որ այս պահին մենք ՍԴ՝ որպես գործող մարմին, չունենք: Հետևաբար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դիմումը ՍԴ-ն այս պահին քննարկել չի կարող: Թե ի՞նչ նպատակ է հետապնդում այդ մասով միջնորդությունը, դժվարանում եմ ասել: Միգուցե նպատակը ևս մեկ անգամ հավաստիանալն էր, որ հուլիսի 7-ին ՍԴ-ն ինչ-որ կերպ չի հավաքվելու և որոշում չի կայացնելու կոնկրետ այդ գործով, այն դեպքում, երբ կարծեք թե դրա տեխնիկական հնարավորությունն անգամ չկա: Այդ դիմումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կոնկրետ այդ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթը ծայրից ծայր քաղաքական է, և իշխանությունները պատրաստ են ցանկացած ապօրինության և հանցագործության՝ այդ գործով իրենց ցանկալի նպատակին հասնելու համար:

– Աշխատակարգային նիստ գումարելու համար պարտադի՞ր է արդյոք ՍԴ դատավորների մուտքը ՍԴ վարչական շենք:

– Որքան ես եմ տեղյակ, այո: Նիստեր գումարվում են միայն առկա ռեժիմով, այսինքն՝ հեռավար նիստեր գումարելու հնարավորության մասին ես տեղյակ չեմ, չեմ կարծում, որ այդպիսի հնարավորություն կա, և ըստ այդմ՝ այո, ՍԴ դատավորները աշխատակարգային որոշումներ կայացնում են ՍԴ վարչական շենքում գումարվող նիստերով, իսկ դա այս պահին տեխնիկապես հնարավոր չէ:

– Այլ շենքում, մեկ ուրիշ տարածքում հնարավո՞ր չէ առկա աշխատանքային նիստ հրավիրել:

– Հիպոթետիկ հարց եք տալիս: Չեմ կարծում, որ ես իրավասու եմ կամ հնարավորություն ունեմ այդ հարցին պատասխանել: Եվ առհասարակ չեմ կարծում, որ ՍԴ դատավորներն իրենց հեղինակությամբ ու փորձառությամբ՝ այն մարդիկ են, որ պետք է ստիպված լինեն մտածել նման լուծումների մասին:

– Ակնարկեցիք, որ այս ամենի նպատակը նշված գործի քննությունը հետաձգելն է: Ենթադրաբար՝ իշխանությունները սպասում են ՍԴ նոր կազմի ձևավորմանը: Բայց արդյո՞ք նոր դատավորները կարող են հին վարույթներում ներգրավված լինել:

– Այս պահին դժվարանում եմ պատասխանել: Ամեն դեպքում մենք ունենք կոնկրետ գործեր, որոնք ունեն կոնկրետ զեկուցողներ, և այն դատավորները, որոնց իշխանությունները փորձ են անում ՍԴ-ից հեռացնել, իրենց վարույթում ունեն բազմաթիվ գործեր, և դա չի վերաբերում միայն այս գործին:

– Դուք տեսնո՞ւմ եք իշխանությունների կողմից որպես ՍԴ դատավորի թեկնածու ներկայացվող որևէ մեկի, ով հուլիսի 7-ին քննվող գործով հրապարակային դիրքորոշում ու կարծիք չի հայտնել:

– Չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև մամուլում, ճիշտ է, անուններ են շրջանառվում, բայց ես չեմ կարծում, որ արժե այդ անունները քննարկել, քանի դեռ չկա որևէ պաշտոնական որոշում: Առաջինը, ըստ իրենց սահմանած հաջորդականության, պետք է կառավարությունը թեկնածու առաջադրի: Ուղղակի այս պահին ես կհիշեցնեմ մի բան: Երբ 2018թ. թեկնածություն էին ներկայացրել, այն մարդիկ, ովքեր այսօր Պառլամենտում են, նրանց մեծ մասի ջանքերով խափանվեց այդ թեկնածությունը՝ հիմնավորմամբ, որ պետք է բաց մրցույթ անցկացվի: Հիմա մենք կտեսնենք՝ բաց մրցույթ կանցկացնե՞ն, թե՞ այս անգամ ևս անսկզբունքայնություն կդրսևորեն:

Տեսանյութեր

Լրահոս