«Գործ ունենք դաստիարակված, խելացի երիտասարդի հետ, ով գիտակցում է իր անմեղությունը, կալանավորման անհիմն լինելը». Դավիթ Մովսիսյանի պաշտպանը մանրամասներ է հայտնում

Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, թե պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրան մեղադրանք է առաջադրվել 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Նշենք, որ Դավիթ Մովսիսյանը Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է:

168.amԱռաքել Մովսիսյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք հանդիպել է որդու հետ, սակայն վերջինս հրաժարվեց մանրամասներ հայտնել. «Քննություն է գնում. արի չխառնվեմ ոչ մի բանի: Ես ադվակատ ունեմ, ադվակատի հետ խոսեք»:

Դավիթ Մովսիսյանի փաստաբան Գոռ Գևորգյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ կալանավորումը ծայրահեղ ապօրինի, չմեկնաբանված ու կամայական է.

«Առաջադրված մեղադրանքի հետ որևէ կապ չունի Դավիթ Մովսիսյանը, որի մասին մենք արել ենք համապատասխան հայտարարություն, համապատասխան առարկությամբ ենք հանդես եկել դատարանում՝ ինչպես ես, այնպես էլ՝ մեկնաբանությամբ ու պատճառաբանությամբ հանդես է եկել Դավիթ Մովսիսյանը:

Շատ ավելի զավեշտի հասնող իրավիճակ ունենք, երբ համարյա 24 ժամ քննվող կալանավորման խափանման միջոցի հարցի քննության ընթացքում դատարանում, եթե փորձեմ ժամաքանակի վերածել, 10 ժամից ավելի պաշտպանական կողմը հանդես է եկել առարկություններով՝ բերելով հակափաստարկներ ու հիմնավորելով առարկությունները: Այս պահին ձեռքիս տակ է դատարանի կողմից կայացված կալանավորման որոշումը. մարդ ուղղակի հիասթափվում է իրավաբանությունից, երբ կարդում է: 11 ժամվա առարկությունը հարգելի դատարանը հարկ է համարել իր որոշման մեջ գրել մեկ տողով. պաշտպաններն առարկեցին միջնորդության դեմ ՝ չբերելով պաշտպանների առարկության ընթացքում բարձրաձայնված բոլոր հակափաստարկները, բոլոր հիմնավորումները, հնչեցված հարցերին չտրված պատասխանները քննիչի կողմից, որոնք ուղղակիորեն փաստում էին՝ ինչպես մեղադրանքի ապօրինության, կալանքի միջնորդության ապօրինության, այնպես էլ՝ այդ հարցն առհասարակ քննության առարկա դարձնելը: Այսինքն՝ անգամ այդ միջնորդությունը ներկայացնելու համար իրենք չունեին իրավական հիմնավորումները, ու որպեսզի դատարանը հանգեր այդ հետևությանը՝ պետք է պատճառաբանական մասում շատ մանրամասն ուսումնասիրության առարկա դարձներ, որ ուղղակի անաչառ դիտորդի աչքին, կարդացողի աչքին տպավորություն կազմվեր, թե ինչի համար դատարանը եկավ այդ հետևության: Դատարանն իր վրա դրված պարտականությունն ուղիղ չկատարելով՝ ջուր լցրեց քննչական մարմնի ջրաղացին՝ փորձելով անհիմն որոշումն օրինականացնել իր որոշմամբ»:

Մեր հարցին ի պատասխան՝ Դավիթ Մովսիսյանի պաշտպանը որոշ մանրամասներ փոխանցեց նաև իր պաշտպանյալի տրամադրության ու տրամադրվածության մասին՝ նշելով.

«Մենք գործ ունենք դաստիարակված, իր ունակություններով աչքի ընկնող, բուհում անվճար ընդունված, խելացի երիտասարդ տղայի հետ, ով ամեն ինչ շատ լավ գիտակցում է, գիտակցում է իր անմեղությունը, գիտակցում է նաև այս պահին իր կալանավորման անհիմն լինելը, բայց նաև գիտակցում է, որ իր կալանավորումը որոշակի առումով կարող է կապված լինել մի շարք այլ հանգամանքների հետ, սակայն մենք տարբերվում ենք նախաքննական մարմնից ու դատարանից՝ չունենալով հիմնավորումներ՝ չենք կարող ուղղակի ենթադրությունների հիման վրա անել հետևություններ ու դա սարքել նաև հանրության սեփականությունը: Մի բան շատ հստակ կասեմ. Առաքել Մովսիսյանը, Դավիթ Մովսիսյանը և պաշտպանական կողմում կանգնած ցանկացած անձ ուղիղ կանգնած ենք զոհված զինծառայողի հարազատների կողքին. ամեն ինչ անելու ենք, որ դեպքի հանգամանքները մանրամասն ուսումնասիրության ենթարկվի, բացահայտվի ու դառնա հանրության սեփականություն. թույլ չենք տալու անձի անունը կապել մի միջադեպի հետ, որի հետ ինքը բացարձակ կապ չունի»:

Հիշեցնենք, հունվարի 30-ին Արցախում մահացած զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի հարազատները չեն հավատում, որ նա դիմել է ինքնասպանության: Նրանք, ի նշան բողոքի, փետրվարի 2-ին դին բերում էին Արմավիրից Երևան: Հարազատների հետ հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և հայտնել, որ զինծառայողի մահվան գործով ձերբակալվածներ կան, որոնցից մեկն Առաքել Մովսիսյանի որդին է:

 

Տեսանյութեր

Լրահոս