Բաժիններ՝

Ինչպե՞ս են վարակակիրները հյուրանոցներից տեղափոխվել փաստացի բնակության վայրեր

Օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ հյուրանոցներում և հիվանդանոցներում գտնվող թեթև կամ առանց սիմպտոմների պացիենտներին կուղարկեն տուն, որպեսզի նրանք շարունակեն իրենց փաստացի ինքնամեկուսացումն առողջության առաջնային պահպանման հաստատությունների հսկողության ներքո։

Նա նշել էր նաև, որ այն քաղաքացիները, որոնց մոտ կհաստատվի կորոնավիրուս, բայց չեն ունենա հիվանդանոցային բուժօգնության կարիք, չեն հոսպիտալացվի և նորից կինքնամեկուսանան տանը։

Երեկ Հանրային խորհրդի առցանց նիստի ժամանակ Արսեն Թորոսյանը, ի պատասխան հնչող դիտարկումների՝ ասել էր.

«Ի՞նչ եք առաջարկում, ի՞նչ անենք այդ մարդկանց, ասենք՝ մի 20 հազար հոգի ո՞ւր պահենք, չկա պահելու տեղ, դրա համար ուղարկում ենք տուն։ Ավելին ասեմ՝ դրական ախտորոշումով քաղաքացիներին տուն ուղարկելն ավելի անվտանգ է, որովհետև իրենք գիտեն, որ դրական է, կպաշտպանվեն և տնեցիքին էլ կպաշտպանեն, քան թե մյուս բոլոր քաղաքացիներին, որոնք, հնարավոր է՝ դրական են, բայց չգիտեն դրա մասին, և՛ իրենց չեն պաշտպանում, և՛ վարակում են իրենց ընտանիքի անդամներին»:

Այսօր 168.am-ը խիստ հավաստի տեղեկություն ստացավ, որ Հայաստանի տարբեր հյուրանոց-մեկուսարաններից մոտ 1000 վարակակիրների արդեն ուղարկել են տուն: Տեղափոխման գործընթացից մեր աղբյուրն ուշագրավ մանրամասներ հաղորդեց:

«Մարդկանց ստիպել են ստորագրել փաստաթուղթ, որ կպահպանեն կանոնները,  բայց ինչպե՞ս, որտե՞ղ են ապրելու այդ մարդիկ, պարզ չէ. պետությունը ձեռքերը լվացել է, ինչը բերելու է ողբերգական հետևանքների՝ վարակելու են ընտանիքի մնացած անդամներին, քանի որ ոչ բոլորն ունեն մեկուսացման համար առանձին բնակարան: Շատերը հյուրանոցներից տուն են գնացել տաքսիով, կամ հարազատներն են ուղեկցել: Շատերը հյուրանոցներից լացելով էին գնում, ասում են՝ գոնե վրան կամ պալատկա տվեք՝ մի տեղ մնանք»,- պատմում է մեր աղբյուրը:

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը մեզ հետ զրույցում հերքեց լուրերը, թե մեկուսացածներին տաքսիներով են ճանապարհել, և, թե նրանցից շատերը լացելով են լքել մեկուսացման վայրերը:

«Սուտ է, որ լացելով են գնում, սուտ է, որ «պալատկաներ» են խնդրում, բայց որ դրականով դուրս են գրում՝ տանը մեկուսանալու, դա՝ միանշանակ, որովհետև երեկվանից նոր հրամանն է գործում, որ առանց սիմպտոմների քաղաքացիները տանն են մեկուսանալու: Տնից չբացակայելու մասին պարետի որոշումը ստորագրում են և պոլիկլինիկայի ուղիղ հսկողության տակ են անցնում նման քաղաքացիները (ովքեր չունեն որևիցե սիմպտոմ, գանգատ)»,- նշեց Ա. Սարգսյանը՝ մեզ անձամբ հրավիրելով տեղում ծանոթանալու իրավիճակին:

Նախարարի խորհրդականը «100 տոկոսանոց սուտ» որակեց նաև մեկուսացվածներին տաքսիներով ճանապարհելու տեղեկությունը. «Մենք դա կազմակերպում ենք շտապօգնության մեքենաներով, շտապօգնության աշխատակիցների հետ միասին.  բոլորի հասցեները՝ փաստացի բնակության հասցեները,  տրվում են շտապօգնության աշխատակիցներին»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ բոլոր նորմերը խստորեն պահպանվում են, և, եթե անգամ քաղաքացու հարազատը, չիմանալով կարգը, գալիս է նրան ուղեկցելու, զգուշացվում է. «Ասում ենք, որ՝ իրավունք չունես քո մեքենայով տեղափոխել, և պետք է գնաս շտապօգնության մեքենայի հետևից՝ մաքսիմում՝ ինչը կարող ես քեզ թույլ տալ»:

Նախարարի խորհրդականի ասածը մենք ևս կարող ենք «100 տոկոսանոց սուտ» որակել, քանի որ ինքներս գիտենք դեպքեր, երբ մեկուսարան-հյուրանոցներից մարդիկ անձամբ են տաքսիներ պատվիրել և տեղափոխվել իրենց բնակության վայրեր:

Նման իրավիճակ չի արձանագրվել «Ռեժինե» հյուրանոցում, մի քանի այլ մեկուսավայր-հյուրանոցներից խոստացան ավելի ուշ պատասխանել հարցերին: Պատասխանները ստանալուն պես՝ դրանք նույնպես կհրապարակենք:

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք: Մահացել է ևս 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 6302 է, մահացածների թիվը՝ 77:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 62 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2936, փաստացի բուժվողներինը՝ 3257: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 49080 քաղաքացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս