Բաժիններ՝

«Իրենց միջոցով մոնոպոլիա է ստեղծվել, ոչ թե մրցակցային դաշտ. Հեռախոսն ամենաանօրինական սարքն է, որ օնլայն տաքսի ծառայությունում գոյություն ունի»

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն օրենսդրական փաթեթով նախատեսում է կանոնակարգել մարդատար տաքսի ծառայությունների բնագավառի օրենսդրական բացերը, բարձրացնել ոլորտի վերահսկողության մակարդակը և սպասարկման որակը:

Տաքսի ծառայության ոլորտում լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար նախատեսվում է սահմանել տարեկան 100.000 դրամ:

Ոլորտի ներկայացուցիչներն ասում են՝ սա մի շարք բարդություններ է առաջացնելու։ Տաքսու վարորդները կամ պետք է գրանցվեն՝ որպես ԱՁ կամ ՍՊԸ, կատարեն համապատասխան վճարներ (միանվագ տարեկան 100․000 դրամ, ամսական՝ մինչև 11․000 դրամ՝ կախված հարկային ռեժիմից, ինչպես նաև՝ ամսական 9500 դրամ պետական տուրք Երևան քաղաքում տաքսի վարելու արտոնագրի համար) ու շարունակեն համագործակցել օնլայն տաքսի ծառայությունների հետ, կամ ստանան անվճար լիցենզիա ու չաշխատեն օնլայն հարթակների հետ։

Նրանց դիտարկմամբ՝ չնայած առկա են ոլորտը կարգավորելուն միտված դրույթներ, այնուամենայնիվ, մեր կարծիքով՝ թերի են։

Օրինակ՝ Հոդված 1-ը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ պարբերությունը` «մարդատար-տաքսի ավտոմոբիլ` թեթև մարդատար ավտոմոբիլ, որի միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, իրականացվում է սպասարկման ծառայությունների մատուցում», առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ. «Մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրում (տաքսամոտորային փոխադրում)` մինչև 5 նստատեղով (ներառյալ՝ վարորդի նստատեղը), թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորների և ուղեբեռների պատվերով (անկախ պատվերի ձևից) վճարովի փոխադրման գործունեություն»: Այսինքն՝ տաքսամոտորային փոխադրումներից արհեստականորեն դուրս է մղվում թեթև մարդատար ավտոմոբիլների մի զգալի զանգված, որոնց նստատեղերի քանակը՝ բացառությամբ վարորդի նստատեղի, վեցից ութն է:

Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի պնդմամբ՝ արդեն իսկ անհավասար և խիստ անարդար է լիցենզիայի տուրքի չափի հավասարեցումը 1, 10 և 100 մեքենայի համար։ Իսկ իրենց բարձրացրած խնդիրների, դիտողությունների հետ կապված՝ դեռ քննարկումներ չեն եղել, չեն հրավիրել։

«Ես առաջարկել եմ հանրային քննարկում կազմակերպել, եթե ոչ՝ ստիպված կլինենք դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նրա հետ հանդիպենք և քննարկենք հարցը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահագն Սահակյանը։

Նա չհամաձայնեց օնլայն տաքսու ոլորտի ներկայացուցիչների այն պնդումներին, թե նախագծով  ձևավորված մրցակցային դաշտը կվերանա։

«Իրենց միջոցով մոնոպոլիա է ստեղծվել, ոչ թե մրցակցային դաշտ։ Իրենք որ եկան, 1100 տաքսի ծառայություն կար։ Մինչև 2010 թվականը բոլոր մեքենաները նորացվեցին։ Օնլայն տաքսիների ամենամեծ նպատակը տաքսու հաշվիչի փոխարեն՝ հեռախոս օգտագործելն է։ Այդ մեկ կետն իրենք անցկացնեն, դա ծով է։ Եթե հեռախոսը հաշվիչի փոխարեն չկարողանան օգտագործել՝ իրենք չեն կարողանա մրցել տաքսի ծառայությունների հետ, որովհետև այդ հեռախոսն ամենաանօրինական սարքն է, որ այդ ծառայությունում գոյություն ունի։ Այդ հեռախոսի միջոցով ինչ ուզեն՝ կանեն։ Էլ չեմ խոսում վտանգավորության մասին։ Ընդհանրապես արգելված է մեքենային ղեկին հեռախոս օգտագործելը»,- նշեց Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը։

Նրա պնդմամբ՝ հեռախոսներն ու դյուրակիր համակարգիչները չեն կարող ծառայել՝ որպես «չափման միջոց», քանի որ չեն բավարարում ներկայացվող ստանդարտների պահանջներին, մասնավորապես, ենթակա չեն կապարակնքման և, բնականաբար, դուրս են պետության վերահսկողությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս