«Գազի գնի մեջ քաղաքական գործոնը միանշանակ է». Բագրատ Ասատրյան

«Գիտեք, որ գազի գնի շուրջ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, հանձնաժողովը կքննարկի: Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով  շարունակվում են, այս պահին կոնկրետ բան, ցավոք, չեմ կարող ասել: Նաև պետք է արձանագրենք, որ նավթամթերքների շուկայի փլուզման պայմաններում մենք կարող էինք ակնկալել ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ»,- այս մասին մայիսի 16-ին հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի վերաբերյալ հարցին:

Երկու օր անց՝ Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գազի գնագոյացման վերաբերյալ նշել էր, որ  Բելառուսի և Հայաստանի գործընկերներն առաջարկում են գազի միասնական գին սահմանել, սակայն նման բան հնարավոր է՝ միասնական բյուջեով միասնական շուկա, միասնական հարկային համակարգ ունենալու պարագայում:

«Ինտեգրացիայի այդպիսի խորը մակարդակի մենք դեռ չենք հասել, բոլորս էլ դա գիտենք: Կարծում եմ, որ գազի գինն առայժմ պետք է ձևավորվի շուկայական պայմաններում»,- նշել է ՌԴ նախագահը:

168.am-ի հետ զրույցում տնտեսագետ, 1994-1998թթ. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը, անդրադառնալով գազի գնագոյացման վրա ազդող հիմնական գործոններին և այդ համատեքստում ՌԴ նախագահի հայտարարությանը, նշեց. «Ըստ էության, Պուտինի հայտարարությունը հետևյալն է՝ Եվրասիական տնտեսական միությունում դեռևս կան հարցեր, որոնք այսօր մենք չենք ուզում լուծել:

Միությունը նշանակում էր միասնական շուկայի քաղաքականություն՝ բոլոր տիպի ապրանքների և նրանց շարժի համար: Կա գազի խնդիր, որտեղ Ռուսաստանը հատուկ մոտեցում է կիրառում՝ ըստ էության ավելի քաղաքականացված մոտեցում, և Պուտինի հայտարարությունը շատ պարզ է՝ գազի մատակարարման հարցը ԵԱՏՄ ընդհանուր հարաբերությունների ենթատեքստից քննարկվող միջպետական առանձին հարաբերությունների խնդիր է:

Մենք բոլորս հասկանում ենք՝ ինչու. Գազը եղել է և այսօր էլ մնում է և դեռ մնալու է զուտ քաղաքական խնդիր, եթե ոչ՝ միջոց՝ անգամ մասնակից երկրների վրա ճնշում գործադրելու համար»:

Հարցին՝ այսինքն՝ կարելի՞ է ենթադրել, որ քաղաքական հարթության վրա միջպետական խնդիրներ կան, Բ. Ասատրյանը պատասխանեց.

«Այդ խնդիրներն այսօր չեն ձևավորվել, իշխանություններն են փոխվել, բայց հարաբերությունների որակը նույնն է մնացել:

Ես ուզում եմ հիշեցնել, որ «ՀայՌուսգազարդը» հայկական ընկերություն էր և նախորդ ռուսաստանամետ իշխանությունների օրոք մաս-մաս ինչ-որ պարտավորությունների դիմաց դարձավ 100 տոկոսով ռուսական ընկերություն:

Տնտեսական միությանն անդամակցումը ենթադրում էր, որ ավելի թափանցիկ կդարձնի  գազամատակարարման պայմանները, բայց, ըստ էության, դա տեղի չունեցավ»:

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ՌԴ նախագահի հայտարարությանը հաջորդի նաև Հայաստանում գազի գնի բարձրացումը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ուսումնասիրման փուլում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացրած հայտը, ըստ որի՝ առաջարկվում է ներքին սպառման սակագինը բարձրացնել միջին հաշվով 28 դոլարով կամ 11 տոկոսով՝ այսօր գործող 255-ից դարձնելով 283 դոլար, տնտեսագետը նշեց.

«Վաղ է նման ենթադրություններ անել, որովհետև բազմաթիվ կոմպոնենտներ կան, և պետք է խնդիրը քննարկվի, ուսումնասիրվի հանձնաժողովում, կարծում եմ՝ այն բավարար մասնագիտական կարողություններ ունի՝ հարցին լիարժեք պատասխան կտրվի»:

Ըստ նրա՝ այս հարցի շուրջ ընդհանուր դատողությունները չեն աշխատում. «Կա քաղաքական գործոն գազի գնի մեջ, այդ քաղաքական գործոնը միանշանակ է (վերջին հայտարարությունը շատ հստակ էր. ասում է՝ մոռացե՛ք: Այո, մենք միասնական տնտեսական տարածք ենք, բայց այս էներգակիրների հարցում լինելու է Ռուսաստանի քաղաքականությունը)»:

Տնտեսագետը հիշեցրեց, որ այս տարիների ընթացքում առաջին անգամ է, որ գազի գնագոյացման խնդիրը դնում է ոչ միայն Հայաստանը. «Բելառուսի հետ միասին դնելը՝ որակ է տալիս այս խնդրին, և սա, ըստ էության, Տնտեսական միության արդյունավետ լինելու-չլինելու խնդիրն են դնում առնվազն երկու մասնակից երկրները, որը, իմ կարծիքով, լուրջ տեղաշարժ է: Տեսնենք. մեծ սպասումներ չունեմ՝ արդյունքի տեսանկյունից»:

Տեսանյութեր

Լրահոս