«Ձևավորված այս մթնոլորտում արդարության որևէ ակնկալիք չենք կարող ունենալ». Առաքել Մովսիսյանի որդու փաստաբանը՝ գործի մասին
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Առաքել Մովսիսյանի որդուն՝ Դավիթ Մովսիսյանին, կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Տեղեկությունը 168.am-ին փոխանցեց Դ. Մովսիսյանի փաստաբան Գոռ Գևորգյանը՝ հավելելով, որ դեռ տեղյակ չէ՝ ինչ հիմքով է մերժվել բողոքը.
«Որոշումը դեռ պատրաստ չէ. եռօրյա ժամկետում (երեկվանից՝ երեք օրվա ընթացքում) պատրաստ կլինի, բայց որևէ կերպ չեմ կարողանում պատկերացնել, թե որոշման մեջ ինչ պետք է գրված լինի, որ առաջին ատյանի դատարանի որոշումը համարի հիմնավորված, օրինական»:
Հարցին, թե գործով ի՞նչ են հաջորդիվ պատրաստվում ձեռնարկել, Գ. Գևորգյանը պատասխանեց. «Որոշումը ստանալուց հետո՝ Վճռաբեկ դատարան բողոքարկում: Անկեղծ ասած, Վճռաբեկ դատարանի հետ կապված որևէ հույս չունեմ. Նպատակս է միայն, որ սպառենք ներպետական դատական համակարգը, մեր բողոքարկման իրավունքը ռեալիզացնենք, որ կարողանանք բողոքարկումը շարունակել Եվրոպական դատարանում: Ինչպես հասկանում եմ, այստեղ, այս պահին, ձևավորված այս մթնոլորտում արդարության որևէ ակնկալիք չենք կարող ունենալ»:
Մեր խնդրանքով զրուցակիցը նաև անդրադարձավ իր պաշտպանյալի սպասումներին. «Մտածում է, որ ի վերջո արդարությունը պիտի հաղթի, ժամանակի հարց է, կարծում ենք»:
Հիշեցնենք ՝ հունվարի 30-ին Արցախում մահացած զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի հարազատները չեն հավատում, որ նա դիմել է ինքնասպանության: Նրանք, ի նշան բողոքի, փետրվարի 2-ին դին բերում էին Արմավիրից Երևան: Հարազատների հետ հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և հայտնել, որ զինծառայողի մահվան գործով ձերբակալվածներ կան, որոնցից մեկն Առաքել Մովսիսյանի որդին է: