Բաժիններ՝

Պատի կեսն էլ փլվեց, գնաց․ Վայքի ջրատարը շարունակում է մեծ վնասներ հասցնել

Վայոց Ձորի Վայք քաղաքի ջրատարը շարունակում է մեծ վնասներ հասցնել սեփական տներին՝ առաջացնելով փլվածքներ։

Հարակից սեփական տների բնակիչների փոխանցմամբ՝ ջրատարը 1960-ական թվականներին սարքել են հիդրոէլեկտրակայանի համար, սակայն այն նախատեսված է նաև ոռոգման համար: Ջերմուկի խճուղու առաջին նրբանցքի 4 տները, որոնք ավելի մոտ են ջրատարին, այսինքն՝ մաքսիմում հեռավորությունը 5-6 մետր է, անընդհատ վնասներ են կրում են:

«Տարիներ շարունակ բարձրաձայնել ենք խնդրի մասին՝ հորդորելով պատկան մարմիններին՝ ծածկել ջրատարը կամ գոնե վերանորոգել, սակայն ապարդյուն։ Հերիք չէ՝ եղածը չեն սարքել, դեռ մի բան էլ նոր փլուզում է եղել։ Պատի կեսն էլ փլվեց, գնաց։ Նամակ ենք գրել ՀՀ նախագահին, վարչապետի աշխատակազմին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Ջրային կոմիտե, սակայն՝ ոչ մի արձագանք։ Գոնե մեկը գա, բացատրեն՝ հասկանանք, թե ի՞նչ պետք է արվի։ Մի լուծում պետք է գտնել»,- 168.am-ի հետ զրույցում ասացին տուժած բնակիչները։

Կապ հաստատեցինք նաև Վայքի համայնքապետարանի քարտուղար Գագիկ Մուշկամբարյանի հետ, ով պատասխանեց, որ այդ ուղղությամբ արվող քայլերի մասին պարզ կդառնա առաջիկայում մարզպետի հետ հանդիպումից հետո։

«Թե դա վերջն ում իրավասության տակ է՝ ոչ ոք չգիտի։ Կռավարության որոշմամբ ջրօգտագործման թույլտվություն են տվել այդ ՀԷԿ-ին, որը շահագործում է ջրօգտագործողների ընկերությունը։ Համայնքային է, բայց Կառավարության որոշմամբ հանձնված է ՋՕ-ին։ Մենք ամեն ինչ անում ենք, որ բնակիչներին օգնենք, բայց այդ հարցում ի վիճակի չենք։ Մարզպետն առաջնահերթ խնդիրների վերաբերյալ առաջարկություն է մեզ ներկայացրել, որպեսզի քննարկվի, առաջնահերթ խնդիրների թվում նաև ջրատար առուն է։ Ուզում եմ, որ քննարկմանը գան բնակիչներն ու խնդիրը ներկայացնեն, որ միգուցե մարզպետը հարցը բարձրացնի ու լուծում տան։ Այն ժամանակ ոռոգման շրջանը երբ ավարտվում էր, պետության կողմից որոշակի վերանորոգում լինում էր, իսկ հիմա ամառ-ձմեռ հոսում է, ոռոգման հասկացություն չկա։ Եթե այսպես շարունակվի՝ ամբողջ Վայքն է այդ վիճակում հայտնվելու։ Առվից ներքև ամբողջ երկայնքով տներ են։ Իրոք, մարդկանց վիճակը շատ վատ է»,- նշեց Գագիկ Մուշկամբարյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս