Բաժիններ՝

ՔՈՎԻԴ-19-ի հանելուկները. Ինչո՞ւ են կորոնավիրուսից մահանում երիտասարդ և առողջ տղամարդիկ

Երբ կորոնավիրուսը դեռ նոր էր հայտնվել թերթերի գլխագրերում, այն անվանում էին «թոքաբորբի անհայտ տեսակ»: Համակարգչային տոմոգրաֆիան իսկապես ցույց էր տալիս, որ թոքերում փոփոխություններ կան, բայց թոքաբորբ բուժող սովորական դեղամիջոցներն արդյունավետ չէին: Արյան մեջ թթվածնի մակարդակը շեշտակիորեն ընկնում էր: Եվ թոքերի արհեստական օդափոխման սարքերը ոչ միշտ էին օգնում: Այս մասին գրում է poisknews.ru կայքը:

 Միգուցե սակավարյունությո՞ւն է

Այդ ժամանակ վարկած հայտնվեց, որ միգուցե դա բոլորովին էլ թոքաբորբ չէ, այլ սակավարյունություն: Չինացի գիտնականների հետազոտությունները հաստատում են՝ ՔՈՎԻԴ-19 ունեցող ծանր հիվանդների մեծ մասի մոտ էականորեն իջնում է հեմոգլոբինի մակարդակը:

Վարակաբան Վիկտոր Մալեևը կայքի հետ զրույցում ասել է, որ կորոնավիրուսն իսկապես կարող է ախտահարել երկաթ պարունակող հեմոգլոբինի պորֆիրինային միջուկը: Հենց հեմոգլոբինն է պատասխանատու թոքերի թթվածնի համար: Այդպիսի հիվանդներին իսկապես թոքերի արհեստական օդափոխման սարքերը չեն օգնի: Այդ հիվանդներին անհրաժեշտ է թթվածին տալ անմիջապես արյան մեջ: Բայց այն մասին, որ կորոնավիրուսը սակավարյունություն է հարուցում, խոսք անգամ լինել չէր կարող:

«ՔՈՎԻԴ-19-ը չի կարող, պարզապես չի հասցնի: Ենթաստամոքսային գեղձում էրիթրոցիտները քայքայվում են 120 օրում, իսկ կորոնավիրուսն անհամեմատ արագ է զարգանում»,- նշել է գիտնականը:

Թե՞ ամեն դեպքում՝ թրոմբոզներ…

Վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ է բարձրաձայնվում ևս մեկ տեսության մասին: ՔՈՎԻԴ-19-ի հարուցած ծանր բարդությունների գլխավոր պատճառը վիրուսի կողմից սադրված թրոմբոզն է:

Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած առաջին կնոջ մահվան անմիջական պատճառը հենց պոկված թրոմբն էր: Այդ ժամանակ բոլորը համարեցին, որ ՔՈՎԻԴ-19-ի հետ դա ոչ մի կապ չունի: Բայց պարզվեց, որ կապ, այնուամենայնիվ կա: Ապրիլի վերջին «The Lancet» ամսագրում լույս տեսավ մի հոդված՝ չինացի հետազոտողների արդյունքներով: Եվ նրանք պնդում են՝ կորոնավիրուսը նախ և առաջ՝ վտանգավոր է նրանով, որ հարուցում է թրոմբոզ: Դրա հետ համաձայն են նաև իտալացի բժիշկները: Նրանք ընդհանրապես առաջարկում են վերանվանել ՔՈՎԻԴ-19-ը ու փոխել բուժման արձանագրությունները:

«Մենք առաջարկում ենք՝ որպես ՔՈՎԻԴ-19-ի նոր անվանում, կիրառել MicroCLOTS-ը (ՔՈՎԻԴ-19-ի միկրոանոթային սինդրոմ՝ թոքերում օբստրուկտիվ թրոմբոբորբոքային սինդրոմով): Մենք ենթադրում ենք, որ ալվեոլյար վիրուսային ախտահարումներին հետևում են բորբոքային ռեակցիաները և թոքերի միկրոանոթային թրոմբոզը»:

Իտալացիները համառորեն խորհուրդ են տալիս կորոնավիրուսով հիվանդների թերապիայում օգտագործել հակակոագուլյանտներ:

Այդպիսի եզրակացության է եկել նաև Պիրոգովի անվան առաջին քաղաքացիական հիվանդանոցի բժիշկ-թերապևտ Վասիլի Կուպրեյչիկը: Ուսումնասիրելով կորոնավիրուսով հիվանդների քարտերը՝ նա հետաքրքիր առանձնահատկություն նկատեց:

«Կորոնավիրուսով հիվանդի ստանդարտ թերապիան մեր իրականության մեջ ենթադրում է պլակվելինի (հակամալարիային), կալետրայի (հակավիրուսային), հակաբիտոտիկների (բակտերիաների դեմ) պրեպարատներ և հեղուկներ: Մի շարք հիվանդների մոտ թերապիային գումարվում է ֆրակսիպարինը (հակակոագուլյանտ): Եվ ահա ես ուշադրություն եմ դարձրել այն բանին, որ, եթե հիվանդի համար այդ սխեման «հարստացնում են» կլեկսանով՝ ևս մեկ հակակոագուլյանտով, նկատվում է ակնհայտ դրական դրինամիկա»,- գրել էր բժիշկն իր ֆեյսբուքյան էջում:

Կուպրեյչիկի խոսքով՝ թրոմբոցիտային և լիմֆոպենային այսպիսի թերապիայից հետո նվազում են բորբոքային մարկերները, համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տալիս թոքերում դրական փոփոխություններ, հիվանդն էլ կամ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում է հետ բաժանմունք, կամ չի ընկնում ինտենսիվ թերապիայի բաժանմունք:

Որպես նոր տեսության լրացուցիչ փաստարկ՝ Կուպրեյչիկը բերում է պաթոմորֆոլոգ Լիլյա Սելիվանովայի ուսումնասիրությունները: Նա զբաղվում է կորոնավիրուսից մահացածների հետազոտություններով: Նրա խոսքով՝ մահացածների մեծ մասի մոտ եղել են թրոմբներ թոքային արտերիայում, մանր երակներում, կորոնար կամ արյունատար անոթներում: Եվ ոչ մի դեպքում չի գրանցվել բակտերիալ թոքաբորբ: Միևնույն ժամանակ՝ մահացածների 1/3-ը երիտասարդ, մարզված տղաներ էին: Չէ՞ որ ստերոիդների ու աճի հորմոնի գործածումը սովորաբար սադրում են թրոմբոզի զարգացում:

Հետաքրքիր է, որ Միլանի «Սան Ռաֆայել» հոսպիտալում արդեն հրաժարվել են հակավիրուսային կալետրայից, հակամալարիային պլակվենիլը դեռ շարունակում են օգտագործել, բայց դեղամիջոցի դրական ազդեցությունը չեն տեսնում: Հակաբիոտիկներ, եթե հարուցիչը հայտնաբերված չէ ու ապացուցված չէ բակտերիալ ախտահարումը, չեն օգտագործում: Այսինքն՝ ըստ էության բուժում են միայն հակակոագուլյանտներով: Եվ բավականին հաջող:

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս