Բաժիններ՝

«Թորոսյանի հայտարարությանը Վրաստանի պետական գործիչների մակարդակով արձագանքը կախված է երկրի քաղաքական գործընթացներից». Վրացագետ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ իր մոտ մի շարք հարցեր կան Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների քիչ թվի հետ կապված: Նա, մասնավորապես, նշել էր, որ Վրաստանում վարակակիրները քիչ են, քանի որ սահմանափակումներն ավելի խիստ են, քան Հայաստանում:

«Վրաստանի առողջապահական և հակահամաճարակային համակարգն էականորեն տարբերվում է մեր համակարգից ոչ լավ իմաստով. մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է»,- ասել էր Արսեն Թորոսյանը:

ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությունն անարձագանք չեն թողել Վրաստանի համապատասխան մարմինների պատասխանատուները: Մասնավորապես, Վրաստանի հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն Թորոսյանի հայտարարությունը որակել է ոչ դիվանագիտական:

«Տեսել եմ, թե ինչպես է մի քանի աղբյուրներից այդ տեղեկատվությունը տարածվում։ Դեռևս հաստատված չէ, արդյո՞ք նման հայտարարություն իրոք արվել է թե ոչ… Ես իրոք կզարմանամ, եթե նման հայտարարություն արված լինի։ Մենք շատ մոտ ժողովուրդներ ենք, հարևաններ, երկար պատմություն ենք անցել միասին։ Եվ մի փոքր անհարմար եմ զգում ասել, բայց դա ոչ դիվանագիտական հայտարարություն է, որովհետև եթե վարորդ կամ ցանկացած մարդ գալիս է վարակված, պետք է տեղյակ պահել Վրաստանին, ԱՀԿ-ին, քանի որ մենք ստորագրել ենք ԱՀԿ-ի միջազգային կանոնների տակ»,- ասել է նա։

Անդրադառնալով Վրաստանի կորոնավիրուսային վիճակագրության մասին Արսեն Թորոսյանի կասկածներին` Գամկրելիձեն հայտարարել է, որ չգիտի, թե ինչ վիճակագրության վրա է հիմնվում Արսեն Թորոսյանը։
Թե որքանով ՀՀ առողջապահության նախարարի այս անզգույշ հայտարարությունը կարող է դուրս գալ մասնագիտական բանավեճի կամ կոշտ հարցուպատասխանի շրջանակից, 168.am-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանը նախ ուշադրություն հրավիրեց մի քանի փաստի վրա. բոլոր երկրներն ինքնուրույն են, և չնայած ԱՀԿ-ի ցուցումներին, ամեն երկիր ունի իր առողջապահական համակարգը` իրականացված-չիրականացված բարեփոխումներով, այսինքն` ամեն երկիր ունեցել է իր աշխատած մեթոդները, որով սկսել է պայքարել:

«Օրինակ` հունվարի 28-ին արդեն Վրաստանում ստեղծվեց միջգերատեսչական խորհուրդ, որը սկսեց որոշ սահմանափակումներ մտցնել, զուգահեռ ՀՀ-ում էլ եղավ, բայց ամեն մի երկրում ուրույն ձևով ամեն ինչ տեղի ունեցավ. մեր մոտ Էջմիածինն էր, իրենց մոտ` Մառնեուլի շրջանը: Այսինքն` մարդկային գործոնից ելնելով և այլ հանգամանքներից, մի տեղ ստացվեց պահել վարակի տարածումը, մյուս տեղում` չստացվեց: Կարևոր է ֆիքսել, որ համեմատականը, որը փորձում են անել հայկական մամուլում, վրացականում, իրենք մի քիչ շատ են իրենց եվրոպական երկրների հետ համեմատում, մենք` տարածաշրջանային, հիմա այս դիսկուրսը խաբուսիկ է մի քիչ, ոչ այնքան ճիշտ:

Ըստ այդմ, հաշվի առնելով տարածաշրջանի վիճակը, երկու երկրների բնակչության հոգեբանությունը պետք է հաշվի առնենք, որ բոլոր տիպի հայտարարություններն ընթերցվում են, տարածվում, ձևափոխվում, կոնտեքստից դուրս են հանվում, ուստի և՛ մենք, և՛ վրացիներն այս հարցում պիտի զգույշ լինենք, հատկապես եթե գնահատում ենք անցյալը և ներկան, ցանկություն ունենք կառուցելու մեր ապագան: Այս հարցուպատասխանը, որը հնչեց Թորոսյանի կողմից, միտված էր ցույց տալուն ոչ թե, որ Վրաստանում սխալ է, այլ, թե որքանով է այս ամենը համապատասխան իրականությանն այն մեթոդների դեպքում, որոնք կան` միգուցե իրենք ինչ-որ բան չեն հաշվում, կամ թեստերը, որոնց մասին հայտարարում են, իսկ Վրաստանում խոսք գնաց, որ այն թվերը, որոնք հայտարարվում են` 45.000 թեստավորում, դրանք PCR թեստերն են, իսկ դրանից բացի հավելյալ արվել է նաև արագ թեստավորում: Ամեն դեպքում, այն ամենը, ինչ ներքին լսարանի համար է խոսվում երկու երկրում էլ, արագ սրացվում է և մամուլի միջոցով անցնում սահմանից այն կողմ»,- մանրամասնեց փորձագետը` նշելով, որ սոցցանցային մի զանգված կա Վրաստանում, որին պատրվակ է պետք, թեմա, որ թիրախավորեն ՀՀ-ը, հայերին, նրանք գտնվում են ադրբեջանական լոբբինգի, գործակալների ազդեցության տակ, ինչը տեղի ունեցավ:

Մյուս կողմից Ջոնի Մելիքյանն արձանագրեց, որ դեռևս ոլորտի ներկայացուցիչների միջև է հարցուպատասխանը: Ըստ նրա` գուցե սա դուրս գա ինչ-որ չափով մանագիտական շրջանակից այն առումով, որ քաղաքական գործիչներն անդրադառնան թեմային, իսկ պետական գործիչների մակարդակով արձագանքը կախված է Վրաստանի քաղաքական գործընթացներից:

«Այս պատմությունն ունեցավ ներքաղաքական անդրադարձ, և սա ընդդիմությանը տալիս է հնարավորություն թիրախավորելու իշխանությանը: Եթե այդ մեղադրանքների ալիքը բարձրանա, ապա կլինեն որոշ արձագանքներ Վրաստանի պետական գործիչներից: Հարցն այն է` ինչպիսին կլինի այդ արձագանքը` զո՞ւսպ, դիվանագիտակա՞ն, թե՞ ոչ այնքան: Այս դեպքում արձագանքներ կլինեն նաև ՀՀ-ից: Իմ կարծիքով, կա մոտեցում երկու կողմում էլ, որ այս հարցը փակվի և մնա մասնագիտական շրջանակում, թե նկատի են ունեցել ուրիշ բան, և ոչ թե այն, ինչ ստացվել է:

Միգուցե այս շաբաթ-կիրակի թեման մարի, քանի որ Վրաստանի ներքաղաքական օրակարգը բուռն է, հատկապես երբ կարանտինն ու պարետային ժամը հանվել է, փոխարենը կակտիվանան ընտրությունների և բարեփոխումների թեմաները: Եթե անդրադարձ լինի, այնուամենայնիվ, Թորոսյանի հայտարարությանը, կրկնում եմ` Երևանից կլինի պարզաբանում, որ հակավրացական բան չի ասվել, և մենք ուրախ ենք, որ Վրաստանում այդ վիճակն է, որը տարբերվում է հարևան երկրներից, իրենց մոդելը հետաքրքիր է: Այստեղ պետք է նշել, որ ՀՀ առողջապահական համակարգը ևս կարողանում է դիմակայել, 3000-ին հասնող բուժվող ունենք»,- եզրափակեց Ջոնի Մելիքյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս