Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի առաջին հակասությունները և թերությունները
Ինչպես գիտենք, սույն թվականի մայիսի 23-ին ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը (Օրենքը): Սակայն, Օրենքում առկա են բազմաթիվ հակասություններ և ոչ տրամաբանական կարգավորումներ։
Այս փուլում մենք կարող ենք տեսնել, որ քննիչների և դատախազների գործողությունները չեն բխում իրավունքի պահանջներից: Ինչպես գիտենք, մի շարք աղմկահարույց քրեական գործերի շրջանակներում կիրառված են կալանքներ նույնիսկ տվյալ քրեական գործով որևէ կարգավիճակ չունեցող երրորդ անձանց գույքերի վրա: Սրա նպատակը մեկն է՝ արգելել այդ գույքերի տնօրինումը մինչև այդ գույքերի բռնագանձումը քաղաքացիական վարույթի շրջանակներում: Նման քաղաքականությունը անթույլատրելի է:
Խնդրահարույց է նաև դատախազության լիազորությունների ծավալի սահմանադրականության հարցը: Օրենքով դատախազությանը վերապահվող գործառույթները, հատկապես ուսումնասիրության իրականացման փուլում, իրենց բնույթով քննչական են: Նման պայմաններում ստացվում է, որ տեղի է ունենում միջամտություն նաև քննչական մարմինների սահմանադրական իրավասությունների մեջ։ Խախտվում է քննչական մարմինների սահմանադրական ինքնությունը: Երկրորդ հերթին, դատախազությունը սահմանադրաիրավական ինստիտուցիոնալ անկախ համակարգ է, որի լիազորությունների շրջանակը խիստ սահմանափակ է և որոշվում է բացառապես Սահմանադրությամբ: Մինչդեռ, դատախազությունն այս Օրենքով օժտվել է չափազանց լայն շրջանակի լիազորություններով, ինչը չի բխում դատախազության իրավական կարգավիճակին վերաբերող սահմանադրական նորմերի էությունից:
Չափազանց խնդրահարույց է նաև գրավառու բանկի իրավունքների պաշտպանվածությունը այս Օրենքի համատեքստում: Դատախազությունը վերջին ժամանակներում հանդես է գալիս տարատեսակ հայտարարություններով՝ նշելով, որ բանկերը պետք է որոշակի ջանքեր գործադրեն պարզելու համար գույքի օրինականությունը: Այսինքն, ըստ դատախազության, գրավ ներգրավելուց առաջ բանկի գործառույթների մեջ է մտնում նաև այդ գույքի օրինականության հարցի բացահայտումը: Սակայն, բանկերն ուղղակիորեն չունեն բավարար և անհրաժեշտ գործիքակազմ նշված հարցը պարզելու համար և պարտավոր էլ չեն ունենալ: Այս համատեքստում անհասականալի է բանկերի լռությունը այս խնդրահարույց կետերի վերաբերյալ: Կարծում ենք, որ բանկերն առավել ակտիվ կերպով պետք է բարձրաձայնեն իրենց մտահոգությունները՝ կապված Օրենքի շրջանակներում իրենց իրավունքների հետ:
Սարգիս Գրիգորյան և Իրինա Դանիելյան, GPARTNERS իրավաբանական ընկերություն