ԵԱՏՄ տարածքում որոշ ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը 1 տարով հետաձգելու արդյունքում՝ պարենային և արդյունաբերական նշանակության ապրանքների գինը միջինում կնվազի մոտ 3 տոկոսով. փոխնախարար
ԱԺ տարածքային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը: 2014 թվականի մայիսին Հայաստանն անդամակցելով ԵԱՏՄ-ին՝ միացավ նաև ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագներին։ Համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
«Մեր երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված՝ բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ Հայաստանը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ «ՀՀ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 4-րդ հավելվածի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսվում էր մաքսատուրքերի բարձրացում մոտ 900 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10-անիշ դասակարգմամբ ապրանքատեսակների մասով, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներն են:
Փոխնախարար Վարոս Սիմոնյանը հարկ համարեց նշելու, որ հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով:
«Արդյունքում՝ 2019թ. դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի հերթական նիստի քննարկումների արդյունքում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել է «ՀՀ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, համաձայն որի՝ վերոնշյալ պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների, ինչը ենթադրում է, որ տրանսպորտային միջոցները չեն կարող ունենալ նշված արտոնությունները»,- նշեց Էկոնոմիկայի փոխնախարարը:
Ըստ Վարոս Սիմոնյանի՝ մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի հետևյալ ապրանքատեսակների մասով՝ ընտանի թռչնի միս, խոշոր եղջերավոր անասունի սառեցված միս, արևածաղկի յուղ, մարգարին և այլն, այսինքն՝ սպառողական զամբյուղի, ինչպես նաև արտադրական նշանակություն ունեցող ապրանքները:
Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով՝ նախնական հաշվարկներով՝ արտոնությունը մեկ տարով երկարաձգելու պարագայում որոշ պարենային ապրանքների և արդյունաբերական նշանակության ապրանքների գինը միջինում կնվազի մոտ 3 տոկոսով, և ՀՀ տնտեսվարողները կտնտեսեն մոտ 30 մլն դոլար: Նշված 30 միլիոնից պետական բյուջե մտնելու է միայն 1, 22 տոկոսը: