Բաժիններ՝

«3 օր դատավորը «ճար էր ման գալիս», թե ինչպես կարող է գոնե որոշումը հիմնավոր դարձնի». Դավիթ Մովսիսյանի կալանքը երկարաձգվել է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, երկարաձգել է Դավիթ Մովսիսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդի Դավիթ Մովսիսյանը պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ:

168.am-ի հետ զրույցում Դ. Մովսիսյանի փաստաբան Գոռ Գևորգյանը դատարանի որոշումը որակեց ամոթալի. «Քրեական իրավունքի ու դատավարության հետ կապ չունեցող, որևէ իրավական իրավունքի ճյուղի հետ կապ չունեցող որոշում էր:

Սկսվեց մայիսի 25-ին, ավարտվեց երեկ: Տևեց 3 օր. 3 օր դատավորը «ճար էր ման գալիս», թե ինչպես կարող է գոնե որոշումը հիմնավոր դարձնի՝ անգամ հնարավորություն տվեց նախաքննական մարմնին՝ կանչեց քննչական խմբի ղեկավարին և դատախազին (բայց հարկ չհամարեցին գալ-ներկայացնել նյութերը): Առանց որևէ նյութ ներկայացնելու, փաստարկ ներկայացնելու. 4 ամիս առաջ ինչ ունեին, դա էր, և ոչինչ չէին ավելացրել: Դատավորն էլ երկարացման որոշում կայացրեց»:

Թեև փաստաբանը չի ուզում տեղի ունեցող գործընթացին քաղաքական «աստառ տալ», այդուհանդերձ չի բացառում, որ փորձ է արվում տեղի ունեցողը կապել Առաքել Մովսիսյանի անվան հետ. «Ուզում եմ մտածել, որ վարչապետը, համենայն դեպս, այդ ուղղվածությունը չէր ունենա: Իմ կարծիքով՝ զեկուցողներն են ներկա ստանում, ներկայացնողներն են ներկա ստանում ու կապելով Առաքել Մովսիսյանի հետ՝ ուզում են ծափի արժանանալ»:

Ըստ փաստաբանի՝ այս ամենը թույլ չի տալիս այլ հետևություններ անել. «Գոնե, երբ մենք ինստիտուցիոնալ առումով նայում ենք, թե դատական համակարգն ինչ պարագայում պետք է որոշում կայացնի և ոնց պետք է որոշումը մեկնաբանվի, բայց ստացվում է՝ առաջնորդվում են ինչով ասես՝ բացի իրավունքի ճյուղերից»:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին զորամասերից մեկում, հրազենային վիրավորումից մահացել է 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը։ Քննչական կոմիտեն տեղի ունեցածը որակել էր՝ որպես ինքնասպանություն, ու քրեական գործ հարուցել ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին. Նրանք պնդում են, որ սպանությունը ներկայացվում է՝ որպես ինքնասպանություն, և փետրվարի 2-ին սպանված զինվորի դագաղը բերում էին Երևան՝ ի նշան բողոքի: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո նրանք դադարեցրին բողոքի գործողությունը: Նույն օրը հայտարարվեց, որ քրեական գործով տեղի են ունեցել ձերբակալություններ:

Նրանց թվում է նաև ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս