Նոր բեմադրություններ, հյուրախաղեր համայնքներում. Արտաշատի դրամատիկական թատրոնի հավակնոտ ծրագրերը
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը արտակարգ դրության ավարտից հետո «Թատրոնի օր համայնքում» ծրագրի շրջանակում նախատեսում է ներկայացումներով հանդես գալ համայնքներում՝ խաղալով ինչպես տարբեր մշակութային կառույցներում, այնպես էլ՝ բացօթյա տարածքներում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը հիշեցրեց, որ նախորդ տարի թատրոնում բացել են 80 հոգու համար նախատեսված փոքր դահլիճը, որտեղ տիկնիկային ներկայացումներ են բեմադրվում: Նաղդալյանը կարծում է՝ դա մեծ նվաճում է, քանի որ կրտսեր հանդիսատեսին դեռ փոքրուց է անհրաժեշտ կապել թատրոնին: Մինչ կորոնավիրուսի տարածումը փոքր թատրոնում խաղացել են Դերենիկ Մարտիրոսյանի «Երեք խոզուկները»:
Անդրադառնալով սպասվող ներկայացումներին՝ տնօրենը տեղեկացրեց, որ համագործակցելով կրթական հաստատությունների հետ՝ թատրոնը նաև ծրագրային ներկայացումներ է բեմադրում: Բագրատ Գևորգյանն աշխատում է Նար-Դոսի «Մեր թաղը» ստեղծագործության բեմադրության վրա, «Կգամ» ներկայացմամբ մատուցվելու է Համո Սահյանի պոեզիան, իսկ Երևանից հրավիրված ռեժիսոր Արմեն Մարգարյանը Արտաշատի թատրոնի բեմ է բարձրացնելու «Տունը սահմանի վրա» ներկայացումը, որի հիմքում լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի ստեղծագործությունն է:
«Հաճախ ենք բեմադրական աշխատանքներում ներգրավում հրավիրյալ ռեժիսորների, ինչն արդյունավետ է: Թատրոնը հարստանում է թատերական տարբեր ոճերով, մոտեցումներով»,-նշեց Նաղդալյանը:
Տնօրենը թատրոնի զարգացման գործում կարևորում է նաև փառատոններին մասնակցությունը: «Նախկինում այս հարցը լուծված չէր, և թատրոնը կղզիացած էր, բայց ես խնդիր եմ դրել մասնակցել փառատոնների, ներկայանալ ինչպես հարկն է: Էական է նաև կադրային քաղաքականությունը, գեղարվեստական որակի բարձրացումը: Նման խնդիրներ կան բոլոր թատրոններում, բայց ես հավատում եմ գործընկերներիս և իմ ուժերին, քանի որ հրաշալի դերասաններ կան մեր թատրոնում: Կարող ենք կամաց-կամաց լուծել խնդիրները, և Արտաշատի թատրոնն առավել ներկայանալի դարձնել»,-ընդգծեց նա: