«Սերժ Սարգսյանի նամակի պատասխանը երաշխիքներն էին, որ ստանալու էր Արցախը և հանրաքվեն». Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակին՝ ուղղված ՌԴ նախագահին։
«Նամակի պատասխանը հույժ գաղտնի է, նամակի ամբողջ գործընթացն է հույժ գաղտնի, բայց հրապարակային մենք բոլորս կարող ենք տեսնել, թե դրա պատասխանը որն է եղել։ Դրա պատասխանը եղավ սպառազինության ձեռքբերման համար հաստատված վարկի աջակցություն։
Նաև եղավ այն, որ հետագա փաստաթղթերում միջանկյալ կարգավիճակը՝ իր բոլոր երաշխիքներով, հանրաքվեն, որը հիմա որոշ քարոզիչներ փորձում են ներկայացնել, թե Ադրբեջանի ողջ տարածքում էր, մինչդեռ այնտեղ սևով սպիտակի վրա գրված էր, որ այդ հանրաքվեն անցկացվելու էր Ղարաբաղում և Ղարաբաղի բնակչության համար։ Եթե Ադրբեջանը երկարացներ հանրաքվեի իրականացումը, Լաչինն ու Քարվաճառը հավերժ կմնային հայկական։ Այդպես է ասել նաև Ալիևը, երբ առաջին անգամ ոտք դրեց այդ տարածքներ, ասաց՝ «եթե բանակցային գործընթացը գնար այնպես, ինչպես գնում էր, այս տարածքները հավերժ մնալու էին հայկական»»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Նա հիշեցրեց, որ այս նամակի պատասխանը երեկ նաև ՌԴ-ի կողմից տրվեց, երբ նշվեց, որ Նիկոլ Փաշինյանն է կանգնեցրել բանակցային գործընթացը, 2019 թվականի առաջարկները նա է մերժել։
«2019 թվականի առաջարկները, որն ինքը խաբում էր, թե չկա, աշխատելու համար բավականին լավ փաստաթուղթ էր, որտեղ կարելի էր ավելի լավացնել Հայաստանի դիրքերը։ Ինչո՞ւ չէ՝ նաև Վիեննա, Սանկտ Պետերբուրգ պայմանավորվածությունները և զարգացումները, որոնք տեղի են ունեցել, այդ թվում՝ նաև այդ նամակի արդյունքներն են»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։
Նա շեշտեց՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք նման նամակներ շատ են եղել, բայց դրանք չեն գաղտնազերծում, որովհետև դրանց արդյունքները, հետևանքները տեսանելի են բանակցային գործընթացից։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
