Արթուր Թովմասյանը հանդիպել է «Արդարություն» կուսակցության մի խումբ անդամների հետ

Այսօր՝ մայիսի 23-ին, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը «Արդարություն» կուսակցության գրասենյակում հանդիպել է Վիտալի Բալասանյանի և նրա ղեկավարած կուսակցության անդամների հետ։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը Արթուր Թովմասյանը, ողջունելով ներկաներին, հավաստիացրել է, որ ինքը՝ որպես Խորհրդարանի ղեկավար, սատարելու է «Արդարություն» կուսակցության անդամներին։

Նրա խոսքով՝ այդ քաղաքական ուժը Խորհրդարանում հանդիսանում է ընդիմադիր ուժ։

«Հանդիպելով ՀՀ խորհրդարանի ներկայացուցիչների հետ՝ ես կարծիք եմ հայտնել, որ ընդիմադիր ուժին ևս ներգրավենք Արցախ- Ֆրանսիա բարեկամության խմբի մեջ, որտեղ ներկայացուցիչ կունենան։ Ինչպես նաև Արցախ-Հայաստան միջխորհրդարանական շրջանակներում կունենա ընդիմադիր ներկայացուցիչ։ Պատվիրակությունների հետ հանդիպումների ժամանակ ևս ներկայացուցիչ կունենան»,-ավելացրեց Ա. Թովմասյանը։

Ըստ Ա. Թովմասյանի՝ հանդիպման հիմնական նպատակն ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարած հանդուրժողականության և վստահության մթնոլորտ ստեղծելու գաղափարն է։

Նա նշել է, որ ինքն անձամբ հանդիպելու է բոլոր քաղաքական ուժերի և նախագահի թեկնածուների հետ՝ քննարկելու Խորհրդարանի առաջիկա 5 տարիների անելիքները։ Խորհրդարանը 33 պատգամավորների համար պետք է լինի հավասար քաղաքական հարթակ։

Ա. Թովմասյանը քաղաքական ուժին մաղթել է ակտիվ աշխատանք և ժողովրդավար քաղաքական մոտեցումներ։

Իր հերթին «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին հանդիպման համար և շնորհավորել ԱՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ՝ մաղթելով բեղուն աշխատանք։

Վ. Բալասանյանն իր խոսքում կարևորել է իրենց կուսակցության ծրագրային դրույթները՝ առանձնացնելով Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իրենց տեսակետը։

«Մեզ համար շատ կարևոր է, որ այդ հարցին բոլոր քաղաքական ուժերը լուրջ վերաբերվեն։ Կարևոր է Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններին մասնակցելը, միջպետական պայմանագրի կնքումը Արցախի և Հայաստանի միջև և այլ հարցեր։ Հետևաբար ԱԺ-ի անելիքները շատ են ու կարևոր։ Իմ խնդրանքն այն է, որ օգնեք մեր օրենքների նախագծերն առաջ քաշենք»,-մասնավորապես ասել է Վ. Բալասանյանը։

Տեսանյութեր

Լրահոս