«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ մենք, ցավոք, փորձում ենք ցույց տալ, որ խաղաղասեր ենք․ դա մեզ վատ տեղ է տանելու»․ Կարեն Հովհաննիսյան
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ադրբեջանում ամեն օր՝ ժամը 10։00-10։30-ի սահմաններում, տարածվում է հաղորդագրություն, որ «թշնամին խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծել է» ադրբեջանական բնակավայրերը, իսկ իրենք դիմել են պատժիչ գործողությունների, որի արդյունքում «թշնամին լռել է»։ «Ադրբեջանը բացահայտ մեզ մեղադրում է մի բանի մեջ, որն ինքն է անում։ Սա հենց այնպես չի արվում․․․»,- գրել էր նա։
168․am-ի հետ զրույցում փորձագետն ասաց, որ Ադրբեջանը փորձում է իմիտացիա ստեղծել, թե Հայաստանն ագրեսոր երկիր է և անընդհատ կրակում է, գործողություններ է իրականացնում, և իրենք պատժիչ գործողություններ են իրականացնում․ «Միջազգային հանրությանը փորձում են ցույց տալ, թե Հայաստանն է ագրեսոր երկիրը, իսկ Հայաստանը գոնե մեդիադաշտում Ադրբեջանին համահունչ պատասխան չի տալիս։ Միջազգային հանրությանը մատուցում են, թե Արցախում գտնվում է ՀՀ բանակը, որն իրականացնում է այսպիսի գործողություններ։ Սա հենց այնպես չի արվում։ Մեր մեդիադաշտը շատ պասիվ է, երևի պետք է վերադառնալ ամենօրյա ռեժիմով հրապարակումների, այդ ամենշաբաթյա հրապարակումների վերջը տանք։ Պետք է նաև ակտիվորեն սկսենք լուսաբանել, թե ամեն օր քանի կրակոց է եղել։ Պարտադիր չէ, օրինակ՝ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտի վնասվելու մասին լուր տանք, բայց եթե թեկուզ մի կրակոց է հնչել գյուղի ուղղությամբ, անպայման պետք է սրա մասին բարձրաձայնենք, այլ ոչ թե շաբաթվա վերջում ընդհանուր հաղորդագրության մեջ ուղղակի նշվի»։
Դիտարկմանը՝ ՀՀ վարչապետն ասում էր՝ Ալիևը կառուցողական է տրամադրված, նա այսպես արձագանքեց․ «Ալիևը երբեք կառուցողական չի եղել, միգուցե հանդիպումների ժամանակ փորձում է այդպիսի տպավորություն թողնել, բայց իր գործողությունների մեջ Ալիևը հակառակն է ապացուցում։ Նա բառիս ամենաիսկական իմաստով՝ ամենապատերազմասեր ղեկավարն է, որը մեր տարածաշրջանում եղել է։ Նա նույնիսկ ստեղծում է լայնածավալ զորավարժությունների իմիտացիա՝ դրանով ևս սրելով հարաբերությունները։ Չմոռանանք, որ մեր ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ, եթե սադրանք լինի, պատասխանելու ենք, մեր առաջին ռազմական կառույցը բերվեց մարտական պատրաստության։ Այսինքն՝ ամեն ինչ անում են, որ սադրեն, այնպես չէ, որ Ալիևը կառուցողական է տրամադրված։ Տեսեք՝ Ադրբեջանը բաց չի թողնում նույնիսկ այս պահը, երբ ամեն ինչ օնլայն է, և իր ռազմատենչ քաղաքականությունն է առաջ տանում, որը նաև ենթադրում է հայատյաց քաղաքականություն։ Նկարչական ինչ-որ մրցույթ են կազմակերպել՝ «Մեծ հաղթանակի սկիզբը» խորագրով, և հետաքրքիրն այն է, որ հիմքում դնում են ապրիլյան պատերազմը։ 6-18 տարեկանների շրջանում անցկացված մրցույթի նկարները որ նայեք, այնտեղ հային սպանելու, հայի վրա նշան բռնելու տեսարաններ են, ու դա հերոսացնում են»։
Կարեն Հովհաննիսյանը նկատեց, որ ադրբեջանցի երեխաների մրցույթի առաջին տեղը զբաղեցրած նկարներից մեկն ադրբեջանական մեդիադաշտում քննարկման նյութ է դարձել, որ մեծ հաղթանակի սկիզբը Լելե-Թեփեն գրավելն է, այնուհետև Ղարաբաղն են գրավելու, և կամուրջով միանալու են Թուրքիային․ «Այսինքն՝ մեծ հաղթանակի սկիզբը դա է, որ կամուրջ պետք է լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Այնպես որ, այս առումով իրենք բավականին լավ լծվել են այդ ռազմատենչ քաղաքականությանը, նույնիսկ իրենց սերունդներին են դաստիարակում, իսկ մենք, ցավոք սրտի, փորձում ենք ցույց տալ, որ խաղաղասեր ենք, խաղաղություն ենք ուզում։ Իրականում դա մեզ վատ տեղ է տանելու։ Այո, մենք խաղաղություն ուզում ենք, բայց եթե դիմացինը պատերազմ է ուզում, մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի»։
Փորձագետը նշեց, որ բազմաթիվ դեպքերի, հայտարարությունների վերլուծությունը բերում է նրան, որ Ադրբեջանը գնալու է ռազմական գործողությունների․ «Այս դիվերսիոն գործողությունները համարում եմ ստուգիչ գործողություններ, այսինքն՝ իրենք ինդիկատորի դեր են կատարում և փորձում են ստուգել մեր զգոնությունը, մեր արձագանքը։ Տեսեք՝ եթե մի հատվածում եղավ դիվերսիա, իրենք փորձում են վերլուծել, թե ինչպիսի վարք ենք այդ տարածաշրջանում դրսևորում՝ զորք ենք կուտակում, նոր ուժեր ենք բերում, ինժեներական աշխատանքներ ենք կատարում։ Այսինքն՝ սրանք ստուգողական դիվերսիոն գործողություններ են։
Մյուս կողմից՝ իրենց խորհրդարանի վարչական շենքի առջև մոտ 60-70 մարդ էր հավաքվել, իսկ իրենց մեդիադաշտը ներկայացնում էր՝ հարյուրավոր, և նրանք պահանջում էին պատերազմ Արցախում։ Այստեղ ևս ես տեսնում եմ ադրբեջանական իշխանության բացահայտ հետքը։ Այս դետալները եթե ի մի ենք բերում, հասկանում ենք, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների․ դրանք լինելու են այն ժամանակ, երբ Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքում Ալիևը չի տեսնի իր իշխանությունը պահելու այլ լուծում»։