Բաժիններ՝

«Երիտասարդական պալատը հիմա որ վերականգնեն, որպես ի՞նչ է ծառայելու»․ Քաղաքաշինության դոկտոր

Օրերս Երիտասարդական պալատի վերականգնման եռաչափ մոդելն է ներկայացվել, որի հեղինակը «A3 Architects» ճարտարապետական արվեստանոցն է։

Երիտասարդական պալատի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը «Փաստ» թերթի հետ զրույցում ասել է, որ Երիտասարդական պալատը վերականգնելու համար նախորդ տարի քաղաքացիական նախաձեռնություն է ստեղծվել, որտեղ ընդգրկվել են տարբեր բնագավառների ներկայացուցիչներ ու արվեստագետներ:

«Ի վերջո, եկանք այն հայտարարի, որ Երիտասարդական պալատը պետք է վերականգնվի այնպես, ինչպես կար: Նաև նամակ ենք գրել կառավարությանն ու պետական գույքի կառավարման կոմիտեին: Այնտեղ ներկայացրել ենք այն իրավական հիմքերը, որոնք պետք է ուսումնասիրվեն, որովհետև պայմանագիրը, որով սեփականաշնորհված էր երիտասարդական պալատը, կատարված չէր, և կային բազմաթիվ խախտումներ: Այդ ամենին զուգահեռ՝ սկսեցինք կազմել գծագրեր, և այդ գծագրերի հիման վրա ստեղծեցինք վերականգնման եռաչափ մոդելը»,- ասել է Անահիտ Թարխանյանը՝ նշելով, որ այս պահին աշխատանքները կարանտինի պատճառով սառեցված են:

168.am-ի հետ զրույցում ասաց «Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը՝ անդրադառնալով այս խնդրին, ասաց.

«Երիտասարդական պալատն ուզում են վերականգնել, բայց որպես ի՞նչ, այ, դա՛ է հարցը։ Որովհետև ժամանակին իր կոնստրուկցիայով համապատասխան չէր, իսկ 1997-988 թթ․ կարծես թե ուզում էին ինչ-որ փոփոխություններ կատարել, բայց էլի այդպես մնաց։ Սենյակները շատ փոքր են։ 8-9քմ սենյակներ են։ Հիմա որ վերականգնեն, որպես ի՞նչ է ծառայելու։ Եթե հին ձևով է վերականգնվելու, 9 քմ սենյակներ պետք է լինեն։ Այն ժամանակ մինի երիտասարդական ինչ-որ բան էր, տարբեր երկրներից երիտասարդներ էին գալիս, և այլն։ Հիմա արդյո՞ք քաղաքում կա դրա պահանջը։ Միայն վերականգնելը չի կարող գերխնդիր լինել, այն նաև ծախսատար է։

Դեպի Տերյան փողոց գնացող ոլոր-մոլոր ճանապարհ կա, Գաֆէսճեանը ժամանակին ուզում էր, որ այդ հատվածում այգի լիներ։ Մերժվեց առաջակը, բայց կարելի էր ճանապարհի վերևով բարձրանալ, փոքրիկ կամուրջներ էլ լինեին, բավականին գեղեցիկ կստացվեր»:

fip.am-ի հաղորդմամբ՝ Երիտասարդական պալատը վերականգնելը որպես լուր է ներկայացվել Ֆեյսբուքում «Զարգացման և ներդրումային ծրագրեր» էջի կողմից, որը  պնդում է, թե՝ «Երիտասարդական պալատի վերականգնումը քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական խոստումներից մեկն էր»։

Սակայն այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ «Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել, թե արդյոք որևէ բան փոխվե՞լ է այս առումով։ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պատասխանել է, որ քանդված շենքի վերականգնման ջանքերն արտացոլում են որոշակի մարդկանց և որոշակի խմբի տեսակետը։

«Համենայն դեպս՝ տարածքը սեփականատեր ունի, և այնպիսի գործընթաց, որն առնչվում է քաղաքային իշխանության հետ, այս պահին մենք չունենք։ Որևէ գործընթաց այս պահին չկա»,- ասել է Կարապետյանը։

Երիտասարդական պալատի բացումը տեղի էր ունեցել 1979 թվականին: Քաղաքի տարբեր ծայրերից երևացող պալատը համալիր կառույց էր, որտեղ կար հյուրանոց, լողավազան, ամուսնությունների գրանցման սրահ, ռեստորաններ և այլն: 2004 թվականին այն վաճառվեց «Ավանգարդ Մոթորս» ընկերությանը, որն էլ քանդեց կառույցը: Անահիտ Թարխանյանի խոսքով՝ երբ վերսկսեն իրենց աշխատանքները, ուսումնասիրությունների արդյունքում կկարողանան հայտարարել, թե որքան գումար և ինչ ժամկետներ են անհրաժեշտ Երիտասարդական պալատը վերականգնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս