Հայաստանում կներդրվի ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության էլեկտրոնային համակարգ
ԱԺ տարածքային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի ընդհանուր նպատակներն ու պատմությունը, նշեց, որ այն ստորագրվել է 2019 թվականի մայիսի 29-ին՝ Նուր-Սուլթանում:
«Իրականում համաձայնագիրը սկսել է քննարկվել 2017 թվականից, սակայն ստորագրեցինք 2019 թվականին: Համաձայնագրի կնքման հիմնական նպատակը հանդիսանում է ԵԱՏՄ մի անդամ պետության տարածքից մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքների շրջանառության օրինականության ապահովումը` ապրանքների հետագծելիության մեխանիզմի կիրառման միջոցով, ինչպես նաև մաքսային և հարկային վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմանների ստեղծումը` միաժամանակ ապահովելով ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների նկատմամբ հսկողությունը: Սահմանված են նաև այն դեպքերը, որոնց վրա համաձայնագրի գործողությունները չեն տարածվում, մասնավորապես՝ հետագծելիության ենթակա այն ապրանքների վրա, որոնք իրացվել են մանրածախ առևտրում: Նաև՝ ԵԱՏՄ տարածքում վերամշակման արդյունքում ստացված ապրանքների նկատմամբ և այն ապրանքների դեպքում, որոնց ներմուծումն իրականացվում է ֆիզիկական անձանց կողմից՝ անձնական նպատակով օգտագործելու համար»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահի տեղակալը:
Ըստ նրա՝ հետագծելիության համակարգը պետք է առաջին հերթին ապահովի ապրանքների հաշվառում, ավելին՝ համակարգի ներդրման հարցը քննարկելիս համոզված են եղել, որ այն Հայաստանի համար ամենադյուրինն է լինելու, քանի որ 2012 թվականից բոլոր տեսակի հաշվարկային փաստաթղթերը բացառապես դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով: Իսկ հետագծելիության համակարգը կառուցված է հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային շարժի վրա:
«Հետագծելիության համակարգը նախատեսված է ներդնել հաջորդական փուլերի միջոցով, առաջին փուլում նախատեսված է պիլոտային ծրագիրը, որի ավարտից հետո ԵԱՏՄ խորհրդի որոշումից հետո՝ 12 ամսվա ընթացքում, պետք է տեղի ունենա հիմնական ներդրումը»,- հավելեց Միքայել Փաշայանը:
Նա նաև ընդգծեց, որ, եթե այս համակարգը ներդրվի, ապա Վերին Լարսի ծանրաբեռնվածության հարցը որոշ չափով կլուծվի, քանի որ շատ ապրանքներ զննելու անհրաժեշտություն չի լինի:
Հանձնաժողովի անդամները միաձայն ընդունեցին համաձայնագրի վավերացման հարցն առաջիկա քառօրյայում քննարկելու առաջարկը: