Փաշինյանը խուճապի մեջ է

Հայաստանում ստեղծված համավարակային ճգնաժամը արագ և շատ հաստատուն քայլերով վերածվում է կառավարման ճգնաժամի, և բոլորիս աչքի առաջ ՀՀ իշխանություններն օրըստօրե հայտնվում են քաղաքական փակուղու առաջ․ այս ամենի պատճառն իշխանության կողմից  համավարակի դեմ տարվող   անկազմակերպ ու բարձիթողի պայքարն է։

Շատ է խոսվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձախողել է համավարակի դեմ պայքարը, այլ հարց է, որ այս խնդրի հետ կապված նա ունի սեփական մոտեցումը, սակայն բանն այն է, որ Փաշինյանի խուճապահարությունն արդեն երևում է նրա ամենօրյա դրսևորումներից ու ցուցաբերած անադեկվատությունից։

Հետևելով իշխանությունների գործողություններին, թե ինչ ֆանատիկությամբ են խոսում արտակարգ դրության կարևորության և այդ ռեժիմում մարդկանց կողմից պարետատան որոշումների չպահպանման փաստի մասին, պարզ է դառնում, թե նման օրակարգը նրանց հարկավոր է բացառապես քաղաքական նպատակով։ Եվ դրա ականատեսը մենք դառնում ենք գրեթե ամեն օր։

Իշխանությունն անընդհատ խոսում է մարդկային կուտակումների մասին, սակայն հավաքները ցրելու ընթացքում մի ավտոբուսի կամ «Գազելի» մեջ մի քանի տասնյակ ոստիկանության աշխատակից է տեղափոխում։ Այստեղ էլ առաջանում է տրամաբանական հարցը․ ինչպե՞ս է լինում, երբ 50 ցուցարարը մարդկային կուտակում է, իսկ 300 ոստիկանը, որը «դեպքի» վայր է հասնում 5 կամ 6 փոխադրամիջոցով (իրական 15-20-ի փոխարեն)․ այդ դեպքում դա նորմալ աշխատանքային առօրյա է։ Ինչպես ասում են՝ մեկնաբանության հարց է։

Քննադատությունից և այլընտրանքային խոսքից Փաշինյանի սթրեսների մասին խոսվում է հաճախ, որը, իհարկե, աբսուրդային է։ Երբ քննադատում կամ տարբերվող կարծիք է հնչեցնում, իշխանության վարքագիծը միանգամից ոչ միայն մերժողական է դառնում, այլև տվյալ գործիչը կամ քաղաքական ուժը միանգամից պիտակավորվում է և դառնում ֆեյքային գրոհի թիրախ։ Այնինչ՝ իշխանությունը պարտավոր է քննարկել հնչեցրած ու շրջանառության մեջ դրվող այլընտրանքային կարծիքը, առաջարկությունը և փորձել լուծումներ առաջարկել:

Համաձայնեք՝ անընդունելի է այն երևույթը, երբ քննադատողներին իշխանության ներկայացուցիչները պիտակավորում են, հետո փորձում գտնել մեղավորներ, որքան էլ տարօրինակ է, այդ մեղավորի կարգավիճակում հայտնվում են նախկինները, կամ, ասենք, մեղավոր է դառնում ժողովուրդը, տնտեսվարող սուբյեկտները կամ այն անձինք, ում տվել են օժանդակություն, հետո հետ վերցրել:

Նմանօրինակ հերթական մեղադրական իրավիճակ տեղի ունեցավ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Հասկանալով, որ վարակակիրների ցուցանիշների հերթական աննորմալ աճն է գրանցվել (665 վարակակիր), իսկ մահերի ընդհանուր թիվը մոտենում է 500-ի (410), Նիկոլ Փաշինյանն իրեն բնորոշ ոճով սկսեց «մուննաթ» գալ բոլորի վրա։ Փաշինյանը բոլորից լավ է հասկանում, որ իր կառավարությունը ձախողել է և համաճարակի դեմ պայքարը, և ընդհանուր ողջ կառավարման գործընթացը․ նա գիտակցում է, որ առաջիկայում պետք է պատասխան տա իր կողմից կատարվող դիտավորյալ անգործության համար, հենց այդ պատճառով էլ նա նման արհամարհական ու ագրեսիվ դրսևորումներ է կիրառում՝ փորձելով արդարանալ ու ողջ մեղավորությունը բարդել հանրության վրա։

Վերջին շրջանում հաճախ ենք հանդիպում նրա կողմից այնպիսի արդարացումների, թե՝ «ժողովուրդ, չեմ հասկանում, ի՞նչն ենք սխալ անում»: Փաշինյանը նաև գիտի, որ սեփական ձեռքով դիմակ բաժանելն ընդամենը շոու է, և փողոցներում հնչող մարդկանց այն ջերմ խոսքերն ու ժպիտներն ընդամենը իմիտացիա է, քող, քանի որ բոլորի համար միանշանակ պարզ է մի բան․ լավ ու ժողովրդի մասին մտածող առաջնորդը ոչ թե փողոցում դիմակ է բաժանում, այլ այնպես է մշակում իր քաղաքական ռազմավարությունը, որ իրավիճակն այդպես քաոսային ու անկառավարելի չդառնա, իսկ քաղաքացին իրեն զգա պետության կողմից լիարժեք պաշտպանված։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930