Բաժիններ՝

«Ո՞վ է Առաքելը և ո՞վ է իր Տերը». Հրանտ Թոխատյանը վերադարձել է բեմ՝ «Առաքել» ներկայացմամբ և բազմաթիվ հարցերի պատասխաններով

Տևական դադարից հետո կրկին բերմադրվում է Գևորգ Ալթունյանի հեղինակած և ռեժիսոր Արթուր Սահակյանի բեմադրած «Առաքել» ներկայացումը։

2022 թվականին էր տեղի ունեցել «Առաքել» ներկայացման պրեմիերան, երկար ժամանակ այն բեմից չէր իջնում, սակայն հետո որոշակի դադար եղավ և այս տարվա սեպտեմբերին ներկայացումը կրկին բեմ բարձրացավ՝ արդեն որոշակի փոփոխություններով։

Գլխավոր դերերում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն է՝ Առաքելի դերում, և դերասան Սամվել Թոփալյանը՝ Տիգրան Առաքելյանի դերում։

Կարդացեք նաև

«Առաքել» ներկայացումը հայ ազգի մասին է, գլխավոր գործողությունները տեղի են ունենում 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո։ Պատերազմին մասնակցել է նաև ազատամարտիկ Տիգրանը, մարտադաշտից վերադարձել է բոլոր ընկերներին կորցրած, կորցրել է նաև հարևանի երիտասարդ տղային՝ Լևոնին, ով իր ձեռքերի մեջ է մահացել։

Հոգեբանական ծանր ապրումներով Տիգրանը փորձում է վերջ տալ կյանքին, սակայն հայտնվում է Առաքելը։

Ներկայացման ընթացքում հնչում է գլխավոր հարցը՝ ո՞վ է Առաքելը և ո՞վ է իր Տերը։

Թոխատյանի կերպարը պատասխանը տալիս է հենց բեմից. «Այսքան տարի սպասում ենք, որ մեկը գա ու փրկի մեզ: Երբ հասկանանք, որ մեր ուժը մեր միասնության մեջ է, կյանքն էլ, պայքարն էլ ավելի հեշտ կդառնան։ Ոչ թե պետք է հանձնվել, արտագաղթել կամ կախվել, այլ ապրել ու պայքարել։ Ու երբ հաղթենք, ամեն մեկն իր որդու գերեզմանի եռագույնը հպարտությամբ կտանի ու կդնի այն հողի վրա, որի համար որդին կյանք է տվել։ Սա՛ է արժանապատվության ուղին»։

Բեմում Տիգրանի և Առաքելի երկխոսության ընթացքում ներկայացվում են բոլոր այն իրավիճակները, որոնց ազատամարտիկը բախվել է թե՛ պատերազմի դաշտում, թե՛ արդեն վերադառնալով Երևան։

Ներկայացման պրոդյուսեր Արամ Թոխատյանի խոսքով, հայրը՝ Հրանտ Թոխատյանը, բեմը, ստեղծագործելու ընթացքը շատ էր կարոտել։

«Ներկայացումը բեմ է վերադարձել նոր շնչով։ Թեև որոշ դադար կար, սակայն այսօր այդ հանգամանքն այլևս չի զգացվում: Թիմն այնքան լիարժեք և անմնացորդ է ներգրավված աշխատանքում, որ թվում է՝ դադար ընդհանրապես չի էլ եղել։ Հայրս շատ էր կարոտել բեմը, ստեղծագործելու ընթացքը։ Իսկ հիմա վերադարձել է այնպես, կարծես երբեք չէր էլ հեռացել բեմից: Իսկ հանդիսատեսի արձագանքը մեզ վստահություն է ներշնչում, որ ճիշտ տեղում ենք։

Այս հանդիպումներին շատերն էին սպասել։ Տպավորություն է, որ հարազատ մարդկանց սպասված հանդիպում էր։ Հանդիսատեսը դերասանների հետ ծիծաղում է, տխրում, մտորում։ Ներկայացումներից մեկի ավարտին մի կին ասաց․ «Մենք մեր կյանքն ենք տեսնում բեմից»: Իսկապես, այս պատմությունը մեր կյանքի, հույսի ու հավատի մասին է։ Առանց դրա առաջ գնալ չենք կարող»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արամ Թոխատյանը՝ հավելելով, որ ներկայացման յուրաքանչյուր ցուցադրություն անցնում է բացառիկ մթնոլորտում։

Ըստ պրոդյուսերի, «Առաքել»-ը կշարունակի իր բեմական կյանքը: Նոյեմբերի 17-ին այն կրկին բեմում կլինի՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, իսկ առաջիկայում նաև հյուրախաղեր կլինեն։

Հրանտ Թոխատյանը բեմում այնպիսին է, ինչպիսին նրան սիրում է հանդիսատեսը՝ էներգիայով ու կյանքով լի, երբեմն՝ իմպրովիզներով, երբեմն՝ հանդիսատեսի հետ բեմից երկխոսության մեջ մտնելով։

«Թիմի բոլոր անդամներն իրենց գործի նվիրյալներն են։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ «Առաքել»-ը ստեղծվել է 9 ամսում՝ ճիշտ նույնքան ժամանակահատվածում, որքան «Խաթաբալադան» և «Mea Culpa»-ն։ Դա երեխայի ծնվելու պես մի բան է՝ երկար, բարդ, բայց չափազանց սպասված»,- ասաց Արամ Թոխատյանը։

Ներկայացման ընթացքում ազատամարտիկը մատնանշում է նաև այն ցավալի երևույթները, որոնք 44-օրյա պատերազմից հետո տեղ են գտել հայ հասարակության մեջ, երբ, օրինակ, 2023 թվականին Արցախը հայաթափվել էր, 120 հազարից ավելի արցախահայեր ուղղակի սովի ու մահվան ճիրաններից փրկված եկել էին Հայաստան՝ մեկը տուն ուներ, մեկը փողոցում էր մնացել, իսկ Երևանի կենտրոնում անցկացվում էր «Գինու օրեր» փառատոնը, մարդիկ զվարճանում էին, պարում։

«Ուրեմն ի՞նչ է ստացվում՝ 90-ականներից մինչև օրս զոհված տղաները հանուն ոչնչի՞ են զոհվել, այս ամենը սո՞ւտ էր, այս 35 տարին սո՞ւտ էր, Առաքել։ Լևոնը զոհվել է հանուն ոչնչի՞, հա՞։ Հիմա կասես՝ ձեր ուժը ձեր միասնության մեջ է, բայց այդ միասնությունը դրսևորվում է  միայն ճոխ քեֆերի ժամանակ, սահմանին կանգնած զինվորի կենացը խմելով, ու երբ այդ տղաներից մեկն իր կյանքն է տալիս հողի համար, նույն պահին սեղաններ են գցում ու ճոխ քեֆ անում։

Առաքել, հիմա այս երկրին ու այս ժողովրդին ոչ մի բան չի՞ փոխի, ի՞նչ է ստացվում, ուրեմն մեզ պետություն պետք չէ՞, պատմություն, մշակույթ, եկեղեցի պետք չէ՞, ի՞նչ եք ուզում, որ մի օր այս երկրի երեսից պետք է վերանանք՝ որպես անպետք սպի՞։ Այս ամենն ի՞նչի համար էր, մեր սրբատեղերը հիմա մոլերն ու լափելու տեղերն են դարձել, այսքան զոհված տղերքն ինչի՞ համար էին, մի փոր հացի՞, «որտեղ հաց, այնտեղ կաց», գիտես՝ սա ո՞ւմ կարգախոսն է, Առաքել»,- ահա այսպիսի հարցեր է առաջ քաշում ազատամարտիկ Տիգրանը բեմից և մտածելու առիթ տալիս դահլիճում գտնվող յուրաքանչյուր մարդու։

Իսկ Առաքելը՝ որպես Տիգրանի կյանքում հայտնված մարդ, նրան հորդորում է պայքարել։

«Պայքարելու տարբերակը կա, թե՞ դրանից խաբար չէր, ապրելու, մնալու ու պայքարելու տարբերակն էլ կա։ Լավ, ենթադրենք՝ դու կախվեցիր, Պողոսն էլ փախավ, բայց իր երեխուն կորցրած ծնողն ի՞նչ անի, իրենք ո՞ւր գնան, «Եռաբլուրն» ո՞ւր թողնեն։ Հասկացանք, հող եք կորցրել, ամբողջ ազգով զինվոր դարձեք, ուժ հավաքեք, հզորացեք ու գնացեք հետ բերեք ձեր հողերը, թե՞ հանձնվելը, կախվելը, արտագաղթելը հեշտ է։ Ի՞նչ եղավ ձեր արժանապատվության հետ»,- ահա այսպիսին է Առաքելի  մոտեցումն իրավիճակին, որը նույնպես հանդիսատեսին մտորելու տեղիք է տալիս։

Տեսանյութեր

Լրահոս