Բաժիններ՝

Դիմակները պետք է կրել ոչ թե քթի տակից, այլ մետաղական լարը վերև՝ հպված քթի ոսկրային հատվածին և փակված ամբողջ բերանային հատվածը․Լիանա Թորոսյան

«Երբ ազատ ժամանակ է լինում՝ շրջում եմ քաղաքում, ու տեսնում եմ մեր ազգաբնակչության կողմից մասնավորապես դիմակների կրելու հետ կապված վերաբերմունքը։ Դիմակ կրելը մեկ այլ բան է, ճիշտ կրելը՝ մեկ այլ բան։ Բոլոր երկրներում արվում են այն միջոցառումները, ինչ Հայաստանում, ուղղակի այստեղ կարգապահության հարցն է։ Ականջալուր պետք է լինեն բոլոր հորդորներին»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ խոսելով Հայաստանի՝ տարածաշրջանում ամենավատ ցուցանիշ ունենալու մասին։

«Ականջալուր պետք է լինել բոլոր հորդորներին։ Եթե զգում եք, որ թույլ եք, տկար ու աշխատանքի պետք է գնաք, խնդրում եմ, որ անմիջապես տեղեկացնեք գործատուին և չհաճախեք աշխատանքի։ Աշխատանքի հաճախելիս՝ կլինի տրանսպորտում թե փակ տարածությունում, չպետք է զլանալ և դիմակներ կրել։ Դիմակները պետք է ճիշտ կրել․մետաղական լարը վերև՝ հպված քթի ոսկրային հատվածին և փակված ամբողջ բերանային հատվածը, ոչ թե կրել քթի տակից, ինչը բացարձակ արդյունավետ չէ։ Պետք է անընդհատ ձեռքերը լվալ, ախտահանել, պահպանել սոցիալական հեռավորությունը՝ մեկ ու կես մետրը՝ պարտադիր։ Քանի որ այս հիվանդությունը երբեմն  ընթանում է առանց ախտանշանների, ապա նշված կանխարգելիչ միջոցառումները պետք է անվերապահորեն իրականացնել։ Մենք կարող է վարակված լինենք, բայց  գանգատ չունենանք, ու ընտանիքում, աշխատավայրում, շրջապատում վարակենք ուրիշներին, ու դա նրանց մոտ արտահայտվի բարդ կլինիկական նշաններով, ու սա, ցավոք, ավարտվի մահվան ելքով։ Պետք է փակ տարածքներն անընդհատ օդափոխել, ջերմաչափվել, կոշտ մակերեսներն ախտահանել։ Մասսայական զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց պետք է խուսափել, քանի որ դրանք կարող են նոր օջախների ձևավորման, մահվան ելքերի արձանագրման հիմք հանդիսանալ»,- ընդգծեց ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետը։

Նշենք, որ  մայիսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 452 նոր դեպք, ապաքինվել է ևս 81 մարդ:

Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 39 է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս