Նոր հետազոտությունը հերքում է պարացետամոլի օգտագործման և երեխաների մոտ աուտիզմի առաջացման միջև կապը

Պարացետամոլի և երեխաների մոտ աուտիզմի առաջացման միջև կապի մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո համաշխարհային գիտական հանրությունը բուռն քննարկումներ է ծավալել այդ պնդման շուրջ։

The BMJ բժշկական ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ հղիության ընթացքում պարացետամոլի օգտագործման և երեխաների մոտ աուտիզմի կամ ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի (ADHD) ախտորոշման միջև հստակ կապ չկա: Ինչպես գրում է ABC Media-ն, այս մասին հաղորդում է  Euronews–ը։

Նոր հետազոտությունն իրականացրել են Միացյալ Թագավորության, Ավստրալիայի և Իսպանիայի խոշոր համալսարանների և հաստատությունների հետազոտողներ։

«Մենք ցանկանում էինք ուսումնասիրել բոլոր հետազոտությունները՝ հասկանալու համար, թե ինչ ապացույցներ են եղել մինչ այժմ», – ասել է Շակիլա Թանգարատինամը՝ ուսումնասիրության հեղինակներից մեկը։

Հետազոտողները վերլուծել են այս թեմայի վերաբերյալ առկա ինը համակարգված ակնարկ՝ պնդումների ընդհանուր որակը և գիտական հավաստիությունը գնահատելու համար։

Բոլոր ինը ակնարկներն էլ կապ են տեսել հղիության ընթացքում պարացետամոլի օգտագործման և երեխաների մոտ աուտիզմի կամ ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի առաջացման միջև։ Սակայն նոր հետազոտության հեղինակները պարզել են, որ այս ուսումնասիրություններից շատերը հաշվի չեն առել առողջության և կենսակերպի կարևոր գործոններ։

Ուսումնասիրությունից հետո հետազոտողները եզրակացրել են, որ առկա ապացույցները գիտականորեն բավականաչափ հիմնավորված չեն՝ ապացուցելու համար, որ պարացետամոլն է առաջացնում նշված հիվանդությունները։

Պարացետամոլը, որը հայտնի է նաև ացետամինոֆեն անվամբ, տարածված ցավազրկող է, որը վաճառվում է ԱՄՆ-ում Tylenol ապրանքանիշի ներքո: Այն հղի կանանց համար ցավազրկման և ջերմության իջեցման համար խորհուրդ տրվող առանց դեղատոմսի քիչ դեղամիջոցներից մեկն է։

Սեպտեմբերին պարացետամոլի մասին Թրամփի հայտարարությանը զուգահեռ՝ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) խորհուրդ տվեց փոխել պարացետամոլի փաթեթավորման վրա եղած պիտակները՝ նշելով «ապացույցները, որոնք ենթադրում են, որ հղի կանանց կողմից ացետամինոֆենի օգտագործումը կարող է կապված լինել նյարդաբանական հիվանդությունների, ինչպիսին են աուտիզմը և ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը երեխաների մոտ, առաջացման ռիսկի բարձրացման հետ»։

Տեսանյութեր

Լրահոս